Դիտեք նաեւ տեսանյութը
Ցմահ ազատազրկման դատապարտված Մանվել Հազրոյանի փաստաբան Էդմոն Մարուքյանը մտավախություն ունի, որ իր պաշտպանյալի նկատմամբ ծեծը շարունակվել է նաեւ մեկուսարանում:
ԼՂՀ Ջաբրայիլ զորամասի պահպանության տակ գտնվող առաջնային գծում 4 զինվորներին սպանելու եւ 3-ին վիրավորելու համար ցմահ ազատազրկման դատապարտված 20-ամյա Մանվել Հազրոյանի փաստաբաններ Էդմոն Մարուքյանն ու Կարեն Թումանյանը հանցագործության մասին հաղորդում են ուղարկել ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին: Փաստաբանները պահանջում են Մանվել Հազրոյանին ծեծի ենթարկելու, իսկ փաստաբան Մարուքյանի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու եւ նրա նկատմամբ բռնություն գործադրելու փաստի առթիվ ԼՂՀ Շուշիի քննչական մեկուսարանի աշխատակիցների նկատմամբ քրեական գործ հարուցել: Բացի այդ, Մանվել Հազրոյանի մարմնի վրա առաջացած բռնության հետքերն արձանագրելու նպատակով փաստաբանները պահանջում են անհապաղ դատաբժշկական փորձաքննության ենթարկել նրան:
Օրեր առաջ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Համլետ Դավթյանի նախագահությամբ Ստեփանակերտում անցկացվող դատական նիստի ժամանակ, ցմահ ազատազրկման ենթարկվելու լուրը լսելով, ամբաստանյալը կորցրել է ինքնատիրապետումն ու սեղանի վրայի «Ջերմուկ» հանքային ջրի պլաստմասսայե տարան շպրտել դատավորի ուղղությամբ: Մինչ ԼՂՀ Շուշիի քննչական մեկուսարանի աշխատակիցներից մի քանիսը վնասազերծել են Հազրոյանին՝ ձեռնաշղթաներ անցկացնելով, մյուսներն էլ դատարանում ներկա գտնվողներին դուրս են հրավիրել դահլիճից: «Տեսնեմ՝ մեկուսարանի աշխատակիցները ձեռքով, ոտքով հարվածում են պաշտպանյալիս, միջամտելուց հետո՝ նույն ագրեսիվությամբ հիմա էլ հարձակվեցին ինձ վրա, մասնավորապես Շուշիի քննչական մեկուսարանի բաժնի պետը հրելով ցանկանում էր դուրս հրավիրել»,- պատմում է Էդմոն Մարուքյանը:
Թեեւ փաստաբան Մարուքյանը չի արդարացնում իր պաշտպանյալի ծանր հանցագործությունը՝ ասելով, որ դրա համար Քրօր-ում կան համապատասխան հոդվածներ, այնուամենայնիվ, նրան խոշտանգելը, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքը օրենքով արգելված է: Նա մտավախություն ունի, որ իր պաշտպանյալի նկատմամբ ծեծը շարունակվել է նաեւ մեկուսարանում, քանի որ արդեն դատարանի բակում Մանվելի ծնողները նկատել են, որ որդուն մտցրել են մեքենան ու ծեծելով հեռացել. «Շուշիի քննչական մեկուսարանի աշխատակիցները մնում են հենց մեկուսարանում: Չի բացառվում, որ տանելուց հետո հիմա էլ այնտեղ են շարունակել անօրինական գործողությունները: Շուշիի քննչական մեկուսարանը փակ է բոլորի համար: Չկա դիտորդական խումբ, որը կարող է վերահսկել, չկան իրավապաշտպան մեխանիզմներ»:
Էդմոն Մարուքյանն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ ԼՂՀ-ում դատական նիստերն անց են կացվում առանց դատական կարգադրիչների կամ ոստիկանների ներկայության, ինչը դատավարության մասնակիցներին անվտանգության երաշխիքներ չի տալիս: «Ոչ ոք չկա, որ նման միջադեպերը կանխարգելի: Այս իրավիճակում, թեեւ ի սկզբանե անվտանգության զգացողություն չենք էլ ունեցել, այժմ արդեն ընդհանրապես կորցրել ենք այն ունենալու հույսը»:
Միակ ելքը փաստաբան Մարուքյանի համար ԼՂՀ տարածքում անցկացվող դատական նիստերը Հայաստան տեղափոխելն է: «Գործեր ունենք, որ էլի այնտեղ են քննվում, այս իրավիճակում, եթե դատավարության մասնակիցների անվտանգության պահպանման հարցը չեն կարողանա լուծել՝ կամ այդ նիստերին չենք մասնակցի, կամ պետք է դրանք տեղափոխեն Հայաստանի տարածք: Այնտեղ ամենաթողության մթնոլորտ է. ով ինչ ուզում՝ անում է»,- բացատրում է փաստաբանը՝ հավելելով, որ նման անվստահելի մթնոլորտում արդար դատաքննության մասին խոսելն անգամ ավելորդ է: