Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԿՈԱԼԻՑԻԱՆ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԻ ԻՐ ՄՈՏԵՑՈՒՄԸ ՀՍՏԱԿԵՑՐԵԼ Է

Օգոստոս 04,2011 00:00

\"\"Լեւոն Տեր-Պետրոսյանի զգուշացումը կարծես այնքան էլ չի ահաբեկել կոալիցիոն աշխատանքային խմբին

«Եթե առաջիկա մեկ-երկու ամսում իշխանությունները վերջնականապես չկողմնորոշվեն արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցում, ապա ողջամիտ կոչված ժամկետը սեպտեմբերին սպառված կհամարվի, եւ մեր օրակարգում կմնա ընդամենը մեկ պահանջ, այն է՝ Սերժ Սարգսյանի եւ իշխող կոալիցիայի անվերապահ հրաժարականը»,- նախավերջին հանրահավաքում արած այս զգուշացումը ՀԱԿ առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հնչեցրեց նաեւ օգոստոսի 2-ի հանրահավաքում: Հատկանշականն այն է, որ այս զգուշացման վերահրապարակումից մեկ օր հետո՝ այսօր, կայանալու է ՀԱԿ-ի եւ իշխանության բանակցող պատվիրակությունների երրորդ հանդիպումը: Ի դեպ, երեկ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել իշխանական թեւը ներկայացնող բանակցային խմբի աշխատանքային խորհրդակցությունը:
Երեկ «Առավոտը» փորձեց խմբի ԲՀԿ-ական անդամ Նաիրա Զոհրաբյանից ճշտել՝ ի՞նչ հարցերի շուրջ են եղել քննարկումները, եւ կոալիցիոն պատվիրակությունն ի՞նչ կոնկրետ առաջարկներով կամ ՀԱԿ-ի պահանջներին ընդառաջ գնալու ի՞նչ պատրաստակամությամբ է ներկայանալու այսօրվա հանդիպմանը: Տիկին Զոհրաբյանն ասաց, որ բավականաչափ երկար քննարկում են ունեցել, բայց քանի որ քննարկումներն աշխատանքային են ու փակ ֆորմատով են տեղի ունենում, նա կոռեկտ չհամարեց մանրամասներ ներկայացնել: Միայն շատ ընդհանուր ասաց, որ քննարկվել են այսօրվա հանդիպման հետ կապված կոալիցիոն մոտեցումներն ու մարտավարությունները: «Քննարկվել է, թե ինչ աշխատակարգ պետք է ներկայացնենք: Ես կարծում եմ, որ այսօրվա հանդիպման ժամանակ կկարողանանք ՀԱԿ մեր գործընկերների հետ հստակեցնել, թե ինչ կերպ ենք սկսելու քննարկել օրակարգի երկու խնդիրները»,- փոքր-ինչ ավելի մանրամասնեց տիկին Զոհրաբյանը: Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ հանրահավաքում հնչեցրած զգուշացման առիթով էլ «Առավոտի» դիտարկմանը՝ կարելի՞ է ենթադրել, որ օգոստոսյան հանդիպումների ընթացքում պատվիրակությունները հենց արտահերթ ընտրություններ անցկացնելու նախապատրաստություններ են տեսնելու, Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց. «Կոալիցիան արտահերթ ընտրությունների վերաբերյալ իր դիրքորոշումը բազմիցս հայտնել է, ես հիմա չեմ ցանկանում այն կրկնել: Ինչպես նաեւ՝ մենք ասել ենք, որ որեւէ հարց «տաբու» չէ. ցանկացած հարց կարող ենք քննարկել, այդ թվում նաեւ ՀԱԿ-ի ներկայացրած օրակարգը: Բնականաբար, այդ խնդիրների վերաբերյալ ՀԱԿ-ն իր դիրքորոշումն ունի, կոալիցիան՝ իր, եւ երբ անցնենք բովանդակային քննարկումների, իսկ ես կարծում եմ, որ արդեն կանցնենք բովանդակային քննարկումների, յուրաքանչյուր կողմը կներկայացնի իր դիրքորոշումները, հիմնավորումները: Ինչ վերաբերում է՝ մինչեւ սեպտեմբեր, այսինչ օր, այնինչ ժամ ժամկետներին, ապա ես կարծում եմ, որ մենք իրապես շատ կարեւոր գործընթաց ենք սկսել՝ փորձելով մեր երկրում քաղաքական նոր մշակույթ ձեւավորել, որը հնարավորություն կտա երկրում առկա բոլոր խնդիրները, անգամ ամենաարմատական, ընդդիմախոսների միջեւ քննարկելու: Իսկ դա առճակատումներից, երբեւէ այլեւս մեր հասարակությունը թշնամական ճամբարների ու բարիկադների բաժանելուց խուսափելու լավագույն ճանապարհն է: Երկխոսությունն ինքը բացառում է ցանկացած ուլտիմատում, ցանկացած նախապայման, եւ ես հիմա չեմ ուզում իրադարձություններից ու ժամանակից առաջ ընկնել: Բայց ես կարծում եմ, որ մեր երկրի առջեւ ծառացած են բազմաթիվ խնդիրներ, եւ բովանդակային քննարկումների ժամանակ դրանք անպայմանորեն կքննարկենք»:
«Առավոտի» հարցին՝ ի՞նչ բովանդակային քննարկումներ կարելի է ակնկալել, եթե արդեն իսկ հայտնի են կողմերի իրարամերժ մոտեցումները ձեւավորված օրակարգի վերաբերյալ, Նաիրա Զոհրաբյանը նկատեց, որ անկախ նրանից՝ դիրքորոշումները հակադիր են, թե ոչ, յուրաքանչյուրը պետք է ներկայացնի եւ փորձի հիմնավորել իր դիրքորոշումը. «Դրա համար եմ ասում՝ եկեք իրադարձություններից առաջ չընկնենք: Ամեն դեպքում մի բան կարող եմ ասել, որ նախորդ երկու հանդիպումներն ինձ թույլ տալիս են ասելու, որ իսկապես անհրաժեշտություն կա երկրում քաղաքական նոր մշակույթ ձեւավորելու, որտեղ գործիքը կլինի ոչ թե առճակատումը, այլ փոխադարձ տեսակետը լսելու մշակույթի ձեւավորումը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել