Երեկ ՀԱԿ կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը հրավիրվել էր Գյումրի՝ շիրակցի ընդդիմադիրներին, այսպես ասած, առաջին ձեռքից ներկայացնելու ընդդիմության ու իշխանության միջեւ ծավալված երկխոսության ընթացքը: Թեեւ Դավիթ Շահնազարյանը իշխանության հետ երկխոսողներից մեկն է, սակայն թերահավատորեն է վերաբերվում իշխանությունների քայլերին: Ներս մտնելուն պես՝ բանախոսը հարցրեց՝ ո՞նց եք, որին նստածներից մեկն արձագանքեց այսպես. «Մեր լավ լինելը կախված է երկխոսությունից»: Հյուրը ծիծաղելով՝ խորհուրդ տվեց հույսները չդնել երկխոսության վրա: «Իշխանությունների ներկայիս պահվածքը համարժեք չէ ստեղծված իրավիճակին, իշխանությունները շարունակում են մնալ անօրինական դաշտում, մերժում են մեր բոլոր օրինական պահանջները, չթվարկեմ՝ լավ գիտեք: Իսկ սա նշանակում է, որ երկխոսությունը իշխանությանը անհրաժեշտ է ընդամենը ժամանակ ձգելու համար: Էդ ամեն ինչը մենք շատ լավ հասկանում ենք: Իմ գնահատականով, իմ համոզմամբ՝ Հայաստանի գործող ղեկավարությունը ամբողջապես սպառել է իշխանությունը պահելու իր քաղաքական ռեսուրսը, տնտեսության այս գահավիժող իրավիճակը կանգնեցնելու ռեսուրսը, սոցիալական ահագնացող իրավիճակը կանգնեցնելու ռեսուրսը, արտագաղթը զսպելու ռեսուրսը, եւ իշխանությունը, իմ խորին համոզմամբ, այլեւս նույնիսկ որեւէ բարոյահոգեբանական ռեսուրս չունի՝ մնալու իր աթոռներին»,- ասաց բանախոսը: Նրա ասելով, ՀԱԿ-ին հաջողվեց իշխանություններին բերել քաղաքական դաշտ, այժմ էլ ամեն ինչ անելու են օրինական դաշտ բերելու համար: «Այստեղ ընտրությունը իշխանություններինն է. կամ նա կգա օրինական դաշտ, կաշխատի օրենքի սահմաններում, այդ դեպքում իսկապես հնարավորություններ կառաջանան երկխոսությունով հասնելու մեր դրած նպատակին, այսինքն՝ Հայաստանում լեգիտիմ իշխանության ձեւավորմանը՝ արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրությունների միջոցով, կամ նորից իշխանությունը պետք է հետ գնա իր բույնը՝ անօրինական դաշտում փորձելով գործել, այդ դեպքում արտահերթ ընտրությունները տեղի կունենան հասարակության եւ ժողովրդի ճնշման տակ»,- նախազգուշացրեց նա: «Առավոտի» այն հարցին, թե ինչո՞վ են վստահ, որ արտահերթ ընտրությունների անցկացման դեպքում 2008-ի նախագահական ընտրությունների սցենարը չի կրկնվի, մեռած հոգիներն ու բոլոր վարչական ռեսուրսները նորից չեն օգտագործվի, պարոն Շահնազարյանը պատասխանեց. «Լավ հարց եք տալիս, նախ՝ արտահերթ ու հերթական ընտրությունները որակապես լրիվ իրարից տարբեր են, երկրորդ՝ արտահերթ ընտրությունների պայմաններում ձեւավորվում է մթնոլորտ, որտեղ ձեր նշած կեղծարար մեխանիզմների ամբողջ բուրգի կիրառման հնարավորությունը մի քանի անգամ պակասում է, եւ երրորդ՝ շատ պարզ ասեմ՝ ե՞րբ իշխանությունները կգնան արտահերթ ընտրությունների. երբ կհասկանան, որ չգնալն ավելի վտանգավոր է՝ աչքի առաջ ունենալով Մուբարաքներ»: