Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե ասեմ ձմերուկ, կհասկանան թմրամիջոց

Օգոստոս 03,2011 00:00

1-ին կարգի հաշմանդամ դատապարտյալն անհույս է

«Առավոտի» խմբագրություն է դիմել ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ կալանավոր Գագիկ Կառլոսի Գյուլնազարյանը:
50-ամյա դատապարտյալ Գագիկ Գյուլնազարյանը հաշվառման մեջ է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի մեծահասակների պոլիկլինիկայում:
Ըստ բուժկենտրոնի տնօրեն Արա Մինասյանի պաշտոնական տեղեկանքի՝ որն ուղարկվել է ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ վարչակազմին, հիվանդ-դատապարտյալի մոտ հայտնաբերվել է «Ստորին վերջույթների հետթրոմբոտիկ հիվանդություն, սրունքի խրոնիկ խոց, ստորին վերջույթների 2-րդ աստիճանի իշեմիա»:
Ըստ մասնագետների, դատապարտյալը տառապում է նաեւ հեպատիտ C-ով, լյարդի ցիռոզով, թոքերի էմֆիզեմայով, քրոնիկ թոք-սրտային անբավարարությամբ:
Դատապարտյալը դիմել է նաեւ հանրապետության նախագահին: «Ես վատառողջ եմ, 1-ին կարգի հաշմանդամ: Ունեմ բազմաթիվ հիվանդություններ, որից 4-ն անբուժելի եւ մահացու, որի համար օրինական կարգով ստանում եմ օմնոպոն թմրամիջոց եւ թմրահաբ-քնաբեր: Վախենում եմ, որ մինչ իմ նկատմամբ դրսեւորվեն մարդասիրական սկզբունքներ եւ օրենքի գերակայությունը հաղթի, այն ինձ այլեւս պետք չլինի եւ մահկանացուս կնքեմ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում»,- գրում է դատապարտյալը:
Գագիկը, ըստ «Գրիգոր Լուսավորիչ» բուժկենտրոնի, օրինական ստանում է 2 տոկոսանոց 5 սրվակ օմնոպոն լուծույթ՝ սրսկման համար: Երիկամների ցավերից խուսափելու համար, պոլիկլինիկայի թմրադեղերի նշանակման մշտական հանձնաժողովի կողմից կատարված նշանակման համաձայն, նա օրինական կարգով ստանում է նաեւ 100 մգ տրամադոլ եւ 2 հաբ դիազեպամ: Ինչպես նկատեցիք, դատապարտյալն օրինական կարգով է ստացել թմրադեղերը (ոչ թմրամիջոցը), սակայն նրան մեղադրանք է հարուցվել ապօրինի թմրամիջոցի առքուվաճառքի համար:
Մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական տարածքների ընդհանուր իրավասության դատարանը, Կ. Ֆարխոյանի նախագահությամբ, հուլիսի 25-ին Գագիկ Գյուլնազարյանին դատապարտել է 9, 6 տարվա ազատազրկման:
«Ես Պարսկաստան եղե՞լ եմ, որ թմրադեղը իբր բերել են Պարսկաստանից, ով ումից է առել, չգիտեմ: Նախնական պայմանավորվածություն կամ աջակցություն իմ կողմից չի եղել: Ինչ ապացուցեմ: Դատավճռում գրված է, որ Սամվել Դեմիրճյանի եւ Գագիկ Գյուլնազարյանի ձայնագրությունների սղագրություններով 9 անձանց հետ թմրամիջոցների ձեռքբերմամբ եմ զբաղվել: Դատարանը ոչ մի միջոց ձեռք չառավ վկաներին նիստերի դահլիճ բերելու, չհրապարակեց նրանց վկայությունները, որտեղ իբր ես թմրամիջոցների առքուվաճառքով եմ զբաղվել»,- գրում է հիվանդ-դատապարտյալը: «Ի՞նչ է ստացվում,- հարցնում է նա,- ով զանգում-դեղ է ուզում, պիտի դատեք, ով զանգում դեղ է առաջարկում, էլի պիտի դատեք»:
Վկաներից Կամո անունով մեկը նույնիսկ գրել էր, թե իմացել է, որ Գագիկը հիվանդության պատճառով օգտագործում է թմրամիջոց: Այսինքն, նրան դիմել է ոչ որպես իրացնողի, այլ որպես հիվանդի, որն օգտագործում է թմրադեղը: Այս վկան գրել էր նաեւ. «Մի երկու անգամ Գագիկը թմրամիջոց է հյուրասիրել, եւ ինքը բուժվել է»: Սակայն հետագայում այս վկան թմրամիջոցի անունը որոշակիացնում է եւ վկայություն տվել, թե Գագիկը ափիոն է իրացրել:
«Եթե ասեին դեղամիջոցի հետ Գագիկը տանկ էլ էր իրացնում, հավատացեք, զենքի հոդված էլ կդնեին վրաս»,- գրում է դատապարտյալը: Դատապարտյալը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ իրեն դատապարտել են թմրամիջոցը իրացնելու համար, սակայն այն 9 անձինք պատասխանատվության չեն ենթարկվել որպես իրացնող: Այս ամենը՝ ըստ Գ. Գյուլնազարյանի, մի անուն ունի. որ այդ 9 անձինք ուղղակի համագործակցել են իրավապահ մարմինների հետ կամ եղել են նրանց մարդիկ:
Ի դեպ, Գագիկից «անջատված գործով» անցնում է Երեւանի Ճարտարագիտական համալսարանի մի դասախոս (Աշոտ Հ.-ն), որը ներկայումս գտնվում է Թեհրանի բանտում: 5 տարվա ազատազրկման դատապարտված դասախոսը, ըստ մեր տեղեկությունների, Իրանից օգնել էր, որպեսզի ճամպրուկը տեղափոխվի Երեւան:
Գագիկը խնդրում է իր գործը վերանայել, իրեն չդատապարտել չարած բանի համար եւ քանի որ մայրը մահամերձ է, խնդրում է ազատ արձակել իրեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել