Երեւանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար Հարություն Թոփիկյանի դիտարկումները:
«Հոբելյաններ նշել չեմ սիրում… այս առիթով նախընտրում եմ մտերմիկ տոնախմբությունները, իսկ հանդիսավոր նշվող հոբելյանները հաճախ վերածվում են ակնկալիքների փաթեթի, երբ հոբելյարը սպասում է ուղերձներ, պարգեւներ, պատվավոր կոչումներ եւ այլն». այսպես սկսվեց «Առավոտի» զրույցը Երեւանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար Հարություն Թոփիկյանի հետ, ով վերջերս Կամերային երաժշտության տանը նշեց երգչախմբի հիմնադրման 15, ծննդյան 60 եւ ստեղծագործական գործունեության 40-ամյակները:
Մաեստրոն մշակույթի նախարարության կողմից, բայց ոչ անձնապես նախարարի ձեռամբ, ստացավ վարդեր եւ նախարարության ոսկե մեդալ: Իհարկե, արվեստագետների եւ արվեստասերների ցանկությունը կլիներ, եթե հայ երգչախմբային արվեստի ճանաչված գործիչներից մեկը՝ Հ. Թոփիկյանը, ով ժամանակին կոմպոզիտոր Էդգար Հովհաննիսյանի հետ հիմնեց ռադիոյի կամերային երգչախումբը, գնահատվեր ըստ արժանվույն՝ ստանալով պատվավոր կոչում:
Երեւանի պետական կամերային երգչախումբը ժամանակին ստեղծվեց Կոմիտաս կատարելու եւ պրոպագանդելու նպատակով: «Այն տարիներին թվում էր՝ առաջնայինը աշխարհով մեկ Կոմիտաս տարածելն է, մինչդեռ մեր իրականության մեջ հոգեւոր անկումը փոխեց տեղը, առաջնայինը հենց մեր երկրում կոմիտասյան ստեղծագործությունների տարածումն է»,- նշեց խմբավարը: Նա իրավացի է: Ու մեզ թվում է, թե Կոմիտասը լիարժեքորեն ներկայացվում ու մատուցվում է: Մինչդեռ անվերջորեն տարածվող եւ լայն ընդունելության արժանացող արաբա-թուրքական ելեւէջներով կլկլացող իբր հայկական երաժշտությունը ապացույցն է այն բանի, որ վարդապետը դեռեւս իր արժանի տեղը չի գրավել մեր երաժշտական ընկալումների համապատկերում: Իրեն նվիրելով Կոմիտասին եւ ազգային երգչախմբային արժեքներին, Հ. Թոփիկյանը տարիներ առաջ ներկայացնելով սեփական ծրագիրը՝ արժանացել էր երջանկահիշատակ Գարեգին Ա-ի հովանավորությանը, վերջին տարիներին էլ երգչախումբը գործում էր Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո, ինչի արդյունքում իրականացվեցին կոմիտասյան աշխարհիկ խմբերգերի ձայնագրությունները՝ CD-ների տեսքով եւ 20-21-րդ դարերի հայ խմբերգային ծավալուն ծրագիրը: Ի դեպ, երգչախմբի արվեստով հիացել են եվրոպական մի շարք երկրներում, իսկ աշխարհահռչակ Վալերի Գերգիեւը 3 անգամ կոլեկտիվին հրավիրել է մասնակցելու իր կողմից հիմնադրված եւ անցկացվող հարության փառատոներին:
Դիտարկմանը, թե մեզանում շատ չե՞ն պետական երեք կամերային երգչախմբերը, մանավանդ որ, օրինակ՝ «Հովերի» դեպքում դրսեւորվեց խտրականություն, երբ վերջինիս աշխատակիցների աշխատավարձերն շուրջ 3 ամիս առաջ վերանայվեցին եւ բարձրացվեցին: «Կամերային երգչախմբերի գոյությունը միանշանակ շռայլություն չէ: Գուցե շռայլությունն այն է, որ այս փոքր պետության մեջ պահում ենք ակադեմիական կապելլա… Անցյալ տարի 3 երգչախմբերն ապացուցեցին, որ կարող են իրենց վրա վերցնել նաեւ ակադեմիական երգչախմբի գործառույթը՝ իրականացնելով Բեթհովենի «Միսսա Սոլեմիա» մեծակտավ գործը»,- ասում է մաեստրոն: Խոսք գնաց նաեւ երգչախմբի ոչ հաճախակի հայաստանյան ելույթների մասին: Այս առիթով մեր զրուցակիցն ասաց. «Վերջին շրջանում, երբ 6 կոլեկտիվ (Ռ. Մլքեյանի, Ս. Հովհաննիսյանի, Հ. Թոփիկյանի երգչախմբերը, Կամերային նվագախումբը, «Տաղարան» եւ Մենակատարների անսամբլները) ընդգրկվեց Ազգային կամերային երաժշտական կենտրոնում, հարց դրվեց մեր առջեւ, որ յուրաքանչյուր երեքշաբթի եւ հինգշաբթի պետք է, հերթափոխելով միմյանց, համերգ տանք Կամերային տանը: Այսպիսով ստացվում է՝ տարեկան 8 համերգ, գումարած՝ մասնակցություն տարբեր միջոցառումներին»: