Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Թուրքիայում՝ առանց քաղաքականության

Օգոստոս 03,2011 00:00

Հայկական մթնոլորտ թուրքական քաղաքում՝  «Միսս 7 մայրցամաքի» շրջանակներում

\"\"

Հայկական ծագում ունեցող «Միսս 7 մայրցամաք» գեղեցկության եւ նորաձեւության միջազգային մրցույթ-փառատոնը այս տարի սեպտեմբերի 20-30-ին կկայանա Թուրքիայի Բոդրում քաղաքում. այդ մասին «Առավոտի» հետ զրույցում ասաց Համաշխարհային գեղեցկության եւ նորաձեւության լիգայի, «Միսս եւ միստր աշխարհ» միջազգային կազմկոմիտեի նախագահ Աշոտ Խաչատրյանը: Հիշեցնենք, որ այս մրցույթն առաջին անգամ անցկացվել է Հայաստանում 2009 թվին: Ըստ Ա. Խաչատրյանի, այն առաջին անգամ Հայաստանում անցկացնելը հատուկ էր արվել, որովհետեւ Հայաստանը երբեք չէր մասնակցել աշխարհի գեղեցկության մրցույթներին, եւ հիմնական պատճառը այս էր՝ կազմակերպել այնպիսի մրցույթ, որ հայ աղջիկներն էլ հնարավորություն ունենան մասնակցել այդպիսի գեղեցկության մրցույթներին:
Մեր զրուցակիցը նշեց, որ «Միսս 7 մայրցամաք» գեղեցկության եւ նորաձեւության միջազգային մրցույթ-փառատոնում այս տարի Հայաստանը ներկայացնելու է «Հայաստանի արքայադուստր-2010» գեղեցկության մրցույթի հաղթող, Չեխիայում «Princess of The World-2010»-ի մրցանակակիր («Հ1»-ի սերիալային հերոս «Աննա» հեռուստասերիալում Լիզայի դերակատար) Արեւիկ Գեւորգյանը, մրցույթին մասնակցելու համար դիմել է 30 երկիր:
Ա. Խաչատրյանն ասաց. «Միսս 7 մայրցամաքի» վերաբերյալ արձագանքները բավականին մեծ են, ու քանի որ տարբեր երկրներից մասնակից աղջիկները մասնակցել են մի շարք միջազգային մրցույթ-փառատոների, այս մրցույթի հրավերը ստանալուն պես վստահել են ինձ: Ասեմ նաեւ, որ գնալով ավելանում է մրցույթին մասնակցել ցանկացողների թիվը, սակայն ես աշխատում եմ ոչ թե քանակի, այլ որակի վրա: Ընտրում եմ շատ գեղեցիկ ու պրոֆեսիոնալ աղջիկների: Այն գեղեցկության եւ նորաձեւության մրցույթ է, հետեւաբար հաշվի է առնվում ոչ միայն աղջիկների արտաքին գեղեցկությունը, այլեւ կեցվածքը, տաղանդը: Ու, ի տարբերություն մյուս մրցույթների, մեծ ուշադրություն է դարձվում նաեւ աղջկա ինտելեկտի վրա: Մասնակից աղջիկները բոլորն էլ լավ պատրաստված են, բարձրագույն, նույնիսկ կրկնակի համալսարանական կրթությամբ: Ի դեպ, անցյալ տարի էլ Համաշխարհային գեղեցկության եւ նորաձեւության լիգան է անցկացվել Թուրքիայում, այս տարի կանցկացվի Հայաստանում: «Միսս 7 մայրցամաքը» կայանալու է Բոդրումում, որովհետեւ այնտեղ շատ լավ պայմաններ են առաջարկում: Հյուրանոցը բարձրակարգ է, կա ծով, նավ, Սուրբ Մարիամ եկեղեցին եւ այլն, ու ոչ մի քաղաքականություն:
Ես այն կարծիքին եմ, որ միջազգային մրցույթը պարտադիր չէ մշտապես անցկացնել նույն երկրում, հակառակը՝ անհրաժեշտ է տարածել այն ամբողջ աշխարհում»,- ավելացրեց Ա. Խաչատրյանը, հավելելով, որ մրցույթում տիրում է բարեկամական մթնոլորտ, բոլոր աղջիկները, ի տարբերություն մյուս մրցույթների, պարգեւատրվում են վկայականներով, տիտղոսներով, մրցանակներով: Ա. Խաչատրյանը նաեւ հայտնեց, որ մրցութը Բորդումում անցկացնելուց բացի, նաեւ առաջարկներ է ստացել եվրոպական երկրներից, սակայն մերժել է, որովհետեւ խնդիրներ կան աղջիկների մուտքի վիզաների հետ կապված. «Եղել են մրցույթներ, որ բավականին մեծ թվով աղջիկներ կանգնել են այս խնդրի առաջ: Որոշեցի Բոդրումն ընտրել, որովհետեւ այնտեղ չկա ոչ մի քաղաքականություն, ճնշում: Մրցույթի կազմակերպիչը ես եմ, թելադրողը ես եմ, Գեւորգ Շադոյանի հայկական հագուստների ցուցադրում է լինելու, հնչելու է հայկական երաժշտություն, մի խոսքով՝ տիրելու է հայկական մթնոլորտ»:
Նշենք, որ մոտ 100 միջազգային մրցույթ-փառատոն ներկայացնող Ա. Խաչատրյանը, որն արդեն 20 տարի է՝ ինչ անցկացնում է նաեւ մանկական գեղեցկության մրցույթ, հեղինակն ու հիմնադիրն է «Միսս եւ միստր աշխարհ» մրցույթ-փառատոնի՝ հայտնեց, որ «Միսս աշխարհի» հետ 5 տարի ձգվող դատական պրոցեսում հաղթել է ու ապացուցել, որ ինքն է այդ մրցույթի հիմնադիրը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել