Լրահոս
Օրվա լրահոսը

Տարբեր, բայց ճիշտ են վճարել

Օգոստոս 06,2011 00:00

Եղեգնաձորի բնակիչ Համլետ Ղազարյանը ամառվա 3 ամիսների թոշակը տարբեր չափով է ստացել. հունիսին՝ 19 720 դրամ, հուլիսին՝ 23 955 դրամ, օգոստոսին՝ 20 325 դրամ։ Հ. Ղազարյանի ֆիքսված թոշակը 17 325 դրամ է. «Միայն 1 ամսվա ընթացքում ուշադրություն դարձրեցի, որ գրված է եղել 3000 դրամ դրամական օգնություն։ Եթե կա դրամական օգնություն, ինչո՞ւ է ամեն ամիս տարբեր չափի եւ ինչի՞ առթիվ է այդ դրամական օգնությունը»։

Այս առնչությամբ սոցիալական ապահովության ծառայությունից «Առավոտին» պարզաբանեցին, որ Հ. Ղազարյանին 1992 թ. հուլիսի 2-ին նշանակվել եւ վճարվել է այլ պետություններում զինծառայության ընթացքում ստացած հիվանդությունից 2-րդ խմբով հաշմանդամության կենսաթոշակ. «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» օրենքի համաձայն, կառավարության կողմից սահմանված բազային կենսաթոշակի չափի հիման վրա հաշվարկված նրա կենսաթոշակի չափը 2010թ. դեկտեմբեր ամսվա դրությամբ կազմել է 19720 դրամ, որին ավելացվել է 25-րդ հոդվածով նախատեսված 2-րդ խմբի հաշմանդամին հասանելիք հավելումը՝ 2320 դրամի չափով: 2011թ. հունվարի 1-ից ուժի մեջ է մտել «Պետական կենսաթոշակների մասին» նոր միացյալ օրենքը ու վերահաշվարկված Հ. Ղազարյանի կենսաթոշակի չափը կազմում է 17325 դրամ, սակայն, «Պետական կենսաթոշակների մասին» օրենքով կենսաթոշակները նշանակելուն, վերահաշվարկելուն եւ վճարելուն, ինչպես նաեւ «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» օրենքով ամենամսյա դրամական օգնություն նշանակելուն եւ վճարելուն առնչվող հարաբերությունները կարգավորելու մասին» կառավարության 2010թ. դեկտեմբերի 30-ի թիվ 1735-Ն որոշմամբ, մինչեւ 2011թ. հունիս ամիսը ներառյալ նրա կենսաթոշակը վճարվել է նախկին՝ 19720 դրամի չափով։ Այս որոշման համաձայն էլ Հ. Ղազարյանին նշանակվել է 3000 դրամ օգնություն եւ կենսաթոշակը հաշվարկվել է վերահաշվարկված 17325 դրամի չափով՝ սկսած 2011թ. հունվարի 1-ից: Այսպիսով, Հ. Ղազարյանին վճարվելիք կենսաթոշակի եւ դրամական օգնության միասնական չափը կազմել է 20325 դրամ (17325+3000), իսկ հուլիս ամսին վճարվել է հուլիս ամսվա կենսաթոշակը՝ 20325 դրամ եւ 2011 թ. հունվարից մինչեւ հունիս ամիսների ընթացքում վերահաշվարկի արդյունքում պակաս վճարված գումարը՝ 3630 դրամ, ընդամենը՝ 23955 դրամ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել