Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Երկխոսության «զոհը»

Օգոստոս 05,2011 00:00

\"\"Յուրա Մանուկյանին Կոմկուսից  հեռացրել են «երկխոսության» համար

Հայ ազգային կոնգրեսի մոլեռանդ ընդդիմախոս՝ Հայաստանի նորացված-միավորված կոմկուսի առաջին քարտուղար Յուրա Մանուկյանից երեկ «Առավոտը» հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է վերաբերվում իշխանության եւ ՀԱԿ-ի միջեւ ընթացող երկխոսությանը: Ընկեր Մանուկյանն ասաց. «Այն գործը, որը հիմա անում են երկու կողմերը՝ իշխանությունն ու Կոնգրեսը, դրա համար ես 2001 թվականին պատժվել եմ՝ Հայաստանի կոմունիստական կուսակցությունից վտարվելու աստիճան: Այսինքն՝ ես կողմնակից եմ ծառայել հանրապետությանը՝ անկախ նրանից, թե դու իշխանություն, պաշտոն, մանդատ ունես, թե չունես: Կոնգրեսը ճիշտ է վարվում, եւ իշխանությունն էլ, անկեղծ ասած, գիգանտ միտք է հղացել, որ գնաց էդ քայլին, եւ այսօրվա դրությամբ փողոցից մարդկանց կտրել են, մի կողմ են դրել իրենց հոգսերը, ցավերը եւ քննարկում են, թե ինչպե՞ս կարելի է լուծել՝ աշխարհում ընդունված քաղաքակիրթ եղանակով: Ես ողջունում եմ եւ համոզված եմ, որ դա իր դրական արդյունքը կտա, եւ ժողովուրդը ձեռք կքաշի իր, այսպես ասած, ագրեսիվ հոգեբանությունից»: Մեր զրուցակցին հիշեցրեցինք, որ առաջին նախագահի իշխանության օրոք եւ անգամ դրանից հետո այդ իշխանության հասցեին ամենասուր քննադատություն հնչեցնողներից մեկն ինքն էր. հիմա ինչպե՞ս է այդ մարդը դրական վերաբերվում մի գործընթացի, որտեղ ներգրավված են Լեւոն Տեր-Պետրոսյանն ու իր թիմը, մանավանդ, որ այս երկխոսության արդյունքում չի բացառվում, որ նորից իշխանության վերադառնան մարդիկ, ում ժամանակին քննադատել է ինքը: Ընկեր Մանուկյանի կարծիքով՝ եւ այն ժամանակ, եւ հիմա մեր կառավարման համակարգում եղել են եւ կան բավականին լուրջ, անգամ պրոֆեսիոնալ անհատականություններ: Բայց կադրային խնդիրը, որպես այդպիսին, եւ այն ժամանակ կար, եւ հիմա: Դա դեռ լուծում, համակարգում չի գտել. «Ես չեմ ասում, որ նրանք մի բարի պտուղ էին, սրանք ավելի վատն են եւ այլն: Հակառակը՝ իմ սիրտը ցավում է, որ իմ երկրում պատահական կարմրաթուշիկը, իր գավառական հոգեբանությամբ, կարող է բավականին գեղեցիկ, լուրջ եւ լավ խնամք պահանջող քայլերը զրոյի իջեցնել իր վարքագծով»: Հետեւաբար, այս երկխոսության հիմնական դրական արդյունքը ընկեր Մանուկյանի համար «փողոցի խնդիրը լուծելն է: Փողոցն ազգի ճակատագիրը վճռելու վայր չէ, պետք է նստեն եւ որոշեն»: Հետեւաբար, նաեւ քննարկվող օրակարգն առայժմ ընկեր Մանուկյանին չի բավարարում: Նա ակնկալում է, որ կամաց-կամաց կանցնեն ավելի լուրջ բաների. «Դեռեւս այն մակարդակն է՝ իրար հետ խոսե՞նք, թե՞ ոչ»:  
«Առավոտը» նաեւ հետաքրքրվեց՝ չե՞ք կարծում, որ երկխոսությունը ոչ թե երկու ուժերի միջեւ պետք է լինի, այլ ընդհանուր քաղաքական դաշտի: «Եթե ես իմանամ, որ իմ տեսակետը կանցնի՝ ես կգնամ, կխնդրեմ, ինձ ամբիոն կտրամադրեն: Բայց ես գիտեմ, որ նրանք երկուսն էլ իմ գաղափարական հակառակորդներն են: Համակարգի իսկական ընդդիմությունը մեր գաղափարախոսությունն է, բայց խոսքը դրան չի վերաբերում, այլ ազգի, պետության հեռանկարին եւ ճակատագրին: Այս պարագայում ամեն ինչ պետք է մի կողմ դնել, այդ թվում նաեւ՝ գաղափարախոսության հետաքրքրությունները, եւ մտածել ազգի ու պետության հետագայի մասին»,- եղավ պատասխանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել