Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՇՈՏՅԱՆԸ ԻՐ ԴՊՐՈՑԻՆ ՈՉ ՄԻ ԿՈՊԵԿ ՉԻ ՏՎԵԼ

Օգոստոս 06,2011 00:00

\"\"Մեր բարձրաստիճան պաշտոնյաների մեծ մասը հարազատ դպրոցին չի ցանկացել օգնել

Հեռուստատեսությամբ, արտաքին գովազդներով, անգամ երթուղայիններում տեղադրված պաստառներով հայ ազգաբնակչությանը կոչ են անում այցելել www.ognirdprocid կամ www.ognirmankapartezid կայքերն ու գոնե 1000 դրամ նվիրաբերել դպրոցին կամ մանկապարտեզին: Թվում էր, թե ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, լինելով մեր երկրում կրթական համակարգի պատասխանատուն ու կառավարողը, առաջինը պետք է օրինակ ծառայեր ու իր անձնական միջոցներից մի «համեստ» ներդրում կատարեր իր դպրոցի հաշվեհամարին: www.ognirdprocid կայքի գլխավոր էջում գրված են Նժդեհի հայտնի խոսքերը, որին հաճախ մեջբերում է Արմեն Աշոտյանը. «Ոչնչացման է ենթակա այն ազգը, որը չունի ամուր, կայուն դպրոց»: Ինչպես ճշտեցինք, ԿԳ նախարարը հաճախել է Երեւանի թիվ 45 դպրոցը, որի հաշվեհամարին ոչ մի կոպեկ պարոն Աշոտյանի անունից փոխանցում չէր արվել, իսկ մյուսները ընդհանուր առմամբ օգնել են 23 հազար 200 դրամով: Ավելին, կայքում նշվում են, թե ովքեր են այդ դպրոցի հայտնի շրջանավարտները, եւ թիվ 45 դպրոցը կա՛մ պարոն Աշոտյանին հայտնի չի համարել, կա՛մ ինչ-ինչ պատճառներով մոռացել է, որ 1992 -ին պարոն Աշոտյանը ավարտել է հենց այդ դպրոցը ու նրա անունը չի հիշատակել:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հաճախել է Երեւանի Պուշկինի անվան թիվ 8 դպրոցը: Այդ դպրոցում է սովորել նաեւ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, սակայն դպրոցի տնօրենը, որպես իրենց հայտնի շրջանավարտ, զետեղել է միայն վարչապետի լուսանկարը: Ի դեպ, կառավարության ղեկավարն էլ թեկուզ 1000 դրամ նվիրատվություն չի կատարել այդ դպրոցին: Մինչ օրս Պուշկինի անվան դպրոցին օգնել են ընդամենը 19 հազար դրամով՝ անանուն ու անհայտ բարերարներ:

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը մանկապարտեզ չի հաճախել, իսկ իր հարազատ՝ Հ. Օշականի անվան թիվ 172 դպրոցին օգնության ձեռք չի մեկնել: Այս դպրոցին մինչ օրս օգնել են ընդամենը 17 100 դրամով, ընդ որում, 1600 դրամով օգնել է անանուն բարերար, որը դժվար թե նախարարը լինի:

Խանջյանի անվան թիվ 53 դպրոցի վարկանիշը բարձր է պահել գործարար Սարիբեկ Սուքիասյանը՝ փոխանցելով 10 մլն դրամ, նա նաեւ այս դպրոցի գլխավոր հոգաբարձուն է: Դպրոցի հայտնի շրջանավարտներից է նաեւ պատգամավոր Արա Սիմոնյանը, որը դեռ նվիրատվություն չի կատարել:

Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը 3 մլն դրամ փոխանցել է թիվ 128 դպրոցին եւ 1 մլն դրամ էլ՝ թիվ 7 նախակրթարանին: Մեր հարցին, թե ինչո՞ւ է քաղաքապետը մանկապարտեզին օգնել, որը, ըստ էության, օգնության կարիք չունի, որեւէ խնդիր չի նշել, չէ՞ որ Երեւանում այնպիսի մանկապարտեզներ կան, որոնք տարրական պայմաններ չունեն ու հաշվեհամարին 1000 դրամ էլ փոխանցող չկա՝ քաղաքապետարանի հանրակրթության վարչության նախադպրոցական բաժնից պատասխանել են, որ «Կարեն Կարապետյանն օգնել է այն մանկապարտեզին, ուր ժամանակին ինքը հաճախել է։ Քաղաքապետի օրինակին կարող են հետեւել Երեւանի նախադպրոցական ուսումնական հաստատաությունների նախկին սաները»։ Քաղաքապետի օրինակին հետեւել է նրա առաջին տեղակալ Տարոն Մարգարյանը, որը Ավան համայնքում գտնվող իր հարազատ՝ թիվ 177 դպրոցին նվիրատվություն է արել 1 մլն դրամ:

Շատ բարձրաստիճան պաշտոնյաներ հաճախել են ոչ թե Երեւանի, այլ մարզերի դպրոցներ ու մանկապարտեզներ: Օրինակ, սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը՝ Գավառի թիվ 1 միջնակարգ դպրոցը, էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը՝ Սյունիքի մարզի մի դպրոց, բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը՝ Եղվարդի թիվ 1 միջնակարգ դպրոցը եւ քանի որ կայքում միայն Երեւանի կրթական հաստատություններն են, դեռեւս պարզ չէ՝ նրանք իրենց դպրոցներին հիշո՞ւմ ու օգնո՞ւմ են, թե՞ ոչ: Բայց, ինչպես ասում են՝ «մարդու մտքին տեղ լինի», ցանկության դեպքում մեր պաշտոնյաները կարող էին գոնե օգնության ձեռք մեկնել Երեւանի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների թիվ 2 հատուկ դպրոցին, որը ներկայումս խիստ վերանորոգման կարիք ունի. վատ վիճակում են շենքի տանիքը, ննջասենյակները, դասասենյակները, միջանցքները, դռները, պատուհանները, իսկ դպրոցի հաշվին մինչ օրս գումար չի փոխանցվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել