Լրահոս
Օրվա լրահոսը

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՆՈՐ ԲԱՆԱՎԵՃԻ ԱՌԻԹ Է ՏՎԵԼ

Օգոստոս 04,2011 00:00

Ինչպես միշտ՝ նրա ելույթը միանշանակ չի ընկալվել: ՀԱԿ-ի հաջորդ  հանրահավաքում նա, թերեւս, ստիպված կլինի էլի պարզաբանումներ տալ:

\"\"

Հայ ազգային կոնգրեսի օգոստոսի 2-ին հրավիրած հանրահավաքում ՀԱԿ առաջնորդ եւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը բավականին հակասական գնահատական էր պարունակում ոչ միայն Կոնգրեսի ներկայացուցիչների ելույթների բովանդակության, այլեւ հենց ՀԱԿ-ի հետապնդած նպատակների համատեքստում: Այսպես, Տեր-Պետրոսյանը շեղվելով մամուլի համար հրապարակված ելույթի իր տեքստից՝ հանրահավաքային իր ելույթում «իմպրովիզ» արեց ու հայտարարեց. «Հասկանալի է, որ ներկա պահին Հայաստանի ներքաղաքական կյանքի ամենանշանակալից իրադարձությունը Հայ ազգային կոնգրեսի եւ իշխանության միջեւ սկսված ֆորմալ երկխոսությունն է՝ անկախ դրա նկատմամբ տրվող տարբեր գնահատականներից: Եկեք մի բան արձանագրենք. այս երկխոսությունից դեռեւս ոչ իշխանությունը, ոչ էլ Հայ ազգային կոնգրեսը, ոչ էլ մեր ժողովուրդը ոչինչ չեն շահել: Բայց շահել է մեր երկիրը, մեր պետությունը: Միջազգային ասպարեզում անսահմանորեն բարձրացել է Հայաստանի հեղինակությունը՝ որպես քաղաքակիրթ երկիր, քաղաքակիրթ պետություն: Ինչ կուզեք ասեք՝ այս երկխոսությամբ նաեւ ուժեղացել են Հայաստանի դիրքերը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում: Մի բան, որ մենք այս իշխանություններին երեք տարի շարունակ ասում էինք, եւ նրանք չէին հասկանում, եւ այդ պատճառով է, որ ղարաբաղյան հակամարտության լուծումը հասել է այս անմխիթար վիճակին»:
Տեր-Պետրոսյանի այս հայտարարության առաջին արձագանքը 2008-ին նրա՝ ՀՀ նախագահի թեկնածու Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի պետ, ՀՀ ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանինն էր, որը վերջինս օգոստոսի 2-ի ուշ երեկոյան հրապարակեց Facebook-ի Առցանց ազատականների ալյանսի՝ «3Ա»-ի էջում. «Փաստորեն, մենք երեք տարի պայքարել ենք, որպեսզի անսահմանորեն բարձրացնենք ավազակապետության հեղինակությունը միջազգային ասպարեզում՝ այն ներկայացնելով որպես քաղաքակիրթ պետություն: Նաեւ՝ երեք տարի շարունակ մենք ավազակապետերին հորդորում էինք գնալ զիջումների ղարաբաղյան հակամարտության հարցում, բայց նրանք չէին հասկանում…»:
Նույն էջում, բացի Ալ. Արզումանյանից, էլի շատերն են արձագանքել ՀԱԿ առաջնորդի այդ խոստովանությանը: Մեկը, օրինակ, նկատել է. «Միջազգային ասպարեզում անսահմանորեն բարձրացել է Հայաստանի հեղինակությունը՝ որպես քաղաքակիրթ երկիր…»: «…անսահմանորեն…», այսինքն՝ էնպես պետք է հասկանալ, որ դրանից էն կողմ էլ սահման չկա, եղա՞վ:
Հայ-հայ, հասել ենք 90-ականների, այսինքն՝ «ժողովրդավարական կղզյակ» եղած ժամանակվա մակարդակին։ Մի քիչ էլ, ու Մադագասկարը ետեւում կթողնենք։ Էդ էլ ու՝ պըրծ…»: «Ֆեյսբուքահայերից», ինչպես հաճախ իրար անվանում են FB-ի հայ օգտատերերը, մեկը նույնիսկ չէր կողմնորոշվել, թե «Էս ո՞ր ժանրից ա»: «Այս երկխոսությունից ոչ ոք ոչինչ չի շահել, բայց շահել է պետությունը: Միջազգային ասպարեզում անսահմանորեն բարձրացել է մեր վարկանիշը՝ որպես քաղաքակիրթ երկիր, նաեւ ուժեղացել են մեր դիրքերը ԼՂՀ հարցում, հետո որոշ մտքեր արտահայտելուց հետո ասում է, որ էս իշխանությունը ոչ մտադրություն ունի հարցեր լուծելու, ոչ էլ կարողություն… Իյաա, բա նոր իմացա՞ք: Կարող եմ ենթադրել, որ հոկտեմբերին մեր վարկանիշը կտրուկ ընկնելու է, ու ԼՂՀ հարցերում մեր դիրքերը զիջելու ենք»,- հեգնել էր այս մի քաղաքացին: Նաեւ այսպիսի գրառումներ կային՝ «Փաստորեն, ըստ Տեր-Պետրոսյանի տրամաբանության, 2008-ի փետրվար-մարտին համաժողովրդական շարժումը, որը հստակ պահանջներ էր դնում եւ երկխոսության չէր գնում, զբաղված էր Հայաստանի վարկը գցելով… Ես նման տրամաբանությունն ընդունել չեմ կարող»: Կար նաեւ մի այլ մեկնաբանություն, որը պաշտպանում էր Տեր-Պետրոսյանի հնչեցրած գնահատականը. «Լեւոն Տեր-Պետրոսյանը շատ պարզ պատճառաբանեց իր ելույթում հնչած նախադասությունը: Պետք չէ մարդ իր ուղեղը շատ աշխատեցնի, որպեսզի հասկանա, թե ինչ նկատի ուներ Տեր-Պետրոսյանը: Ինքը նկատի ուներ, որ դեռ ոչ մի արդյունք չեն բերել բանակցությունները՝ նկատի ունենալով, որ դեռ ո՛չ արտահերթ ընտրություններն են հայտարարվել, ո՛չ էլ ժողովրդի վիճակն է լավացել: Շահել է երկիրը միջազգային ասպարեզում՝ որպես քաղաքակիրթ պետություն: Ի՞նչ կա այստեղ սխալ հասկանալու»: Այս մի դիտարկումն ուղղված էր երեկ lragir.am-ում հրապարակված այս դիտարկմանը. «Ինչպե՞ս է ստացվել, որ իշխանությունը չի շահել, ընդդիմությունը չի շահել, առավել եւս՝ ժողովուրդը դեռ չի շահել երկխոսությունից, իսկ պետությունը շահել է: Մի՞թե պետությունն այլ բան է, քան հենց նույն ժողովուրդը: Ի՞նչն է պետությունը, եթե ժողովուրդը չէ: Ուրեմն, ինչպե՞ս կարող է պետությունը շահել, եթե չի շահել ժողովուրդը, կամ՝ ինչպե՞ս կարող է չշահել ժողովուրդը, եթե շահել է պետությունը: Կամ՝ մի՞թե երկխոսությունն էր պակասում, որ Հայաստանը քաղաքակիրթ երկիր համարվի: Իսկ «Մարտի 1»-ի բացահայտո՞ւմը: Չէ՞ որ Տեր-Պետրոսյանն ինքն է հայտարարում, որ այն ազգը, ով հանդուրժում է «Հոկտեմբերի 27»-ի եւ «Մարտի 1»-ի չբացահայտված ոճրագործությունները, չի կարող արժանապատիվ համարվել: Ուրեմն, ինչպե՞ս կարող է քաղաքակիրթ համարվել մի պետություն, որտեղ դեռեւս կան հոկտեմբերի 27-ի եւ մարտի 1-ի չբացահայտված ոճրագործություններ»:
«Առավոտի» հետ զրույցում Տեր-Պետրոսյանի այս հայտարարությանն անդրադառնալով՝ «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանն ասաց. «Տեր-Պետրոսյանի հայտարարությունը համարում եմ տրամաբանական շատ լուրջ հակասություններ ունեցող միտք, որովհետեւ մի նախադասության մեջ ասել, թե երկխոսությունից ոչ մեկը չի շահել՝ ո՛չ իշխանությունը, ո՛չ ՀԱԿ-ը, ո՛չ ժողովուրդը, ո՛չ հասարակությունը, եւ հետո ասել, թե արդյունքում Հայաստանի միջազգային հեղինակությունն է բարձրացել, ընկալելի չէ: Չափազանց զավեշտալի վիճակ է, եթե մի դեպքում ոչինչ տված մի քայլով կարելի է Հայաստանի հեղինակությունն այդպես բարձրացնել, բա որ մի քանի քայլ անեն՝ որքա՜ն կբարձրացնեն»: Մեր հարցին, թե՝ այդ դեպքում տրամաբանակա՞ն է պետության վարկանիշը բարձրացրած, ԼՂ հարցով բանակցություններում իր դիրքերն ամրապնդած իշխանությունների հրաժարականի կամ ՀՀ համար այս բարենպաստ ֆոնին արտահերթ ընտրությունների պահանջը, պատգամավորը նկատեց. «Անհեթեթություն է ստացվում. ինչո՞ւ այսպիսի իշխանությանը պետք է հեռացնել: Նրան փայփայել է պետք, նույնիսկ՝ միանալ»:
Մեզ հետ զրույցում հրապարակախոս, լրագրող Արթուր Ազարյանն էլ նկատեց. «Երկխոսության» մշակույթը հայ հասարակություն ներմուծել փորձող Տեր-Պետրոսյանը շատ սկզբունքային մի հարցում հետքայլ է արձանագրում՝ դրանով իսկ կասկածի տակ առնելով հաջողության հասնելու հավանականությունը: Եթե պատկերավոր արտահայտվեմ, ապա ահաբեկիչների հետ բանակցությունների չեն նստում: Հենց Տեր-Պետրոսյանի կողմից «մոնղոլ-թաթարական» որակված ավազակապետության պատվիրակության հետ հանդիպումները ինձ մոտ նույնացվում են վերը նշված իրավիճակի հետ: Սա շատ է նմանվում գործած մեղքերի համար եկեղեցում մի մոմ վառելով հոգին ազատելուն: Սա ասելով՝ նկատի ունեմ երկխոսության հանդեպ իշխանությունների ունեցած մեկնակետը:
Թե ինչո՞վ է արտահայտվում միջազգային ասպարեզում Հայաստանի արձանագրած հաջողությունը՝ էդքան էլ ընկալելի չէ: Ըստ իս, դրսի աչքին քաղաքակիրթ երեւալու փափագը, դրան միտված «երկխոսություն» գործողությունը դեռեւս առկա մի բուռ հավատի կորստյան տեսանկյունից ավելի ցավալի արդյունքի են հանգեցնելու… Ու վերջում՝ եթե նույն այդ «մոնղոլ-թաթարական» ավազակապետերին, թեկուզ եւ ակնարկատիպ, սպառնում ես գահընկեցությամբ՝ դա կարող է մի բանի վկայությունը լինել. կամ ի սկզբանե այդ երկխոսությունը ճշմարիտ հունով տանելու նպատակ չի դրվել, կամ էլ այդ մասին բարձրաձայնվում է «մահացու ելքը» կոծկելու համար… Առանց հստակեցնելու Հայաստանի առջեւ ծառացած հիմնախնդիրների օրակարգը՝ ոչ մի արտահերթ ընտրություն էլ փոքրիշատե ցանկալի արդյունք արձանագրել չի կարող: Ի վերջո, գալո՞ւ է մի օր, երբ բոլորս հասկանանք, որ մեր երկրում գումարելիների փոխատեղումը չէ, որ ունակ է լինելու գումար փոխելու…»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել