Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՆԻՊՈՒԼՅԱՑԻԱ՝ ԹՎԵՐՈՎ

Օգոստոս 06,2011 00:00

\"\"Որպես ընտրող՝ մասնակցել եմ 2008թ. նախագահական ընտրություններին: Ընտրություններին եւ հետագա զարգացումներին հետեւել եմ ուշադրությամբ ու կարծիքս այն է, որ առաջին փուլով հաղթանակած թեկնածու առկա չէ:

ԿԸՀ-ի կողմից, սակայն, արձանագրվեց նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի հաղթանակը 1-ին փուլում, ընտրություններին մասնակցածների մոտ 53% ձայնով, ինչում, կարծում եմ, առկա է թվերի մանիպուլյացիա: Ասեմ նաեւ, որ Սերժ Սարգսյանի կողմից արված որեւէ հայտարարություն չեմ լսել այն մասին, որ ինքն այդքան ձայն է ստացել:

02.08.2011թ. հանրահավաքին թվերով մանիպուլյացիայի մասին խոսեց նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանը, որը վերաբերում է 500 000 հաշվառված, սակայն ՀՀ-ում չբնակվող անձանց:

2008թ. փետրվարյան հանրահավաքին եւս Լեւոն Տեր-Պետրոսյանն այդ մասին խոսում էր, ինչպես նաեւ հայտարարում էր, որ ինքը ստացել է ընտրություններին մասնակցածների ձայների 65-66 տոկոսը, իսկ Սերժ Սարգսյանի օգտին իրական ընտրողների քանակից մոտ 500 000 ավելի քվեաթերթիկ է լցոնվել: Վերջինի մասին առավել հանգամանալից էր խոսում Նիկոլ Փաշինյանը, հայտարարելով, որ դրա համար 400 000-500 000 անձնագիր է կեղծվել:

Կարծում եմ, որ այստեղ էլ է առկա թվերի մանիպուլյացիա: Այսպես, եթե, ըստ պաշտոնական տվյալների, ընտրությանը մասնակցել է մոտ 1 650 000 ընտրող եւ այդ թվից հանենք Լեւոն Տեր-Պետրոսյանի նշած 500 000 ձայնը, ապա կմնա 1150000 ձայն, որի 65-66%-ը հավասար է 750 000 ձայնի:

Այսպիսով, ըստ Լեւոն Տեր-Պետրոսյանի, ընտրություններին մասնակցել է մոտ 1 150 000 ընտրող եւ ինքը նվազագույնը 750 000 ձայն է ստացել: Դա նշանակում է, որ այդ տրամաբանությամբ մնացած 8 թեկնածուները միասին ստացել են ընդամենը 400 000 ձայն (1150000- 750 000=400 000), որից Արթուր Բաղդասարյանի ստացած 272 000 ձայնը, Վահան Հովհաննիսյանի՝ 100 000 ձայնը եւ մյուս թեկնածուների (բացի Սերժ Սարգսյանից) ստացած ձայները միասին կազմում են ավելի քան 419 000 ձայն, հետեւաբար, Լեւոն Տեր-Պետրոսյանի տրամաբանությամբ հաշվարկի դեպքում նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանն ընդհանրապես ձայն չի ստացել, եթե չասենք, որ մնացած թեկնածուներն էլ միասին ստացել են -19.000 ձայն, ինչը, կարծում եմ, այդպես չէ եւ արդեն Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից իրականացված թվերով մանիպուլյացիայի արդյունք է:

Նա, ի դեպ, 2008թ. նախագահական ընտրություններին վերաբերող այլ թվերի նույնպես անդրադարձավ, նշելով, որ. «Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից 2008թ. փետրվարի 19-ի երեկոյան ժամը 7-ին հրապարակված հաղորդագրության համաձայն՝ այդ պահի դրությամբ քվեարկությանը մասնակցել էր շուրջ 1 մլն 100 հազար քաղաքացի։ Մեկ ժամ անց, սակայն, հայտարարվեց, որ քվեարկողների թիվը կազմել է 1 671 000 մարդ։ Այսինքն՝ նախորդ տասնմեկ ժամերի ընթացքում քվեարկել է 1 մլն 100 հազար, իսկ վերջին մեկ ժամում՝ 571 000 մարդ, ինչը պարզապես անհնար է…» եւ իր կողմից տրված այդ տեղեկատվության վրա կառուցեց ընտրությունները կեղծված լինելու հիպոթեզը:

Չզլացողները կարող են դիտարկել լրատվական գործակալությունների կայքերում այդ ժամանակվա ԿԸՀ հաղորդագրությունները եւ կտեսնեն, որ, ըստ դրանց՝ ժամը 17:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 1 մլն 354 հազար 664 քաղաքացի կամ ընտողների 57,14 տոկոսը, իսկ ժամը 19-ի դրությամբ ընտրություններին ընդամենը 1 100 000 մասնակիցների մասին ԿԸՀ հաղորդագրություն առկա չէ:

Հ. Գ. Ակամայից հարց է ծագում. փետրվարյան եւ օգոստոսյան հանրահավաքների մասնակիցների, այդ թվում իմ առջեւ իր ելույթներում որքանո՞վ էր անկեղծ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ եթե նա իշխանական լծակների տիրապետեր, թվերով մանիպուլյացիան ի՞նչ սահմանների կհասցներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել