Լրահոս
Օրվա լրահոսը

Բախվել են ադրբեջանցի եւ հայ ինտելեկտուալները

Օգոստոս 06,2011 00:00

Մերոնք բոյկոտել են խաղ-մրցույթը

Հուլիսի 29-31-ը Վրաստանի Բաթում քաղաքում կայացած Հարավային Կովկասի ինտելեկտուալ խաղերի 13-րդ առաջնությունում հայկական պատվիրակության մասնակցությունը ձախողվել է ադրբեջանական պատվիրակության սադրանքների պատճառով:

Առաջնության առաջին օրը ադրբեջանցիները տեսնելով հայկական պատվիրակության անդամների շապիկները՝ հայաստանյան թիմի հովանավորի տարբերանշանի՝ «Արցախ բրենդի քոմփընի» գրառմամբ, բողոքել են խաղի կազմակերպիչներին: Բողոքը հանձն է առել ադրբեջանական արտգործնախարարությունը՝ ճնշում գործադրելով կազմակերպիչների վրա՝ հայկական թիմին արգելել այդ շապիկներով շարունակել խաղը: Չկարողանալով զսպել ադրբեջանցիների սադրանքները, հայկական թիմը հրաժարվել է խաղի շարունակությունից:

Երեկ լրագրողների հետ հանդիպմանը «Գիտակների հայկական ասոցիացիայի» նախագահ Տիգրան Քոչարյանը ներկայացրեց միջադեպի մանրամասները: Տ. Քոչարյանի խոսքով, «Արցախ բրենդի քոմփընիի» շապիկներով թիմը առաջին անգամ չէր խաղում, եւ ադրբեջանցիները առաջին անգամ չէին տեսնում այդ շապիկները. «Հայկական թիմը նույն շապիկներով խաղացել է նաեւ Իսրայելում եւ որեւէ բողոք չի եղել ադրբեջանցիների կողմից: Առաջին օրվա միջադեպից հետո հրավիրեցինք Բաթումում հայկական հյուպատոսին եւ էթիկայի հանձնաժողովին: Ի դեպ, նախքան խաղի մեկնարկը, մենք ուղարկել էինք մեր շապիկները եւ ստացել կազմակերպիչների համաձայնությունը՝ դրանցով մասնակցելու: Էթիկայի հանձնաժողովի որոշմամբ՝ մեր թիմը պետք է շարունակեր խաղը այդ շապիկներով:

Առաջնության երկրորդ օրը ադրբեջանցիները շապիկներ են պատկերել՝ «Эриванское ханство, Азербайджан since 1604» գրառումով»:

Ասոցիացիայի անդամ Լեւոն Նիկողոսյանն ասաց. «Ադրբեջանցիների գործողություններն ուղղված էին դրդելու իրավախախտումների ու բախման, սակայն մենք ավելի քաղաքակիրթ վերաբերմունք դրսեւորելով, զերծ մնացինք ավելորդ քաշքշուկից եւ հավասարակշռված վարքագիծ դրսեւորեցինք»: Տ. Քոչարյանի փոխանցմամբ, տեսնելով վերոնշյալ գրառմամբ ադրբեջանցիների շապիկները, հայերն են բողոքել էթիկայի հանձնաժողովին. «Մենք որոշեցինք, եթե ադրբեջանցիներից որեւէ մեկը այդ շապիկով նստի խաղի սեղանի շուրջ, կբոյկոտենք եւ կանենք այնպես, որ վերջին խաղը՝ բրեյն-ռինգը, չկայանա: Այդպես էլ եղավ: Ադրբեջանցիները չհասցրին իրենց ստեղծած շապիկներով խաղալ»:

Նա հավելեց, որ հայկական պատվիրակության հրաժարականից հետո խաղը շարունակվել է վրացական եւ ադրբեջանական թիմերի միջեւ, որն ավարտվել է «Սովետական Ադրբեջան» թիմի հաղթանակով. «Սա ուղղակի նողկալի է, որովհետեւ ադրբեջանական հասարակությունն ասես հիվանդ է: Ցավալի է, որ արդեն ինտելեկտուալներն են անցել ծիծաղելի նացիոնալիզմի: Հայկական պատվիրակությունը այլեւս չի մասնակցի առաջնությանը, եթե նույն ձեւաչափը պահպանվի: Իսկ հայկական թիմի հրաժարումը խաղի մասնակցությունից՝ որակազրկում է առաջնությունը, քանի որ, ըստ կարգի՝ Կովկասի տարածաշրջանի մրցույթին պիտի մասնակցեն բոլոր երկրները»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել