Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ի՞ՆՉ ԿԱՍԻ ԿՈԱԼԻՑԻԱՆ ԵՐԵՔՇԱԲԹԻ ՕՐԸ

Օգոստոս 05,2011 00:00

\"\"ՀԱԿ-իշխանություն երկխոսության հետագա ճակատագիրն այդ պատասխանից արդեն պարզ կդառնա

ՀԱԿ-կոալիցիա երկխոսող պատվիրակությունների երեկ տեղի ունեցած եւ երկուսուկես ժամ տեւած երրորդ դռնփակ հանդիպման ժամանակ, ինչպես նախապես տեղեկացվել էր, քննարկվել է հետագա աշխատանքի ընթացակարգը եւ որոշվել է, որ հանդիպումներն այսուհետ կլինեն շաբաթը երկու անգամ պարբերականությամբ՝ երեքշաբթի եւ ուրբաթ օրերին: Այդ մասին երեկ լրագրողներին ավետեց կոալիցիոն պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը: Իսկ ավելի ուշ Կոնգրեսի պատվիրակության ղեկավար Լեւոն Զուրաբյանը տեղեկացրեց, որ իրենք առաջարկել են հանդիպումներն անել ամեն օր՝ ներառյալ շաբաթ-կիրակին, սակայն կոալիցիային դա այնքան էլ չի ոգեւորել: Արդյունքում՝ ընդունվել է կոնսենսուսային տարբերակը: «Առավոտի» հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված հանդիպումների հաճախականության արագացումը, արդյոք վերջին հանրահավաքում Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից արված զգուշացման արդյո՞ւնք է, Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Երկխոսությունն այն հարթակն է, որը որեւէ զգուշացումներով, վերջնագրերով կամ պայմաններով չի կարող առաջնորդվել: Երկխոսությունը փոխադարձ ցանկություն է՝ պրոցեսը ինտենսիվ առաջ տանելու, որովհետեւ բոլորս մի նպատակ ենք հետապնդում՝ հուսամ. անել ամեն ինչ, որպեսզի երկրում իրավիճակը բարելավվի, երկիրը դրանից շահի: Եվ, թերեւս, այդ գիտակցությունն է, որ երկուսիս էլ դրդում է գնալ ավելի ինտենսիվ քննարկումների: Իսկ վերջնաժամկետներ, սեպտեմբեր եւ այլն, եթե մի կողմը ունի վերջնաժամկետ իր համար, մենք որեւէ վերջնաժամկետ չունենք, բայց մենք հակված ենք աշխատելու ինտենսիվ»:
Թեեւ նախորդ օրն «Առավոտի» հետ զրույցում ԲՀԿ-ն ներկայացնող կոալիցիոն պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը հույս էր հայտնել, որ բովանդակային քննարկումներ կլինեն, այնուհանդերձ, երեկ պատվիրակությունները սահմանափակվել են միայն աշխատանքային ընթացակարգի հստակեցմամբ: Դավիթ Հարությունյանի տեղեկացմամբ, արդեն երեքշաբթի օրը պատվիրակությունները կսկսեն բովանդակային քննարկումները: Ի դեպ, քննարկումները կսկսվեն օրակարգային առաջին հարցից. դա արտահերթ ընտրությունների անցկացման եւ դրանց ազատ եւ օրինական ապահովման անհրաժեշտության ՀԱԿ-ի ներկայացրած առաջարկն է: Կոնգրեսի ներկայացուցիչները հանդես կգան իրենց հիմնավորումներով, փաստարկներով, լուծումներով: Կոնգրեսը պատրաստվում է այս առիթով «լուրջ փաթեթ» ներկայացնել: Լեւոն Զուրաբյանն ասաց, որ մինչեւ այդ հարցը «չսպառեն լիովին», կոալիցիայի ներկայացրած առաջարկների քննարկում չի լինի: Պատասխանելով «Առավոտի» հարցին՝ հարցերի քննարկման ժամկետներ սահմանվա՞ծ են, վերջինս ասաց. «Պարզ է, որ չպետք է այնպես անեն, որ քննարկումը դառնա երկարատեւ եւ անվերջ պրոցես: Դրա համար մեր մոտեցումն այն է, որ քննարկումների ընթացակարգի համար սահմանափակումներ պետք է սահմանենք: Քննարկումը ցույց կտա, թե ինչքանով դա կհաջողվի: Մենք չենք եկել այստեղ կարծիքներ փոխանակելու  երկրի իրավիճակին վերաբերող այս կամ այն հարցի վերաբերյալ: Մենք եկել ենք այստեղ քննարկելու կոնկրետ լուծումներ: Ժողովուրդը, հասարակությունը այս երկխոսությունից սպասում է կոնկրետ արդյունքներ, եւ մենք ամբողջ երկխոսությունը  կառուցում ենք այնպես, որ ապահովենք այդ արդյունքները: Մեզ երկխոսություն՝ հանուն երկխոսության բացարձակապես պետք չէ»:
Իսկ մինչ այս վերջնարդյունքներին հասնելը՝ հանդիպման սկզբում ՀԱԿ պատվիրակության ղեկավարը կոալիցիոն գործընկերների համար ընթերցել է իրենց կողմից նախապես պատրաստված 1,5 էջանոց հայտարարությունը, որով թերահավատություն են հայտնում երկխոսության պատրաստակամության՝ կոալիցիայի անկեղծության մասով: Որպես փաստարկ բերվում է այն, որ չնայած երկխոսության մեկնարկին, իշխանությունը շարունակում է տրանսպորտային խոչընդոտներ հարուցել հանրահավաքին մասնակցել ցանկացող քաղաքացիների համար, ինչպես նաեւ ոստիկանական ոտնձգության ենթարկել Կոնգրեսի ակտիվիստներին: Բացի այդ, հուլիսի 19-ին ՀԱԿ-ի ներկայացրած պահանջների՝ ուղիղ եթերով երկխոսության հեռարձակում կամ ամեն ռաունդից հետո ՀԱԿ-ին կես ժամ ուղիղ եթեր տրամադրելու կատարումը եթե կլիներ բարի կամքի դրսեւորում եւ երկխոսության համար բարենպաստ պայմաններ կստեղծեր, ապա հանրային եւ մնացյալ հեռուստաալիքներով ՀԱԿ-ի հանրահավաքի մասին իրազեկող նյութերի արգելքի եւ  վերոնշյալ խոչընդոտների վերացումը Սահմանադրության եւ ՀՀ օրենքներից բխող պահանջ է եւ պետք է անվերապահորեն կատարվի: «Իշխանության նման պահվածքը խորացնում է կասկածները, որ կոալիցիան իրականում զբաղված է երկխոսության իմիտացիայով եւ ընդունակ չէ հանուն երկրի ժողովրդավարացման եւ քաղաքական առճակատման լիցքաթափման իրականացնել անգամ ընդդիմության այն առաջարկները, որոնք ուղղակիորեն բխում են Սահմանադրության եւ օրենքների պահանջներից»,- ասված է Կոնգրեսի հայտարարության մեջ: Կոնգրեսը համարում է, որ այդ իրողությունը թունավորում է երկխոսության մթնոլորտը, եւ կոալիցիայից պահանջել է անմիջապես քայլեր ձեռնարկել, որպեսզի հայտնաբերվեն եւ պատասխանատվության ենթարկվեն արձանագրված խոչընդոտներ հարուցողները: ՀԱԿ-ում, արդեն երեքշաբթի օրվա հանդիպումից առաջ կամ այդ ժամանակ, այս հարցով հստակ արդյունք են ակնկալում: Համենայնդեպս, լրագրողների հարցին ի պատասխան՝ Լեւոն Զուրաբյանն ասաց. «Կարծում եմ՝  մյուս ռաունդում իրենք արդեն պետք է ասելիք ունենան»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել