Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՏՈՒՐ 9 ԿԱՄ 18 ՀԱԶԱՐ

Օգոստոս 04,2011 00:00

\"\"Ի՞նչ գումարներ են հավաքվում Կավարտում

Կապանի՝ մոտ 500 բնակիչ ունեցող ծայրամասային Կավարտ թաղամասում «Հայջրմուղկոյուղին» Ասիական զարգացման բանկի վարկային ծրագրով նոր ջրագիծ է անցկացրել: Բնակիչներն ուրախությամբ են նշում, որ նոր ջրագծի շնորհիվ իրենց ջրամատակարարումը կբարելավվի, ձմռանն այլեւս ջրաչափերը չեն սառչի, չեն փչանա, ստիպված չեն լինի խողովակները տաքացնել եւ այլն: Սակայն նոր խնդիր է ծագել: Մեզ զանգած Կավարտի բնակիչներից մեկի պատմելով՝ «Հայջրմուղկոյուղին» իր հին բաժանորդներից 9000-ական դրամ, իսկ նոր բաժանորդներից` 18000-ական դրամ կանխավճար է պահանջում, խոստանալով հետագայում օգտագործած ջրից այդ գումարի չափով դուրս գրել:
Բողոքի հետքերով եղանք Կավարտում, մեզ հանդիպած առաջին բնակիչը վրդովված էր, որ «Հայջրմուղկոյուղու» հարավային մասնաճյուղի «Կապան» տեղամասից իրենից 18 հազարկան դրամ գումար էին գանձել: «Եկել են նոր գիծ անցկացրել, ջրաչափս բերել տեղադրել իրենց նշած տեղում ու հետո եկել գանգատվում են, թե ջրաչափդ աշխատում չի, 18 հազար դրամ տուգանք պիտի վճարես: Բա ես շա՞տ գիտեմ ջրաչափս աշխատում է, թե՞ չէ: Իմ տունը ներքեւ է, ջրաչափս էլ՝ բերած վերեւը դրած… Բայց ստիպված տարել ենք գումարը վճարել: Չեկն էլ տվել են»,- ասում է 50-ամյա կավարտեցին:
Կավարտ հարս եկած Իննա Թամրազյանը ասում է, որ կավարտեցիների օրինակին չի հետեւելու եւ ոչ մի գումար էլ չի վճարելու, որովհետեւ դա անհիմն է համարում: «Նոր ջրագիծ անցկացնելուց հետո բնակիչներից գումար են ուզում, ես հին բաժանորդ եմ՝ պիտի 9000 դրամ վճարեի: Կան ընտանիքներ շտապել են՝ վճարել են, հետո ետ են ուզել իրենց գումարը կամ էլ ասել են չեկ տուր, չեն տվել: Ես գումար չեմ վճարել, չեմ էլ պատրաստվում: Ինչի՞ պիտի վճարեմ, եթե ես ունեմ նախկինում կնքված պայմանագիր, առավելեւս, հետո պարզել եմ, որ պետք էլ չի էդ գումարը տալ: Եկել են մտել հարեւանիս բաղը՝ իբր ուզում են իմ «լեւի» գիծը գտնել: Ինչքան ամոթ ու վիրավորական է. խողովակը պարզ երեւում է, «լեւի» գիծ չկա, բայց մտնում են նույնիսկ հարեւանի բաղում են ման գալիս»,- ասում է Իննան:
Կավարտի թաղային լիազոր Գագիկ Խաչատրյանն ասաց, որ ինքն անպայման կվճարի այդ գումարը, սակայն կարծում է, որ ճիշտ կլիներ թաղամասում երեւացող մի տեղ մի փաստաթուղթ փակցվեր, որ բնակիչները իմանան, թե ինչի համար պետք է վճարեն: «Մեզ ասել են, որ էդ 9000 կամ 18 000 դրամները կանխավճար նաեւ պարտքից մի քիչ մարելու համար է: Ես պայմանագիր դեռ չեմ կապել, բայց պատրաստվում եմ վճարել անպայման: Թաղամասի ճանապարհներում որոշ տեղեր ասֆալտ կար, ջուրը որ անցկացրել են՝ ահագին վնաս են տվել, ասել են՝ ամենակարեւոր քանդած տեղերը ասֆալտ ենք անելու: Խոստացել են՝ ուրեմն կանեն: Նախկինում էնքան էլ լավ չէր ջրամատակարարումը, մանավանդ՝ ամռանը: Խողովակները հին էին, կորուստները շատ էին, ջուրը պակասություն էր անում: Նոր ջրագիծը կառուցել են, մոտ 99 տոկոսով կորուստը վերանում է, բաժանորդներն էլ են ավելանում: 125 տուն ունեցող Կավարտ բանավանում նախկինում կար 40 բաժանորդ, հիմա մոտ 110-120 բաժանորդ կունենանք»,- տեղեկացնում է թաղային լիազորը:
Փաստաբան Արշավիր Խալափյանը իրեն դիմած կավարտեցիներին խորհուրդ է տվել «Հայջրմուղկոյուղուց» գրավոր ծանուցում պահանջել, թե այդ 9 կամ 18 հազարը ինչո՞ւ են բնակիչներից հավաքվում, նոր միայն վճարում անել, քանի որ բանավոր ասելը հիմք լինել չի կարող: Փաստաբանը ճշտել է, որ «Հայջրմուղկոյուղի»-բաժանորդ պայմանագրերում կանխավճարի մասին որեւէ կետ չկա:
Իսկ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ հարավային մասնաճյուղի «Կապան» տեղամասի պետ Հովհաննես Գեւորգյանը մեզ հետ զրույցում ասաց, որ հենց այնպես գումարներ չեն հավաքվում, բնակիչներն ընդամենը իրենց հին պարտքերն են վճարում, շատերի համար նույնիսկ ժամանակացույց է կազմվել, որպեսզի մաս-մաս վճարեն պարտքը: Հավելեց նաեւ, որ նոր ջրագիծ անցկացնելիս մեծ թվով անօրինական գծեր են հայտնաբերվել, բայց բնակիչների սոցիալական պայմաններից ելնելով՝ մեծ տուգանքներ չեն նշանակել, խղճով են վերաբերվել ու չնչին գումարներ նշանակել, վճարումը կատարելիս էլ պարտադիր կտրոն են տվել:
Հովհաննես Գեւորգյանը մեզ հետ զրույցում խոստացավ, որ քանդված ճանապարհները կնորոգեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել