Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Պլյուս 2310 ուսանող

Օգոստոս 04,2011 00:00

\"\"Բուհերը կախեցին ընդունվածների ցուցակները

Երեկ երեկոյան բուհերում կախվեցին ցուցակները եւ պարզ դարձավ, թե ովքեր են ընդունվել: Ինչպես «Առավոտին» տեղեկացրեց ԳԹԿ տնօրեն Գուրգեն Խաչատրյանը, այս տարի բուհեր էին դիմել 2627 դիմորդներ, «կտրվել» են 956-ը: Ներբուհական եւ միասնական քննությոնների արդյունքում՝ ընդունվել է 2310 դիմորդ: «Կտրվածների» թվով առաջատար է ԵՊՀ-ն՝ 273, Երեւանի պետական մանկավարժական համալսարան դիմածներից չի ընդունվել 131 դիմորդ, Տնտեսագիտական համալսարան՝ 115, Ագրարային համալսարան՝ 114: Գավառի պետական համալսարանը, պարզվում է՝ «կտրվողներ» չի ունեցել:
Պարոն Խաչատրյանը հայտնեց, որ օգոստոսի 2-ին կայացել է Հանրապետական ընդունող հանձնաժողովի (ՀԸՀ) նիստ, որը հաստատել է այս տարվա ընդունելության քննությունների արդյունքներն ու մրցույթը:
«Ունենք մեկ տասնյակ դրական ստացած դիմորդներ, որոնք չեն ընդունվել միայն մեկ պատճառով՝ նշել էին միայն անվճար տեղեր: Կային տեղեր, որտեղ հիմնականում բոլորն ընդունվել էին անվճար, մեկ հոգի «ընկել» էր վճարովի համակարգ: Նման դիմորդները 24 հոգի էին՝ տարբեր բուհերում: ՀԸՀ առաջարկով տեղեր են ավելացվել եւ այդ երեխաները տեղավորվել են անվճար համակարգում, որովհետեւ իմաստ չուներ ամբողջ խումբը անվճար սովորեր, միայն մեկ հոգի՝ վճարովի»,- ասում է ԳԹԿ տնօրենը: Նա նաեւ հավելում է, որ միշտ չէ, երբ ցանկություններն ու հնարավորությունները համընկնում են. «Ցավոք, հաջողվեց ընդամենը 13 երեխայի տեղավորել»: Նրա խոսքով, մրցույթի հետ կապված խնդիրներ են առաջացել Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայում. «Այնտեղ տեղեր կային, որոնք անվճար չէին, բայց ընդունվողն օգտվում է տարկետման իրավունքից: Մի քիչ խառն էր իրենց մրցույթը»: Գ. Խաչատրյանը հայտնեց, որ Մեղրիի տարածաշրջանը ներկայացրել էր նպատակային տեղեր՝ Բժշկական համալսարանի համար, 3 դիմորդներն էլ ընդունվել են անվճար համակարգ: Արտոնություններից օգտվողներ եւս եղել են՝ հաշմանդամներ, զոհված ազատամարտիկների երեխաներ եւ այլն:
Գ. Խաչատրյանի գնահատմամբ, ընդհանուր առմամբ քննություններն անցել են նորմալ, միակ բացասականը դիմորդների ոչ բավարար պատրաստվածությունն էր, թեեւ լավ պատրաստվածներ էլ են եղել: Շատ էին կտրվողները մաթեմատիկայից եւ ֆիզիկայից, ըստ ԳԹԿ տնօրենի, այդ քննությունների խայտառակ արդյունքները պայմանավորված էին դիմորդների «առանձնահատկություններով», որովհետեւ թեստերը թեթեւ են եղել, որոշ առաջադրանքներ անգամ՝ սահմանման մակարդակի: ԳԹԿ տնօրենը գոհ է բանավոր քննություններից, չնայած նշում է, որ այս քննությունների մասով էլ դժգոհներ միշտ գտնվում են: Ինչ վերաբերում է բանավոր քննությունների հանձնաժողովներին, Գ. Խաչատրյանի խոսքով, «կազմը ընտրելիս հաշվի ենք առնում այն հանգամանքը, որ լինեն հանդուրժող եւ «փափուկ» մարդիկ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել