Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՏԱԽԱԶԻ ՕԳՆԱԿԱՆԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԲՈՂՈՔԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ

Օգոստոս 05,2011 00:00

\"\"Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի եւ ՀՀ քրեական գործերով վերաքննիչ դատարանի դատավճիռներով 9 տարվա ազատազրկման դատապարտվեց ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի օգնական Մհեր Բաղդասարյանը:

Նա մեղադրվել էր տուժող Շավարշ Ղարիբյանին ազատությունից զրկելու, նրա նկատմամբ սպանության փորձ կատարելու, ավազակային հարձակման համար: Մհերի պաշտպանական կողմը պնդում է, որ վեճ է տեղի ունեցել բնակարանը կորցնելու խնդրի հետ կապված, որ Մհերը 135 000 դոլար պատրաստել է վճարել Շավարշին, բնակարանը վերադարձնելու համար: Սակայն Շավարշը նաեւ հավելավճար՝ 50 000 դոլար է ցանկացել, ինչն էլ դարձել է միջադեպի առիթ:
Երեկ Մ. Բաղդասարյանի պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Հովհաննես Հարությունյանը, որը նախաքննության վերջին փուլում է ներգրավվել՝ որպես պաշտպան, «Առավոտի» հետ զրույցի ժամանակ ասաց, որ դիմելու է ՀՀ վճռաբեկ դատարան:
– Ի՞նչն եք բողոքարկելու:
– Մ. Բաղդասարյանը մեղադրվեց մարդուն առեւանգելու, նրան բռնության ենթարկելու համար:
Կատարվածը նրա նկատմամբ ակնհայտ պատվեր է:
Իմ պաշտպանյալը անմիջապես դեպքից հետո չի կարողացել համարժեք ռեակցիա տալ, չի մտածել, որ գործը նման զարգացումներ կունենա: Նա էլ ստացել էր քթոսկրի կոտրվածք, ուղեղի ցնցում եւ պառկել է հիվանդանոցում: Վրդովեցուցիչ էր այն, որ միջադեպից հետո, երբ դեռ ոչինչ պարզ չէր, այն հասարակական հնչեղություն է ստացել: Ընդ որում՝ հեռուստատեսությամբ: Հնչել է ԶԼՄ-ներից մեկով՝ «Գլխավոր դատախազի բանդան» խորագրով, եւ, բնականաբար, որպեսզի շահարկումներ չլինեին, վախենալով տուժող Շավարշ Ղարիբյանի շանտաժից, իմ պաշտպանյալի վրա մեղսագրել են շատուշատ բաներ: Քրեական հետապնդումն իրականացնողները չնայած համոզված էին, որ մեր փաստարկները արժանահավատ են, սակայն կաշկանդված էին:
– Ի՞նչ զարգացումներ եք տեսնում:
– Խիստ խեղաթյուրված փաստերը, գործի համար էական նշանակություն ունեցող հանգամանքներին, ապացույցներին ընդհանրապես չանդրադառնալը, գնահատական չտալը ստիպում է բողոքարկել:
Եթե վճռաբեկը խիզախություն ունենա՝ բեկում կարող է լինել այս գործում: Չնայած հակված չեմ մտածել, որ մեր դատական համակարգն անկախ է։
Իմ պաշտպանյալը մեղադրվում է ծանր եւ առանձնապես ծանր հանցագործության մեջ, գումարած նաեւ մարմնական վնասվածք հասցնելը: Բաղդասարյանը մեղադրվում է սպանության փորձի մեջ, եւ նրան մեղադրանք է առաջադրվել շահագրգիռ անձի՝ տուժողի ցուցմունքների հիման վրա: Վերջինիս ցուցմունքները գնահատել են արժանահավատ, իսկ իմ պաշտպանյալինը՝ ոչ: Թե ինչու արժանահավատ չեն՝ չի ասվում: Դա հնարավոր է բոլոր ապացույցների համադրմամբ, հետազոտմամբ եւ վերջնական ներքին համոզման գալու միջոցով: Ունենք մի ապացույց, որը ձեռք բերելու համար պետք էր դատարանի որոշումը: Իմ պաշտպանյալը ցուցմունք տվեց, թե հիշում է, որ անցյալ տարվա հուլիսի 17-ին դեպքի վայրում՝ Սեւան-Երեւան ճանապարհին, «Թեյարան» կոչվող տարածքում մուգ գույնի «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա է եղել: Նախաքննական մարմինը սկսեց այդ ապացույցի ձեռքբերման ուղղությամբ աշխատանքներ տանել: Ստացվեց ամբողջ ցուցակը՝ 1200 մեքենա էր ներկայացվել (15 թվով սկսվող): Համոզված էինք, որ երբ կնեղանա այդ ցուցակը, կդառնա մոտ 40-50, կկարողանայինք ճշտել, թե որ ավտոմեքենան էր գտնվել դեպքի վայրում:
Հանկարծ քննիչը հրաժարվեց այդ գործողությունները կատարել: Առանց գնահատման մեղադրանք առաջադրվեց սպանության փորձի համար: Սա այն դեպքում, երբ տուժողի ցուցմունքով՝ ինքը տեղանքը պատկերացնում է շատ լավ, մեքենայով հայտնվել է անդունդի եզրին: Նա սպանության փորձի իմիտացիա է ստեղծել: Իսկ իմ պաշտպանյալն էլ պնդել էր, որ թեք ճանապարհ չի եղել, մեքենան չէր կարող գլորվել, շարժվել, խորդուբորդ ճանապարհ էր: Մեծ չարչարանքներով ճշտեցի, որ «Մերսեդեսի» վարորդը գտնվում էր Վրաստանում եւ միջնորդեցի, որպեսզի նրան հրավիրենք: Սակայն այս միջնորդությունը մերժվեց: Այդ մարդը կարող է գալ, ասել, որ իսկապես մեքենան կանգնած է եղել անդունդի եզրին, կամ՝ հակառակը: Մհեր Բաղդասարյանին դատապարտել են ազատազրկման ավազակության համար՝ դարձյալ իրարամերժ ցուցմունքների հիման վրա: Տուժողը ցուցմունք էր տվել, որ երբ գտնվել է սենյակում, հանկարծակի մտել են Մհերն ու նրա բարեկամ Գրիշան, ատրճանակով հարվածել են գլխին, ծեծի են ենթարկել, մերկացրել են իրեն եւ գրպանից հանել 90-100 000 դրամ: Գրպանում թողել են 7-8000 դրամ: Ապացույցների ճնշման տակ հիմնավորվեց, որ տուժողը, մինչ Մհերենց գնալը, գտնվել է կիսամերկ վիճակում: Նա փոխել է ցուցմունքը, ասելով, որ գումարը վերցրել են առավոտյան, երբ ձեռնաշղթաները հանեցին եւ թույլ տվեցին, որ հագնվի… Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներից մեկն ասում է, որ եթե ապացույց են հանդիսանում միայն գործով շահագրգիռ անձի՝ տուժողի ցուցմունքները, որոնք այլ ապացույցներով հիմնավորված չեն, ապա դա չի կարող հիմք հանդիսանալ անձին հանցագործության մեջ մեղադրելու համար:
Վճռաբեկից ակնկալում եմ, որպեսզի ավազակային հարձակման, սպանության փորձ դրվագների մասով կարճվի այս պատվիրված գործը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել