Երեկ միտինգավորների «պատվին» դարձյալ պարալիզացվել էր Գյումրի-Երեւան միկրոավտոբուսների աշխատանքը: Ուղեւորները դարձյալ խանձող արեւի տակ անհույս սպասում էին տրանսպորտի: Ավտոկայարանի ավագ դիսպետչեր Գագիկ Ավետիսյանն այս անգամ ուղեւորների կուտակումները կապեց Վարդավառի տոնի հետ. ըստ նրա՝ 2 օր առաջ երեւանաբնակ գյումրեցիները եկել են հայրենի քաղաք՝ հանգստանալու, տոնը նշելու, իսկ հիմա միկրոավտոբուսների քանակի սղության պատճառով ստիպված են տրանսպորտի սպասել: «Սպասում ենք, որպեսզի միկրոավտոբուսները Երեւանից հետ գան, նոր էս մարդկանց ճանապարհենք Երեւան»,- մեզ փորձեց համոզել դիսպետչերը: Ի վերջո, ո՞ւմ մտահղացումն է հանրահավաքի օրերին ուղեւորափոխադրող տրանսպորտի պարալիզացումը՝ իշխանությունների հրահա՞նգն է, թե՞ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանի կողմից իշխանություններին մատուցվող ինքնակամ ծառայություն: Հիշեցնենք, որ Գյումրիի ավտոկայարանն ու Գյումրի-Երեւան ուղերթը սպասարկող «Տրանս ակնթարթ» կազմակերպությունը պատկանում է պատգամավորի ընտանիքին: Մեր հարցին ի պատասխան՝ Գագիկ Ավետիսյանը մեկ անգամ եւս կրկնեց նախորդ հանրահավաքի ժամանակ հնչեցրած իր խոսքերը. «Ինչքան որ ես աշխատել եմ, չեմ տեսել, որ միտինգավորը գա մեզ մոտ, հասարակական տրանսպորտով գնա միտինգի, իրանք իրանց վարձում են ավտոբուսներն ու գնում են: Հասարակական տրանսպորտը քաղաքականության հետ կապ չունի, մեզ էլ որեւէ հրահանգ իջեցված չէ»: Ի դեպ, Գյումրիի ՀՀՇ կառույցի ղեկավար Մուրադ Գրիգորյանը ավտոկայարանում ստեղծված քաշքշուկը որակեց որպես «տղայական շուստրիություն»: