Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԴ ՆԱԽԱԳԱՀԸ ՍՊԱՌՆՈ՞ՒՄ Է, ԹԵ՞ ՀՈՐԴՈՐՈՒՄ

Օգոստոս 06,2011 00:00

Մեդվեդեւի հարցազրույցի հայաստանյան արձագանքները

\"\"Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը «Էխո Մոսկվի» ռադիոկայանին, Russia Today եւ «Առաջին կովկասյան» հեռուստաալիքներին տված հարցազրույցում ԼՂՀ հարցի կարգավորման վերաբերյալ հարցին պատասխանել է. «Գիտեք, երբ դա (2008 թվականի ռուս-վրացական պատերազմը- Ն. Գ.) տեղի ունեցավ, երկու ղեկավարները՝ ե՛ւ նախագահ Ալիեւը, ե՛ւ նախագահ Սարգսյանը, եղան հենց այստեղ՝ Սոչիում: Գիտե՞ք, թե նրանք ինչ ասացին ինձ: Ասում են՝ վատ է, իհարկե, որ այդ ամենը տեղի ունեցավ, Կովկասի համար դա ծանր բան է: Բայց գիտե՞ք, մեզ համար դա որոշակի դաս է՝ որ ավելի լավ է վարել անվերջ բանակցություններ այն մասին, թե ինչ ճակատագիր է սպասում Լեռնային Ղարաբաղին, կլինի՞ արդյոք այնտեղ երբեւէ հանրաքվե, ինչպե՞ս մենք պատրաստենք խաղաղ պայմանագիրը, քան անցկացնել այդ հինգ պատերազմական օրը: Դա նրանց համար շատ լուրջ դաս էր»: Ռուսաստանի նախագահի արտահայտած այս մտքերի առիթով երեկ «Առավոտը» «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանից հետաքրքրվեց՝ իր կարծիքով, ի՞նչ է ցանկացել Մեդվեդեւը հասկացնել Հայաստանի եւ Ադրբեջանի իր գործընկերներին: Ըստ տիկին Ալավերդյանի, Ռուսաստանի նախագահը թերեւս շեշտել է, որ պետք է շարունակել խաղաղ բանակցային գործընթացը: «Ադրբեջանի կողմից առկա ռազմական հռետորաբանությունը, դրա նկատմամբ Արեւմուտքի զիջողական մոտեցումը չեն բացառում, որ մի օր կհատի նաեւ հայերի, պատերազմում հաղթած մարդկանց խմբերի, միավորումների համբերությունը»,- ասում է մեր զրուցակիցը՝ Մեդվեդեւի ուղերձն առավել հանրամատչելի բացատրելով. «Համբերությունը կյանք է, եւ պետք է համբերությամբ վարել այդ բանակցությունները»:

Հարցն այս համատեքստում մեկնաբանեց նաեւ ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը. «Ռուս-վրացական պատերազմը բավականին մեծ փորձություն էր կողմերի համար. կարծում եմ՝ հենց այդ իրողությունն է փորձել արձանագրել ՌԴ նախագահը եւ փաստել, որ խնդիրները չպետք է փորձել լուծել ուժի կիրառմամբ: Թեեւ չեմ բացառում, որ ենթատեքստում Մեդվեդեւը կարող է ունենալ այնպիսի հղումներ, որոնք ԼՂՀ կարգավորման այսօրվա մեթոդաբանության մեջ չեն տեղավորվում»:

Այլ տեսակետ ունի իրավաբանական գիտությունների թեկնածու Արթուր Ղազինյանը, որը նույն հարցազրույցի վերաբերյալ Facebook-ի իր էջում գրում է. «ՌԴ նախագահը Հայաստանին եւ Ադրբեջանին սպառնում է պատերազմով՝ հանգուցալուծման գնալու դեպքում: Ռուսաստանը սկսում է ցույց տալ իր իրական դեմքը, ինչը լրջագույն ու գերվտանգավոր մարտահրավեր է Հայաստանի ինքնիշխանությանն ու անկախությանը»: Այս թեմայի ցանցային քննարկման մասնակիցներից «Առնո Կուռը» գրում է. «Ուշադիր նայեք էն երկրներին, որոնք գրավվել են Ռուսաստանի կողմից, բոլորն անխտիր մի ընդհանրություն ունեն՝ չունեն լեզու, կորցրել են՝ չեչեններ, թաթարներ, օսեր… ու միշտ ռուսները փորձել են ոչնչացնել այլ լեզուները՝ փակելով դպրոցները: Էս մեր խորաթափանց դիվանագետները իրենց ոտքով գցում են հայ ժողովրդի կործանման հիմքերը՝ դպրոցները վերաբացելով ու էս ազգակործան միգրացիոն գրասենյակներ ուղարկելով ժողովրդին»:

Հետաքրքիր է, որ այս հարցազրույցի ի հայտ գալուց հետո Կրեմլի մամուլի գրասենյակը հաղորդագրություն տարածեց, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը օգոստոսի 9-ին աշխատանքային այցով կգա Սոչի: Այցը կկայանա Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հրավերով: Իսկ թե ինչ թեմաներ են քննարկվելու Մեդվեդեւ-Ալիեւ հանդիպմանը, ինչ «դասեր» է տալու Մեդվեդեւն Ալիեւին՝ հայտնի չէ: Հայտնի չէ նաեւ՝ Ալիեւի այցից հետո նախատեսվո՞ւմ է Սերժ Սարգսյանի այցը Սոչի, թե՞ ոչ:

Նույն հարցազրույցում խոսելով վրաց-օսական-աբխազական կոնֆլիկտի հանգուցալուծման հնարավոր այլ տարբերակների մասին՝ Մեդվեդեւը նկատում է. «Կարող է պատահել՝ ի հայտ գա ինչ-որ համադաշնություն»: Լարիսա Ալավերդյանից «Առավոտը» հետաքրքրվեց՝ այդ տարբերակը կարո՞ղ է կիրառվել Ղարաբաղի պարագայում: Նրա կարծիքով՝ 1992-ին կարող էր. «Բավականին ծանր օրեր ապրեց Շահումյանի շրջանը, եւ այդ էջը մինչ այսօր պղտոր մնաց, Մարտակերտից տասնյակ հազարավոր փախստականներ ունեցանք: Ընդամենը երեք օր, բայց մենք Հայաստանում ունեցանք վրանային քաղաք կոչվածը: 1992-ի դեկտեմբերին Ստոկհոլմում ես զրույց եմ ունեցել Ադրբեջանի այն ժամանակվա արտգործնախարարի հետ՝ ասելով, որ ճիշտ է դադարեցնել այս վիճակը, եւ միանգամայն կիրառելի է կոմպրոմիսային տարբերակը՝ համադաշնություն: Նա ասաց՝ ինձ քարերով կսպանեն, եթե ես այդ միտքն օգտագործեմ՝ անգամ հղում անելով որեւէ մեկին: Այսինքն՝ այդպիսի պահ գոյություն ուներ, երբ դեռ չէր թափվել մնացած արյունը, բայց հիմա ես չեմ կարծում, որ Ադրբեջանի հասարակությունը, որը դաստիարակված է Ալիեւ կրտսերի ավելի քան անգրագետ եւ սադրիչ քաղաքականությամբ, պատրաստ է համադաշնության որեւէ քայլի»: Մյուս կողմից էլ՝ տիկին Ալավերդյանի համոզմամբ, նաեւ Արցախը դրան պատրաստ չէ: Նա հիշում է, թե այդ տարիներին ինչպես էին ձախողվել պատերազմը կանգնեցնելու բոլոր փորձերը, ինչպես էին ադրբեջանցիները ձգտում հաղթանակի՝ հայերին ու հայկական պատմական հողերը ոչնչացնելուն. «Արցախը հիմա պետք է պահանջատիրությամբ հանդես գա: Պետք է պատժվեն այն բոլոր անձինք, ովքեր այդ քաղաքականության հեղինակներն են եղել, եւ ովքեր իրականացրել են մարդկության դեմ հանցագործություններ: Այն գազանությունների եւ վայրագությունների համար, որ իրականացրել են ադրբեջանցիները, պետք է պատիժ կրեն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել