Սփյուռքահայ երիտասարդները կարծում են, որ հայերը պետք է ունենան միասնական նպատակ
Երեկ ՀՀ սփյուռքի նախարարությունում հանդիսավոր ցերեկույթով մեկնարկեց «Երիտասարդ առաջնորդների ամառային դպրոց» առաջին համահայկական ծրագիրը, որին մասնակցում է 10 երկրից (Ռուսաստան, Ուկրաինա, Էստոնիա, Սիրիա, Վրաստան, Արաբական Էմիրություններ, Իսպանիա, ԱՄՆ, Հոլանդիա) 24 սփյուռքահայ՝ իրենց համայնքում 21-30 տարեկան ակտիվ երիտասարդներ։ Մասնակիցները հոգացել են միայն իրենց ճանապարհածախսը, երկշաբաթյա դպրոցի դասախոսությունների, այցերի եւ մշակութային ծրագրի համար ՀՀ պետական բյուջեից հատկացվել է 4,5 միլիոն դրամ:
Սփյուռքահայ ակտիվ երիտասարդներին ողջունեցին հայ Վարդան քահանա Նավասարդյանը, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը եւ այլք: Երիտասարդներն էլ ողջույնի պատասխան խոսք հղեցին:
Հայր Վարդանը նկատեց, որ սրտի անհուն ուրախություն է հայ երիտասարդին հայոց հողի վրա ողջունելը: Երիտասարդներն ասացին, որ ուրախ են Հայաստանում լինելու համար:
Հայր Վարդանն ասաց, որ հայկական շատ համայնքներում այսօր լեզվի, հավատքի, հայրենասիրության, հայ հոգեւոր եւ մշակութային արժեքների նահանջ կա: Երիտասարդները համաձայն էին: Երկու կողմերն էլ վստահ էին, որ այսօրինակ ծրագրերով կամրապնդվեն սփյուռք-սփյուռք եւ հայրենիք-սփյուռք կապերը եւ այդ կամուրջը անխորտակելի կդառնա:
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ասաց, որ «Երիտասարդ առաջնորդների ամառային դպրոց» ծրագրի հաջողությունը կախված է նրանից, թե որքան հետաքրքիր կլինի առաջին փորձը: Ըստ Հրանուշ Հակոբյանի՝ հայրենադարձություն չի նշանակում անպայման վերադառնալ եւ ապրել Հայաստանում, նշանակում է ինքդ քեզ հարց տաս՝ ես ինչ տվեցի Հայաստանին: «Ինչքան կրթված, բանիմաց, գիտելիքակիր ու մրցունակ լինի հայ երիտասարդը, այնքան Հայաստանը կարող է շահել՝ անկախ նրանից, թե որ երկրում է ապրում այդ երիտասարդը: Դուք պետք է լինեք ձեր երկրների լավագույն քաղաքացին, բայց չմոռանաք ձեր հայրենիք Հայաստանի մասին»,- պատգամեց Հրանուշ Հակոբյանը: Հայաստանի ներկայացուցիչները սփյուռքահայ երիտասարդներին առաջարկեցին՝ «ինչո՞ւ ես»-ի փոխարեն առաջնորդվել «ինչու ո՞չ ես» սկզբունքով:
«Երիտասարդ առաջնորդների ամառային դպրոց» երկշաբաթյա ծրագրով երիտասարդները բազմաթիվ դասախոսություններ են լսելու. տեղեկատվության տարածման ժամանակակից միջոցները, հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հրամայականը, Հայաստան-սփյուռք գործակցության զարգացման հայեցակարգը եւ երիտասարդության դերը դրանում, հայ երիտասարդությունը եւ աշխարհաքաղաքական մարտահրավերները, արցախյան հիմնախնդիրը եւ ԶԼՄ-ների գործունեությունը, Հայաստանի պետական կարգը, ներքին եւ արտաքին քաղաքականության հիմնական ուղենիշները եւ այլն:
Մոսկվայից ժամանած Մարիա Իլինայի հայրը ռուս է, մայրը՝ հայ: Մեզ հետ զրույցում Մարիան ասաց, որ մեր օրերում կարեւորը կրթությունն է, հետեւաբար՝ այս դասախոսությունները կարեւոր են: Այսօր տեղեկատվության պակաս չկա, բայց հարկ է ընտրել այն, որը կարող է երկրին օգուտ բերել: «Այս դասախոսությունները կօգնեն լավ ճանաչել Հայաստանը, նրա պետական կառուցվածքն ու կարգը եւ լավ ներկայացնել Հայաստանը օտար ափերում: Հայերը այլ երկրներում լավ ընտրազանգված են եւ ճիշտ լոբբինգը կարեւոր է: Հայերը պետք է ունենան միասնական նպատակ»,- ասաց Մարիա Իլինան: