Հայաստանում գնաճը այս տարվա հուլիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ կազմել է 6,3%:
Ազգային վիճակագրական ծառայությունը գների նվազում է նկատել միայն վերջին 2 ամիսներին: Հուլիսին սպառողական գները հունիսի նկատմամբ նվազել են 3%-ով: Էժանացել են հատկապես բանջարեղենը, միրգը: «Սոզոնայնությամբ է պայմանավորված»,- երեկվա ասուլիսում բացատրեց Ազգային վիճակագրական ծառայության ներկայացուցիչ Գուրգեն Մարտիրոսյանը՝ նկատելով, որ, ամենայն հավանականությամբ, օգոստոսին էլ գների նվազման միտումը կշարունակվի:
Անդրադառնալով թանկացումներին, Գ. Մարտիրոսյանը ասաց, որ նախորդ տարվա համեմատությամբ՝ այս ամիսներին թանկացել են մսամթերքը, կաթնամթերքը, հացամթերքը, ձուն, կենդանական, բուսական յուղը, շաքարավազը, թեյն ու կակաոն: Վերջին ամիսներին ոչ մի լումայով չի էժանացել դիզվառելիքը: Դեռ նախորդ ամռան համեմատ էլ 23,2%-ով թանկացել է բենզինը, դիզելային վառելիքն էլ՝ 28,4%-ով: