Դեղերի շուկան ազատականացնելու՝ կառավարության որոշումից անցել է մոտ 5 ամիս, սակայն դեղերի շուկայում փոփոխություններն առայժմ ի վնաս
գործարարների են, դեղերն էլ չեն էժանանում:
Այս տարվա մարտի 10-ին ՀՀ կառավարությունը մեր երկրի դեղերի շուկան ազատականացնելու որոշում ընդունեց: Եվ չնայած վարչապետ Տիգրան Սարգսյանը այդ որոշումը հիմնավորեց Հայաստանում դեղերի գների նվազմամբ եւ մրցակցությունը խթանելով, դեղոլորտի տասնյակ կազմակերպություններ՝ ներմուծողներ, արտադրողներ, օտարերկրյա դեղագործական ընկերությունների հայաստանյան ներկայացուցչություններ, այդ որոշման առնչությամբ իրենց խիստ մտահոգությունը հայտնեցին: Նրանք գտնում են, որ կառավարության թիվ 581 որոշումը շուկան կլցնի կեղծ դեղերով, կհանգեցնի ոչ թե դեղերի մրցակցային շուկայի ստեղծմանը, այլ մենաշնորհմանը, մեծ վնասներ կհասցնի դեղերի խոշոր ընկերությունների՝ մեր երկրում գործող ներկայացուցչություններին, կխոչընդոտի ՀՀ շուկային՝ ինտեգրվել ավելի խոշոր շուկաներին եւ այլն: Նշենք, որ «Առավոտն» իր 03.04.2011թ. «Մրցակցություն՝ կեղծ դեղերի հաշվի՞ն» հրապարակման մեջ մանրամասն անդրադարձել էր դեղշուկայի մասնագետների մտահոգություններին:
Դեղշուկայի մասնագետները նաեւ մտավախություն էին հայտնել, որ կառավարության որոշումից հետո դեղգործակալությունն ի զորու չի լինելու սպասարկել փաթեթավորման փոփոխությամբ դեղամիջոցների ներհոսքը, որը հետագայում էլ պիտի անընդհատ աճի:
Այդ որոշումից անցել է մոտ 5 ամիս եւ հաշվի առնելով, որ մեր երկրում դեղը ամենաշատ սպառվող ապրանքներից է, ուստի այդ 5 ամիսների ընթացքում էլ դեղերի շուկայում դրական տեղաշարժը պետք է որ նկատելի լիներ:
Սակայն, այս ամիսների ընթացքում, ոչ միայն դեղերի գները չեն նվազել, այլեւ դեղշուկայի մասնակից որոշ ընկերություններ սկսել են վնասներ կրել:
Դեղերի շուկայում առկա հիմնախնդիրների մասին «Առավոտը» զրուցեց «Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի» տնօրեն Հակոբ Թոփչյանի հետ: Մեր այն դիտարկմանը, թե շուկայում դեղերի գներն այդպես էլ չնվազեցին, չնայած որ որոշման հիմքում հենց այդ պատճառաբանությունն էր դրված, պարոն Թոփչյանը պատասխանեց. «Գների քաղաքականությունը մեր կենտրոնի խնդիրը չէ: Դրա համար ուրիշ մարմիններ կան: Ճիշտ եք, այդ որոշման հիմքում ընկած հիմնական հիմնավորումներից մեկը հենց դա է եղել: Բայց թե հիմա գներն իջել են, թե ոչ, ես չեմ կարող ասել: Ի սկզբանե ՀՀ կառավարության թիվ 581 որոշման գաղափարախոսությունն ինձ համար այնքան էլ պարզ չէր, մինչեւ որ վարչապետի մոտ հանդիպում ունեցանք դեղեր արտադրողների եւ ներկրողների հետ եւ պարզ դարձավ, որ հիմնական գաղափարախոսությունը մեկն էր՝ շուկայում գների կարգավորումը: Դեղերի շուկայական գները դարձել էին անկառավարելի: Իրոք, շուկայում առկա էր դեղերի անբացատրելի բարձր գին: Այդ որոշումը հետապնդում էր մի նպատակ, որ դեղերի գները մոտ 20-25%-ով նվազեն եւ դա արդեն իսկ առանձին դեղի պարագայում իրական փաստ է: Հետագայում համեմատելով նույն պրոբլեմի լուծման ուղիները Եվրոպայի հետ, պարզվեց, որ այնտեղ եւս առկա է ներմուծման զուգահեռ տարբերակը, այն է՝ տարբեր շուկաներից դեղի ներկրումը երկիր, ինչը բնականաբար բերում է շուկայական գների իջեցմանը»:
Նկատենք, որ այս ամիսների ընթացքում դեղերի գները, իջնելու փոխարեն, մի բան էլ բարձրացել են, օրինակ՝ թանկացել է լայն կիրառվող ադենոլոլ դեղը, իսկ այն դեղերն էլ, որոնք էժանացել են, ապա զուտ սեզոնով պայմանավորված. քանի որ ամռանը առեւտրաշրջանառությունը նվազում է, դեղերի բիզնեսով զբաղվող տնտեսվարողները որոշ դեղեր պարզապես ակցիայի տակ են վաճառում՝ եկամուտներ չկորցնելու նպատակով: Մի կարեւոր հանգամանք եւս. որոշ տեղական ընկերություններ, որոնք մինչ օրս ներկրում էին իրենց կողմից գրանցած այս կամ այն դեղամիջոցը, կառավարության որոշումից հետո մտադիր են շատ դեղեր չվերագրանցել: Պատճառն այն է, որ դեղի գրանցման կամ վերագրանցման գործընթացը բավականին բարդ է եւ ծախսատար, սակայն այդ ամենը հաղթահարելուց հետո, մեկ այլ ներկրող ընկերություն կարող է հանգիստ ներկրել հենց նույն արդեն գրանցված դեղամիջոցից՝ առանց որեւէ դժվարության եւ ծախս անելու: Արդեն իսկ իր որոշ դեղամիջոցներ հրաժարվել է վերագրանցել, օրինակ՝ «Արտեմիդ» ներմուծող դեղագործական ընկերությունը, եւ չի բացառվում, որ մեր դեղերի շուկան համալրվելու փոխարեն՝ դեռ մի բան էլ կորուստներ ունենա:
Ինչ վերաբերում է դեղոլորտի մասնագետների այն մտահոգություններին, թե փորձագիտական կենտրոնն ի վիճակի չէ սպասարկել փաթեթավորման փոփոխությամբ դեղամիջոցների ներհոսքը, քանի որ կառավարության որոշումով պայմանավորված՝ բոլոր ներկրված դեղերը պետք է 100%-ով ստուգվեն, պարոն Թոփչյանը պատասխանեց. «Կառավարության որոշումն ընդունելով՝ մեր կազմակերպության վրա ավելի մեծ պարտականություններ դրվեցին: Մեր աշխատանքը դառնում է ավելի պատասխանատու, եթե մինչ այդ մենք առաջնորդվում էինք գրանցանմուշների հետ ներկրվող դեղերի նույնականացման արդյունքներով, ապա 581 որոշման մեջ փոփոխություններ կատարելուց հետո նույնականացման արդյունքում հաշվի են առնվում միայն այն անհամապատասխանությունները, որոնք չեն ազդում դեղի որակի անվտանգության եւ արդյունավետության վրա, որի հետ կապված՝ մեծանում է այդ դեղերի լաբորատոր փորձաքննությունների ծավալը: Մենք միակ հանրապետություններից մեկն ենք, որ ներկրվող դեղը ստուգում ենք սահմանի վրա, այսինքն՝ մուտք եղած բոլոր դեղերը, որոնք գալիս են, դրանք ենթարկվում են որակի (լաբորատոր) ստուգման՝ 10-15%-ով եւ նույնականացման՝ 100%-ով, այսինքն՝ դա այն սահմանն էր, որի շնորհիվ մենք կանխում էինք չգրանցված եւ կեղծ դեղերի մուտքը:
Ինչ խոսք, նման պայմաններում լարվածությունն ու աշխատանքն ավելացել են: Սակայն ինչ վերաբերում է թիվ 581 որոշումով բերվող դեղերին, ապա դա այնքան մեծ ծավալներ չի կազմում, որ չհասցնենք կամ չկարողանանք ստուգել: Մենք, առողջապահության նախարարության հետ համաձայնեցնելով, մի փոքր շեղում ենք տվել լաբորատորիայի ռեժիմի մեջ, այսինքն՝ եթե մենք առաջ աշխատում էինք ժամը 9-ից երեկոյան 17.30-ը ապա հիմա կարիքի դեպքում աշխատում ենք հերթափոխով, մի խումբը ժամը 9-17.30-ն է աշխատում, մյուս խումբը՝ մինչեւ երեկոյան ժամը 21-ը: Այժմ սկսել ենք կարիքի դեպքում 2 հերթափոխով մաքսազերծել դեղերը, որպեսզի դեղ ներկրողները չտուժեն, նրանք շտապում են դուրս գալ շուկա եւ բողոքում են, թե անիմաստ տեղը ուշացրին իրենց ապրանքը, սակայն ոչ ոք չի ուզում հասկանալ, որ ժողովրդի անվտանգության ապահովումը շատ ավելի կարեւոր է: Բացի այդ, մենք պետք է մեր լաբորատոր սարքավորումները ավելացնենք, առողջապահության նախարարն ասել է, որ պետք է ավելացնենք եւ դա մենք կանենք, աշխատակիցների կազմը կհամալրենք թե՛ քանակապես, թե՛ որակապես: Եվ, իհարկե, շուկան մեզ ստիպում է նոր սարքավորումներ դնել, նոր մեթոդներով աշխատել եւ զարգանալ գիտության նորություններին համընթաց: Նշեմ նաեւ, որ Հայաստան ներմուծվում է այնպիսի դեղերի քանակություն, որոնք մենք ի վիճակի կլինենք հսկել, քանի որ յուրաքանչյուր ներմուծող բերում է այնքան, ինչքան իրացվում է եւ ավելորդ դեղի կուտակում տեղի չի ունենա»:
Մեր հարցին, թե շուկան ազատականացնելուց հետո ներկրման ծավալները որքանո՞վ են ավելացել, կամ գրանցվե՞լ են նոր անուն դեղեր, կենտրոնի տնօրենը պարզաբանեց. «Շուկան ազատականացնելուց հետո գրեթե չեն ավելացել նոր անուն դեղեր, ինչ էլ, որ լինում է՝ իր բնականոն աճն է, մեկը դուրս է գալիս, մյուսը մտնում է»: Ինչ վերաբերում է ներկրվող ծավալների ավելացմանը, ապա նախորդ տարվա համեմատությամբ շրջանառությունը մոտ $2 միլիոնով է ավելացել, ինչը, պարոն Թոփչյանի ներկայացմամբ՝ շատ քիչ է: