Ընդդիմադիր գործչի համոզմամբ՝ աշխարհում ամենամեծ Ազգային կոնգրեսը Հնդկաստանում է եղել, բայց այնտեղ էլ այնպիսի հաջողությունների չեն հասել, որոնց հասել է Հայաստանի Կոնգրեսը:
Հաջորդ շաբաթ, երեքշաբթի օրը, տեղի կունենա Հայ ազգային կոնգրես-իշխանական կոալիցիա բանակցությունների շրջանակում արդեն չորրորդ հանդիպումը, որտեղ, ինչպես ակնկալվում է, արդեն ըստ էության է քննարկվելու ՀԱԿ-ի առաջարկած օրակարգային հարցը՝ արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների անցկացում եւ դրանց արդար ու օրինական անցկացման համար անհրաժեշտ միջոցառումների ապահովում: Բանակցող կողմերից երկուսն էլ՝ պատվիրակությունների անդամների մակարդակով, բոլոր երեք հանդիպումներից առայժմ գոհ են: Իսկ գո՞հ են արդյոք ՀԱԿ-ին մաս կազմող ուժերը: Երեկ «Առավոտը» զրուցեց ՀԱԿ-ին մաս կազմող «Հայրենիք ու պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանի հետ: Վերջինս, որ ՀԱԿ քաղխորհրդի անդամ է, նախ՝ արձանագրեց, որ ՀԱԿ-ի նախաձեռնած երկխոսությունն ու այն, ինչին այսօր ականատես է մեր հասարակությունը, 20-21-րդ դարերի ընթացքում աշխարհի կտրվածքով աննախադեպ եւ դրական երեւույթ է, որը «որեւէ հասարակությունում տեղի չի ունեցել». «Սա կլասիկ տարբերակ է եւ դրական իմաստով կմնա պատմության մեջ՝ որպես քաղաքական գործընթաց: Սա Կոնգրեսի եւ հիմնականում Լեւոն Տեր-Պետրոսյանի աշխատանքի արդյունքն է: Եթե նա չստանձներ այդ գործն ու այսպես հանգիստ առաջ չտաներ՝ չեմ կարծում, թե որեւէ այլ մեկը կարողանար հասնել այս հաջողությանը»: Իսկ թե ո՞րն է արդեն արձանագրված հաջողությունը՝ Գ. Մարգարյանը մանրամասնեց՝ ՀԱԿ-իշխանություն բանակցությունների արդեն երկրորդ հանդիպման ժամանակ իշխանության պատվիրակության կողմից բանակցությունների օրակարգում արտահերթ ընտրությունների անցկացման հարցը հաստատելն ու այն քննարկելը. «Արդեն իսկ ընդունելը պարզորոշ ցուցադրում է, որ իշխանությունն ի վիճակի չէ այսպես շարունակել, որովհետեւ խնդիրն արդեն երկրի լինել-չլինելուն է վերաբերում»: Ընդդիմադիր գործիչը միաժամանակ նկատեց, թե իշխանությունները հետեւում են աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին, մասնավորապես՝ հյուսիս-աֆրիկյան երկրներում, տեսնում են, որ նույնիսկ Եգիպտոսի նախագահ Մուբարաքի վաստակն ունեցող մարդկանց են պատգարակով դատարան տանում՝ պատասխանատվության ենթարկելու համար, եւ հիմա Սերժ Սարգսյանը, Գ. Մարգարյանի դիտարկմամբ, «կարծես թե ընտրել է խաղից դուրս գալու մեղմ, խաղաղ ճանապարհը»: Այսինքն՝ ՀԱԿ-ի օրակարգային հարցը բանակցությունների առարկա դարձնելն ինքնին ենթադրում է, որ իշխանություններն ընդունե՞լ են արտահերթ ընտրությունների ճանապարհով գնալու ՀԱԿ-ի առաջարկը: Արձագանքելով մեր այս հարցին՝ կուսակցության նախագահը կարծիք հայտնեց, թե ՀԱԿ-ի օրակարգային հարցը իշխանության կողմից բանակցողները չէ, որ ընդունել են, այլ՝ Սերժ Սարգսյանը, որի ասածն իրենք ընդամենը կենսագործող են, եւ հավելեց. «Եթե նա (Ս. Սարգսյանը) ասած չլիներ, որ գնալու ենք արտահերթ ընտրությունների՝ այդ օրակարգը չէր ձեւավորվի, չէ՞»:
Իսկ գուցե իշխանություններն այդ օրակարգը ընդունել են ընդամենը բանակցելու իմիտացիա ստեղծելու, ժամանակ ձգելո՞ւ համար: Ի վերջո, ՀԱԿ վերջին հանրահավաքում նման տեսակետներ հնչեցրին նաեւ Կոնգրեսի ներկայացուցիչները՝ ասելով, թե իրենք իշխանությունների՝ երկխոսելու անկեղծությանը այնքան էլ չեն հավատում, որ դա բլեֆ է եւ այլն: «Ես ունեմ իմ սեփական տեսակետը եւ դրա մասին, պատվիրակությունների առաջին իսկ հանդիպումից հետո, նաեւ ՀԱԿ քաղխորհրդում եմ ասել. Կոնգրեսը պետք է պատրաստ լինի նաեւ այդպիսի զարգացումների՝ երբ իշխանությունը փորձելու է ժամանակ շահել, ձգձգել բանակցություններն ու հասցնել տարեվերջ, որից հետո էլ ասել, թե մի երկու ամսից խորհրդարանական ընտրություններ են լինելու: Սրան էլ պետք է պատրաստ լինել»,- ասաց Գ. Մարգարյանը: Իսկ ի՞նչ ասել է՝ պատրաստ լինել: Ըստ վերջինիս, նկատի ունենալով Լ. Տեր-Պետրոսյանի հայտարարությունը՝ սեպտեմբերին արտահերթ գործընթացները սկսել եւ ավարտել այն հոկտեմբերին, պետք է պատրաստել ՀԱԿ անդամներին, քաղաքական ուժերին, ժողովրդին եւ նրա ճնշման տակ ստիպել ու պարտադրել հրաժարական տալ ու արտահերթ ընտրություններ անցկացնել: Իսկ սա միանգամայն հնարավոր է:
Գ. Մարգարյանն էլ համոզմունք հայտնեց, որ առավելագույնը մինչեւ տարեվերջ Հայաստանում արտահերթ նախագահական ընտրություններ են լինելու. «Ես ոչ միայն այդ կարծիքին եմ, այլեւ մեզնից՝ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, անհատ պիտի իր նպաստը բերի այդ գործին, որովհետեւ խոսքը մեր ազգային անվտանգության, լինել-չլինելու խնդիրն է: ՀԱԿ-ի հանրահավաքում Տեր-Պետրոսյանն իր ելույթում ասաց, որ երկխոսության համար տրված վերջնաժամկետը սեպտեմբերն է, որից հետո հետագա քայլերը կտանեն որոշակի զարգացումների, որոնք ցանկալի չեն: Նա բազմիցս է ասել, որ մեր երկրին ցնցումներ պետք չեն, բայց իրավիճակն աղետալի է՝ մենք լրջագույն դեմոգրաֆիկ խնդիր ունենք, ուստի՝ ՀԱԿ-ը իրավիճակը փոխելու համար ամեն ինչի պիտի գնա, եւ դա արդարացված է: Իշխանափոխության, լեգիտիմ իշխանություն ձեւավորելու՝ երեք տարի առաջ ՀԱԿ-ի ընդունած հռչակագրի առաջին կետը՝ սահմանադրական կարգի վերականգնում, պետք է իրագործել, եթե չարեցինք՝ մեր ժողովրդի, պատմության, ապագա սերունդների առաջ կմնանք հանցագործ իշխանությունների կողքին»: