Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մարդահամար՝ համայնքապետերի հաշվի՞ն

Օգոստոս 04,2011 00:00

Այս տարվա հոկտեմբերի 12-21-ը նախատեսված մարդահամարը կազմակերպելու նպատակով ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը շրջում է մարզերում՝ համայնքապետերի աջակցությունը ստանալու ակնկալիքով: Ու թեեւ այս նպատակի համար դոնոր կազմակերպությունները կարծես թե գումար չեն խնայում, այդուհանդերձ՝ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության ղեկավար Լեւոն Մնացականյանը դժգոհում է, որ փողը չի բավարարում, ու հաշվարարների համար անվճար սենյակներ է ուզում գյուղապետարանների, դպրոցների, մանկապարտեզների, ամբուլատոր-պոլիկլինիկաների շենքերից:
Նախորդ օրը այս պաշտոնյան ակադեմիական ոճով երկարաշունչ դասախոսություն կարդաց շիրակցի գյուղապետերի համար՝ երբեմն իր ասածը թարգմանելով «աշխարհիկ» լեզվով: Նրա թարգմանությունից հասկացանք, որ մարդահամարը սննդամթերք արտադրող գործարարի համար նշանակում է տեղեկություններ այն մասին, թե քանի «ուտող բերան կա երկրում», շինարարական կազմակերպության համար այն կացարանների հնության աստիճանը որոշելու ձեւ է, այսինքն՝ պիտի կողմնորոշվեն, թե քանի նոր կացարան կառուցելու անհրաժեշտություն կա եւ այլն:
Ի նկատի ունենալով, որ մեր երկրում սիրում են ուռճացված թվեր, օրինակ՝ վերջերս շիրակցի գյուղապետերից չափազանցված տեղեկություններ են պահանջում բերքահավաքի մասին, նույն Ազգային վիճակագրական ծառայությանը չեն վստահում ու երբեմն քննադատում են սուտ-սխալ տեղեկություններ հրամցնելու համար, «Առավոտը» պարոն Մնացականյանից հետաքրքրվեց, թե ինչո՞վ վստահ լինենք, որ ընտրությունների նախաշեմին մարդահամարը կլինի բնակչության թվաքանակի ստույգ պատկերը: «Իսկ կարո՞ղ եք բացատրել՝ ինչո՞ւ պիտի ուռճացված տեղեկատվություն ներկայացվի, մարդահամարը կապ չունի ընտրությունների հետ, անվանական տվյալները գաղտնիք են, որեւիցե կերպ հրապարակման ենթակա չեն: Միակ կերպը դա անվանազերծված, խմբավորված տեսքով հրապարակումն է, վերջ, դա օրենքի պահանջն է: Այլ բան է, երբ որ մենք ըստ վարչատարածքային բաժանման թվերը հրապարակում ենք, ընտրական հանձնաժողովը կարող է տեսնել՝ որ վարչատարածքում ինչքան է բնակչությունը, ինքը ըստ դրա կարող է նոր ընտրատեղամաս ձեւավորել կամ տեղամասը ոչնչացնել»,- պարզաբանեց պաշտոնյան: Պարզվում է՝ վերջինս ամենեւին էլ վատ չի զգում իր կառույցի հասցեին հաճախակի հնչող անխնա քննադատություններից: Ըստ նրա՝ եթե ուսումնասիրենք, թե ով է քննադատողը, ապա պարզ կդառնա, թե ինչ նպատակով են քննադատում: «Ողջ աշխարհում այդպես է, ցանկացած վիճակագրական ցուցանիշ երբ հրապարակվում է, դա մեկի համար լավ լուր է, մեկի համար վատ լուր է, մյուսի համար որեւիցե նշանակություն չունի, եթե որեւիցե մեկի շահերին չի համապատասխանում, դա նրա բնական ռեակցիան է»,- արդարացավ վիճակագրական ծառայության պետը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել