Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Անուշադրության մատնված հուշարձաններ

Օգոստոս 03,2011 00:00

Արցախում էլ դրանց թիվը փոքր չէ

\"\"

Արցախի տարածքում գտնվող պատմամշակութային հուշարձանների թիվը, ըստ նախնական տվյալների՝ շուրջ 10 000 է, մինչդեռ Արցախի պատմամշակութային հուշարձանների պահպանության եւ ուսումնասիրման բաժնի պետ Սլավա Սարգսյանն այն կարծիքին է, որ դրանք 15 000 են: Բոլորովին վերջերս Շուշի քաղաքից 2 կմ արեւելք հայտնաբերվել է վաղմիջնադարյան Կարկառ բերդաքաղաքը, մեկ շաբաթ առաջ էլ՝ ինքնատիպ ոճի ամրոց «Սարիկը»՝ Հադրութի շրջանում, իսկ օրեր առաջ Ասկերանի Փրջամոլ գյուղի մոտ հայտնաբերվել է կիկլոպյան տիպի ամրոց: Պատմամշակութային հուշարձանների պահպանության եւ ուսումնասիրման բաժնի պետի տեղեկացմամբ, Արցախի մշակութային ժառանգության մեծ մասը՝ շուրջ 60 տոկոսը, պատկանում է մոնումենտալ արվեստին, որոնք հիմնականում հանդիպում են Մարտակերտի շրջանում: «Կան գյուղեր, որտեղ 200-300 խաչքար կա ու դա զարմանալի չէ, քանի որ Խաչենի հովիտը եղել է քրիստոնեական կարեւորագույն կենտրոններից մեկը: Պատահական չէ նաեւ անունը՝ Խաչեն»,- պարզաբանում է Ս. Սարգսյանը:
1999 թվականին ԼՂՀ մշակույթի նախարարության կազմում ստեղծված եւ 2009-ից ԼՂՀ կառավարությանն առընթեր Զբոսաշրջության վարչության կազմում գործող պատմամշակութային հուշարձանների պահպանության եւ ուսումնասիրման բաժինը ոչ միայն հաշվառում, փաստաթղթավորում է ԼՂՀ տարածքում գտնվող հուշարձանները, այլեւ սահմանում է դրանց պահպանման գոտիները, որտեղ ագելվում է ծավալել տնտեսական որեւէ գործունեություն: Սակայն միշտ չէ, որ ինչ-որ հուշարձանի մոտակայքում գործունեություն ծավալելուց առաջ համաձայնեցվում է լիազոր մարմնի հետ: Նաեւ լինում են դեպքեր, երբ բաժին են ներկայացնում հուշարձանների վերակառուցման նախագծեր: Մեր զրուցակցի մոտ կար նման մի նախագիծ՝ Նոր շեն գյուղի եկեղեցու վերակառուցման համար: «Մեր գործում «վերակառուցում» հասկացություն չկա: Հուշարձանների դեպքում վերակառուցում չի լինում, լինում է վերականգնում, նորոգում, ծայրահեղ դեպքում՝ վերակազմություն»,- հստակեցնում է Ս. Սարգսյանը: Կբավարարվի՞ արդյոք վերոհիշյալ նախագծի հեղինակի առաջարկը, թե՝ ոչ, կորոշի գիտխորհուրդը: Սակայն Արցախում կան եկեղեցիներ, որոնք տարբեր ժամանակներում վերակառուցվել են. դրանցից է 17-րդ դարին պատկանող Շոշկավանքը, որն արդյունքում կորցրել է իր դեմքը: Վերականգնման հարցը ավելի է կարեւորվում, երբ խոսքը վերաբերում է գմբեթավոր եկեղեցիներին: Դրանք Ղարաբաղում քիչ են՝ ընդամենը մեկ տասնյակ, որոնցից որոշներն էլ ենթակա են վերականգնման: Դրանց թվին է պատկանում «Երից մանկաց» եկեղեցին, որի գմբեթը եթե փլվի, ապա այն կկորցնի իր նախկին արժեքն ու շուքը: Վերջինիս վերականգնումը նախատեսվում է իրականացնել հաջորդ տարի:
Եթե պատմամշակութային հուշարձանների մի մասի պահպանման գոտիները հստակեցված ու հաստատված են, բնության հուշարձանների դեպքում դա առհասարակ բացակայում է: Բնության հուշարձանների ցանկի կազմումը, անձնագրերի հաստատումը, դրանց պահպանման գոտիների սահմանումը իրականացնող ԼՂՀ կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի եւ բնական ռեսուրսների վարչությունը նախկին երեք տարիների ընթացքում ընտրել ու կազմել է առավել խիստ պահպանության կարիք ունեցող 90 բնության հուշարձանների ցանկը եւ նախատեսում է այն կառավարության հաստատմանը ներկայացնել չորրորդ եռամսյակում: Այս մասին տեղեկացրեց բնական ռեսուրսների կառավարման գործակալության պետ Ֆելիքս Դալլաքյանը: Որ ոլորտում կան խնդիրներ, որոնք հրատապ լուծում են պահանջում, չի ժխտում գործակալության պետը:
Պատմական Արցախի Վարանդա գավառում Սխտորաշեն գյուղի հանդամասում գտնվող հայտնի «Տնջրի» ծառը, որի բարձրությունը 54 մետր է, իսկ խոռոչի մակերեսը 44 քմ եւ որի սաղարթի տակ, ըստ սերնդեսերունդ փոխանցված ավանդապատման, հանգստանում էին Մ. Մաշտոցը, Մ. Խորենացին, Սայաթ-Նովան եւ շատ ուրիշներ, այսօր ահավոր վիճակում է: Դեռեւս 2000 թվականին կառավարության պատվերով կազմվել է Տնջրիի շրջակա տարածքը բարեկարգելու մասին նախագիծ, որը, սակայն, մնացել է թղթի վրա: Հսկա ծառի մի ճյուղը ջարդվել է կայծակից, այն մատնված է անուշադրության: Դրա հետ համամիտ է նաեւ Ֆ. Դալլաքյանը: Ականատեսներից մեկը պատմում է, թե ինչպես է հանդիպել փչակի ներսում հանգստացող երկու կովի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել