Լրահոս
Օրվա լրահոսը

ՎՃԻՌ՝ «ԳԼՈԲԱԼ ԳՈԼԴԻ» ՍՐՏՈՎ

Օգոստոս 05,2011 00:00

\"\"Հուլիսի 27-ին վարչական դատարանում վերջապես ավարտվեց «Գլոբալ գոլդն»՝ ընդդեմ պետռեգիստրի դատական գործընթացը:

Մոտ 10 ամիս դատական նիստերը տարբեր պատճառներով եւ միջնորդություններով ձգձգվում էին: Հիշեցնենք, որ «Գլոբալ գոլդը» պետռեգիստրին մեղադրում է ապօրինի կարգով հայաստանյան «Մարջան մայնինգ» ընկերության 100% բաժնեմասը «Կալդերա ռեսուրսիզի» անունով գրանցելու մեջ եւ դատարանից պահանջում էր ամբողջությամբ անվավեր ճանաչել գործարքը:
«Գլոբալ գոլդի» հայաստանյան ընկերության տնօրեն Աշոտ Պողոսյանը մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ այս դատական նիստում էլ, որը տեւեց մոտ 2 ժամ, 3-րդ կողմը կրկին փորձում էր հետաձգել եւ 6 անգամ տարբեր միջնորդություններ է ներկայացրել: Ա. Պողոսյանի պատմելով, պատասխանող կողմի՝ պետռեգստրի, եւ «Մարջան մայնինգի» ներկայացուցիչները նիստից բացակայում էին, ինչի համար «Կալդերա ռեսուրսիզի» ներկայացուցիչն առաջարկել էր դատական նիստը հետաձգել: Դատավոր Ռուզաննա Հակոբյանը այն մերժեց՝ պատճառաբանելով, որ դատական նիստի օրվա մասին պատշաճ կերպով բոլոր կողմերին ծանուցվել է եւ եթե չեն եկել, ուրեմն չեն ուզում մասնակցել: Բացի այդ, պետռեգիստրից նամակ էր ներկայացվել դատարան, որ իրենք դեմ չեն, որպեսզի նիստն ընթանա առանց իրենց: Դատավորի մերժումից անմիջապես հետո նիստերի դահլիճ է մտել մի անձ, որը ներկայացել է որպես «Մարջան մայնինգի» փաստաբան եւ դատարանին վստահեցրել, որ ինքն ընդամենը 1 ժամ առաջ է ընդունել լիազորությունը եւ խնդրում է հետաձգել դատական նիստը: Սակայն այս միջնորդությունն էլ դատավորը մերժեց: Նշենք, որ մի քանի ամիս «Մարջան մայնինգի» եւ «Կալդերա ռեսուրսիզի» շահերը ներկայացնում էր մեկ անձ՝ Վարդան Սաֆարյանը, սակայն նախորդ նիստին «Մարջանն» այս փաստաբանի լիազորությունները վերացրել էր եւ վերջինս միայն «Կալդերա ռեսուրսիզի» իրավունքներն էր ներկայացնում: Ըստ պարոն Պողոսյանի, ամբողջ նիստի ընթացքում 3-րդ կողմը պայքարում էր, որպեսզի ամեն գնով եւ զանազան պատճառաբանություններով հասնեն նիստի հետաձգմանը: «Մարջան մայնինգի» նոր ներկայացուցիչը նիստի հետաձգման մեկ այլ միջնորդություն էլ առաջարկեց՝ հիմնավորելով, որ «խնդրո առարկա» պայմանագիրը փորձագիտության են ներկայացրել, որի եզրակացությունը պետք է հանձնեն դատարանին: Դատավորի այն հարցին, թե դա ի՞նչ է տալու եւ ինչի՞ հիման վրա են ուղարկել, «Մարջան մայնինգի» փաստաբանը պատասխանել է՝ «Ժամանակ տվեք՝ կտեսնեք»: Սրան ի պատասխան՝ դատավորը հիշեցրել է, որ ընկերությունը փորձաքննության համար 10 ամիս ժամանակ ուներ եւ եթե այդ ընթացքում ոչինչ չեն արել եւ ոչ մի հիմնավորում չեն ներկայացրել, ուստի միջնորդությունը մերժվում է: Այս բոլոր փորձերից հետո, «Կալդերա ռեսուրսիզի» փաստաբանը, ինչպես որ նախորդ նիստին է արել, այս անգամ էլ դատավորի ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց: Դատարանը հիշեցրեց, որ իրենք արդեն 3 անգամ ինքնաբացարկ են պահանջել, որոնք մերժվել են: Այս միջնորդությունն էլ է մերժվել եւ վերջապես դատարանը մի քանի հարց ու պատասխանից հետո վճիռ է կայացրել եւ բավարարել «Գլոբալ գոլդի» հայցը, այսինքն՝ ամբողջությամբ անվավեր ճանաչել «Կալդերա ռեսուրսիզի» եւ պետռեգիստրի միջեւ կնքած գործարքը: «Կալդերա ռեսուրսիզը» իր պաշտոնական կայքէջում արդեն հայտարարել է, որ համաձայն չէ վճռի հետ եւ բողոքարկելու է:
Ուշագրավն այն, որ մոտ մեկ տարի ձգձգվող դատական գործընթացի ժամանակ «Գլոբալ գոլդի» ներկայացուցիչները պնդում էին, որ իրենք մի քանի միլիոն դոլարի վնասներ են կրում այդ ապօրինի գործարքի հետեւանքով, սակայն հայցադիմումով վնասի փոխհատուցում զարմանալիորեն չեն պահանջել: Սրանից կարելի է ենթադրել, որ «Գլոբալ գոլդը» լավ էլ հեռատես է եղել եւ հասկացել, որ այդ դեպքում դժվար թե դատը շահեին եւ արդարադատության նախարարությունից միլիոնավոր դոլարների փոխհատուցում պահանջելն անիմաստ կլիներ: Իսկ այսպես՝ իրենցից ապօրինի վերցրած բաժնեմասը գոնե վերադարձվեց:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել