Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՆՈՏԱՐԱԿԱՆ ԲԵՍՊՐԵԴԵԼ

Օգոստոս 04,2011 00:00

\"\"Էմմա տատիկը, ինչպես շատ հայեր, ՌԴ քաղաքացի է, որտեղից  կենսաթոշակ է ստանում: Երբ երեք տարի առաջ Մոսկվայից վերադարձավ  ՀՀ, հիվանդությունը սրվեց ու նա դարձավ անկողնային հիվանդ (ոտքերը չեն աշխատում) ու այլեւս չկարողացավ վերադառնալ ՌԴ:

Էմմա տատիկը գոյատեւում է ՌԴ-ից եկող կենսաթոշակի հաշվին, որը լիազորագրով ստանում է նրա դուստրը եւ ուղարկում ՀՀ:
Քանի որ լիազորագրի ժամկետը լրացել էր, տիկին Էմմայի դուստրը կարճ ժամկետով այցելեց ՀՀ՝ մորը տեսակցելու, ինչպես նաեւ թոշակի լիազորագիրը ստանալու համար ու պետք է վերադառնար կիրակի օրը:
Մինչ վերադառնալը, շաբաթ օրը լիազորագիրը վավերացնելու համար փորձեցինք նոտար հրավիրել Էմմա տատիկի տուն, քանի որ նա ի վիճակի չէ այցելել նոտարական գրասենյակ: Դա  տիկին Էմմայի՝ օրենքով նախատեսված իրավունքն է եւ նոտարի պարտականությունը:
Ինքս, լինելով փաստաբան եւ տիկին Էմմայի ընտանիքի մտերիմ, փորձեցի օգնել, որպեսզի շաբաթ օրը լուծվի լիազորագրի հարցը:
Ինձ ծանոթ եւ անծանոթ նոտարների հետ կապ հաստատեցի ինչպես հեռախոսով, այնպես էլ անձամբ այցելությամբ:
Մաշտոցի 29 հասցեում գտնվող նոտարական գրասենյակի նոտար Ռ. Սահակյանն ասաց, որ ոտքը ցավում է (ես հավատացի) եւ չի կարող այցելել տիկին Էմմային, Հանրապետության հրապարակին հարակից Տիգրան Մեծի 4 հասցեում գտնվող նոտարական գրասենյակի երիտասարդ նոտար Ա. Սարգսյանը հայտարարեց, որ իր վերջին աշխատանքային օրն է, ինքը եկել է գործերը դասավորելու եւ չի կարող այցելել, Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում ու Կորյունի 21 հասցեում գտնվող նոտարական գրասենյակները փակ էին, իսկ Բաղրամյան 1-ին փակուղում գտնվող նոտարական գրասենյակի նոտար Նունե Սարգսյանը պարզապես հայտարարեց, որ հրաժարվում է այցելել:
Կենտրոն նոտարական տարածքի նոտարների մերժումը ստանալուց հետո զանգեցինք այլ նոտարների: Շահումյան նոտարական տարածքի նոտարը, օրինակ, հայտնեց, որ ինքն իրավունք չունի այցելել, քանի որ տիկին Էմման բնակվում է Կենտրոն համայնքում, իսկ Կենտրոն նոտարական տարածքի նոտարներից մեկն էլ ասաց, որ իրեն պետք է բժշկի տեղեկանք ներկայացվի տիկին Էմմայի գիտակից լինելու մասին, որից հետո ինքը կայցելի:
30.07.2011թ. ժամը 12-13:50 այցելելով 5 նոտարական գրասենյակ, հանդիպելով 3 նոտարի հետ եւ հեռախոսով խոսելով եւս մի քանիսի հետ, այդպես էլ չկարողացա օգնել տիկին Էմմային իրականացնելու իր իրավունքը եւ սա այն դեպքում, երբ նոտարների գործունեությունը կարծես թե արդարադատության նախարարի ակտիվ վերահսկողության ներքո է գտնվում եւ գործնական քայլեր էին ձեռնարկվել:
Հարկադրված փոխեցինք տիկին Էմմայի դստեր ինքնաթիռի տոմսը, ինչը լրացուցիչ հավելավճարի հետ է կապված: Հերթական աշխատանքային օրը՝ օգոստոսի 2-ին կրկին այցելեցի նոտարական գրասենյակներ եւ Կենտրոն նոտարական տարածքի նոտարներ Ալվարդ Մելքոնյանից ու Գայանե Ազարյանից եւս մերժում ստացա: Վերջապես նոտարի իր պարտականությունները կատարելու պատրաստակամություն հայտնեց երիտասարդ նոտար Տաթեւիկ Սարգսյանը, որին շնարհակալ ենք:
Հ. Գ. Բոլոր նոտարական գրասենյակներում փակցված էր «Թեժ գծի» հեռախոսահամարով հայտարարություն: Փորձեցի ահազանգել, սակայն պատասխանող չկար: Հավանաբար շաբաթ օրն էր մեղավոր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել