Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է մամուլում տարածված այն տեղեկություններին, որ իր կինն ու երեխաները Հայաստանի քաղաքացիներ չեն: Վարչապետը տեղեկացնում է, որ իր ընտանիքի բոլոր անդամները՝ կինը եւ երեք երեխաները, ունեն ՀՀ քաղաքացիություն. «Այլ կերպ լինել չէր էլ կարող: Մեր օրենսդրության համաձայն՝ երեխան, ում ծնողները ՀՀ քաղաքացիներ են, ձեռք է բերում ՀՀ քաղաքացիություն»,- նշել է նա: Տիգրան Սարգսյանի դուստրը ծնվել է 1985-ին՝ Երեւանում: Հետագայում երկար տարիներ բնակվել է Իսպանիայում, որտեղ նրա կինը ռուսաց լեզու էր դասավանդում իսպանական առաջատար համալսարաններից մեկում: Կնոջ աշխատանքային պայմանագրի ավարտից հետո նրանք վերադարձել են Երեւան: Աղջիկը սովորել է հայկական դպրոցում, ամուսնացել է, ամուսնու հետ երեք տարի ապրել է Մոսկվայում, որտեղ ամուսինը սովորում էր ասպիրանտուրայում: Թեկնածուական ատենախոսության պաշտպանությունից հետո նրանք մշտական բնակության են վերադարձել Երեւան: Երկու տարի առաջ վարչապետին թոռնուհի են նվիրել: Տ. Սարգսյանի որդիները՝ Աբգարն ու Մարկոսը, ծնվել են Իսպանիայում: Հայաստան վերադառնալուց հետո Աբգարը Երեւանում դպրոց է գնում, իսկ Մարկոսը հաճախում է մանկապարտեզ: Վարչապետ Տիգրան Սարգսյանը պատմել է նաեւ, թե ինչպես է ծանոթացել իր կնոջ հետ: Նրանք ծանոթացել են Լենինգրադում ուսանելու տարիներին: Նրա կինն այսօր Հայաստանում զբաղվում է երեխաներով, որպեսզի որդիները ստանան հայեցի դաստիարակություն, հաճախեն հայկական դպրոց: «Վերադարձե՛ք»,- կոչ է արել վարչապետը ուկրաինաբնակ Քնարիկ Արզումանյանին, ում խնդրանքին արձագանքելով էլ իր ընտանիքի պատմությունն է ներկայացրել: