Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ՉԱՐԵՆՑԻՆ ՉԻ ՍԻՐՈՒՄ

Օգոստոս 05,2011 00:00

\"\"Վերջերս հանդիպելով Հայոց լեզվի, գրականության եւ հայագիտական գիտելիքների համահայկական 5-րդ օլիմպիադայի մասնակիցներին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոստովանել է, թե սիրում է Նարեկացի, Քուչակ, Չարենց եւ Սեւակ: Լավագույն բանաստեղծություններից մեկն էլ երկրի նախագահը համարում է Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանին»: Ի տարբերություն ՀՀ նախագահի, Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը, հավանաբար, Չարենցին չի սիրում: Այլապես, նրա թողությամբ ու կարգադրությամբ չէին հատվի 2012-ին գրքի մայրաքաղաք հայտարարված Երեւանում գտնվող Ե. Չարենցի տուն-թանգարանի հարեւանությամբ հիմնադրված պուրակի բոլոր ծառերը: Երեկ, մեր այցելության պահին, բեռնատար ավտոմեքենան տանում էր հատված ծառերը: Մնացել էր միայն Չարենցի ծննդավայրից բերված եղեւնին, որը 2005-ին մի խումբ \"\"մտավորականներ տնկել էին Կարսից բերված հող ու ջրով: Թանգարանի տնօրեն Լիլիթ Հակոբյանը «Առավոտին» հայտնեց, որ առավոտյան իրեն է մոտեցել մի երիտասարդ, իբր կարծիք հարցնելու, թե չարենցյան եղեւնի՞ն ուր տեղափոխեն: «Ո՞ւր պիտի տեղափոխենք եղեւնին, հո թանգարանի պատշգամբում չե՞նք տնկելու, չէ՞ որ Չարենցը գերեզման չունի, սեփականություն չունի, տուն չունի»,- ասում է Հակոբյանը: Տնօրենի հավաստմամբ, երկու օր առաջ էլ քաղաքապետ Կարեն Կարապետյանն է շրջել տարածքում ու չի էլ բախել իրենց թանգարանի դուռը: Չարենցի արվեստի երկրպագուներից մեկն էլ տիկին Հակոբյանին ասել է, թե Չարենցի հանդեպ 37 թիվը դեռ շարունակվում է: Հատված ծառերի տեղում, Լ. Հակոբյանի տվյալներով, ավտոմայրուղի է լինելու, որը, ըստ իր հայթայթած նախագծի, տառացիորեն անցնելու է թանգարանի մուտքի մոտով: Ի դեպ, թանգարանի տնօրենը գրություն է ուղարկել քաղաքապետարան եւ պատասխան չի ստացել: Լ. Հակոբյանը վիրավորված է. 2012-ը հոբելյանական է Չարենցի համար. լրանում է նրա ծննդյան 115-ամյակը, մահվան 75-րդ տարելիցը եւ գրական գործունեության 100-ամյակը: Փաստորեն, հոբելյանն ոտք ենք դնում գերեզման չունեցող բանաստեղծի հանդեպ կոպիտ ոտնձգություններով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել