ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մոսայանը պատասխանում է նոր փոփոխությունների մասին հարցերին:
– Պարոն Մոսայան, Անշարժ գույքի պետական կոմիտեն օրեր առաջ ստանձնեց նոտարական գործառույթներ: Դրանով իսկ կադաստրի լիազորությունները մեծացան, որով դժվարացավ քաղաքացիներին ծառայություններ մատուցելու խնդիրը: Ի՞նչ լիազորություններ եք ստանձնել:
– Ճիշտ հակառակ պատկերն է: Տեղի ունեցածը օգտակար ձեռնարկ է: Խոսքը հանրապետության նախագահի, վարչապետի հանձնարարականի հիման վրա օրենքում կատարված փոփոխության մասին է: Բարեփոխումների արդյունքում փոխվեց գույքի նկատմամբ իրավունքների գրանցման մասին ՀՀ օրենքը: Գործող օրենքով սահմանված էր, որ անշարժ գույքի հետ կապված ցանկացած գործարք ենթակա է նոտարական վավերացման, պարտադիր, 30-օրյա ժամկետում:
Դրանից հետո էր միայն կադաստրը իրականացնում գույքի գրանցումը:
Կան երկրներ, որտեղ գույքի գրանցումն իրականացվում է առանց նոտարական վավերացման, կան երկրներ, որտեղ դատարաններին է վերապահված այդ գործառույթը, կամ գրանցվում է առանձին մարմնի կողմից:
Կառավարության կողմից առաջիկայում կընդունվի օրինակելի պայմանագրերի ձեւեր: Գործարքը կողմերի ցանկությամբ կարող է լինել նոտարական վավերացմամբ, իսկ եթե կողմը չի ցանկանում, կարող են դիմել կադաստրին: Կադաստրում կստուգվեն անձի ինքնությունը հաստատող փաստաթղթերը եւ կընդունվի կողմերի կողմից ստորագրված պայմանագիրը: Բնականաբար, ընթացք կտրվի: Դրա դիմաց որեւէ վճար, պետական տուրք, սակագին նախատեսված չէ, ի տարբերություն նոտարների:
– Բոլո՞ր նոտարական գործարքների մասին է խոսքը:
– Ոչ: Մեզ կարող են դիմել առուծախի, հիփոթեքի, սովորական վարձակալության, նվիրատվության ժամանակ: Ժառանգության գործերը միանշանակ նոտարներինն է:
– Պարոն Մոսայան, դատարաններում հաճախ ենք ականատես լինում, երբ քաղաքացիներն անշարժ գույքի նկատմամբ միաժամանակ մի քանի գործարք են արել, մասնավորապես, եւ կտակ, եւ նվիրատվություն: Դա պայմանավորված է պետության նկատմամբ վստահության պակասով (թող ավելի լինի, պակաս չլինի) կամ քաղաքացիների ցածր իրավագիտակցությամբ: Հիմա ինչ կստացվի. կադաստրում նվիրատվություն անեն, հետո պարզվի, որ նոտարականում էլ կտակ կա՞:
– Քաղաքացին ինքն է որոշում, թե ում կարող է դիմել: Մինչ հունվարի 1-ը ժամանակ դեռ կա: Մենք օգտվում ենք նաեւ էլեկտրոնային կառավարման կապից եւ ինֆորմացիայի փոխանակման առումով համագործակցելու ենք ոստիկանության, սոցապնախարարության, այլոց հետ:
– Դուք ակնարկեցիք պայմանագրերի մասին: Հնարավո՞ր է, որ դրանք այնքան խրթին լինեն, որ սողանքներ թողնեն կոռուպցիոն ռիսկերի համար:
– Հարցը մի քանի անգամ քննարկվել է վարչապետի մոտ, նա էլ հանձնարարել է արդարադատության նախարարին: Մենք պիտի աշխատենք պարզ: Եթե քաղաքացին բնակարան է վաճառում, պիտի հստակ լինի. ինչ գնով, ինչ ժամանակներում, իսկ մեր մոտից միասնական տեղեկանք կտրվի քաղաքացուն, որ վաճառվող գույքը կալանքի տակ չէ:
– Պատրա՞ստ եք քաղաքացիների սպասարկումն առանց հերթերի ապահովել:
– Այո: Մենք Երեւանում նախատեսել ենք տարածքային ստորաբաժանում ստեղծել, որը կզբաղվի գույքի գրանցման հարցով: Դա կկարգավորվի կոմիտեի նախագահի հրամանով: Եթե տեսնենք, որ գրասենյակներում ծանրաբեռնվածություն կա, կձեւավորենք նոր գրասենյակներ:
Քաղաքացին կարող է դիմել ՀՀ ցանկացած ստորաբաժանում անկախ գույքի գտնվելու վայրից: Կարող է դիմել նաեւ էլեկտրոնային եղանակով տեղեկատվություն ստանալու համար:
– Պարոն Մոսայան, ստացվում է, որ եթե ինչ-որ մեկին պետք է իմ հասցեն իմանալ, ապա այն կարող է ստանալ էլեկտրոնային կապի միջոցով: Իսկ դրանով չի՞ խախտվում իմ անձնական գաղտնիքը:
– Ամեն մարդ չի կարող մտնել էլեկտրոնային համակարգ: Օրենքով սահմանված կարգով կմատուցենք ծառայություներ:
– Այլ նորարարություններ կա՞ն:
– Մենք պետական հաշվառում չենք ունենալու: Համայնքը հողը վաճառում էր, հետո չափագրում, բերում էին մեզ մոտ:
Մեր կողմից պարտադիր չափագրումը վերացվեց: Քաղաքացին պատվեր կտա մասնավորին: Այսինքն, մենք անդրադառնալու ենք միայն օրինական գույքի գրանցմանը: Կառավարության 719 որոշմամբ փոփոխություններ եղան, որով թույլատրվեց քաղաքային բնակավայրում ավելի զավթած հողատարածքի վրայի օրինական գույքը գրանցել: Վաղը դրա հետ գործ չենք ունենալու:
Դրանով կզբաղվի համայնքը: Մենք այդպիսով պետական չինովնիկի եւ քաղաքացու շփումը հասցնում ենք նվազագույնի, հետեւաբար, նվազում են կոռուպցիոն ռիսկերը:
– Ի՞նչ երաշխիք, որ համայնքայինը՝ մասնավոր չափագրումը ճիշտ կանի: Վերահսկողությունն ինչպե՞ս է իրականացվելու:
– Մեզ մոտ կան կադաստրային քարտեզներ: Երբ հատակագիծը կբերեն, եւ մեր քարտեզի վրա «չի տեղավորվի», նշանակում է, չափագրումը սխալ է եղել, գույքը չի գրանցվի, եւ չափագրողն էլ պատասխան կտա: Ի դեպ, եթե գույքը մի անգամ գրանցված է, փոփոխություն չի իրականացվել, չափագրում այլեւս չի լինի: