Հուլիսի 30-ին Բաթումից Հայաստան վերադարձողների մղձավանջը, որի արդյունքում նրանք 14 ժամ ուշ են հասել տուն, Հարավկովկասյան երկաթուղու պատասխանատուները որակել են «չվերթի աննշան խափանում»:
Լրատվամիջոցներն արդեն անդրադարձել են շաբաթ օրը Բաթումից Հայաստան վերադարձող գնացքի հարկադիր կանգառին:
Երեկ «Առավոտի» հետ զրույցում, անդրադառնալով այդ էքստրեմալ ուղեւորությանը, գնացքի ավելի քան 300 ուղեւորներից մեկը՝ Լիանա Դոյդոյանը, ասաց, որ իրենք հետեւողական են լինելու եւ պահանջելու են, որ ՀԿԵ-ն փոխհատուցի իրենց ֆինանսական եւ բարոյական վնասները: «ՀԿԵ-ի մամուլի քարտուղար Վահե Դավթյանն ասել էր՝ իբրեւ իրենք «Արմենիա» գնացքի ուղեւորներին ապահովել են ամեն ինչով, եւ անգամ, որ իբրեւ ուղեւորները Երեւան հասնելուն պես շնորհակալություն են հայտնել իրենց: Ես հայտարարում եմ, որ ոչինչ էլ ՀԿԵ-ն չի ձեռնարկել իր ուղեւորների անվտանգությունը եւ տանելի պայմաններն ապահովելու համար, եւ չկա որեւէ պատճառ, որի համար որեւէ ուղեւոր շնորհակալություն կհայտներ»,- պնդում է մեր զրուցակիցը:
Ըստ Լ. Դոյդոյանի, Բաթումից գնացքը շարժվել է հուլիսի 30-ին, ժամը 13.30-ին, իսկ 19.10-ին չնախատեսված կանգառ է արել Գորիի կայարանում, մինչեւ 8-8.30-ը գնացքի ուղեկցորդներն իրենց բոլոր հարցերին պատասխանել են «ոչինչ չգիտենք»-ով, ապա հայտարարել են, որ Մցխեթ քաղաքի մոտ վթար է տեղի ունեցել, նավթատարներ են շուռ են եկել, պիտի սպասեն, մինչեւ վթարի հետեւանքները վերանան:
«Քանի դեռ մութը չէր ընկել, մարդիկ հանգիստ էին, սակայն արդեն ժամը իննի կողմերը լարվածություն սկսվեց: Գնացքի ղեկավարին տարբեր տարբերակներ էինք առաջարկում, թե ինչ անել, ասում էինք՝ Գորիում տեղավորեք մեզ, քանի որ զգում էինք, որ այդ հարցը մինչեւ առավոտ չի լուծվելու, չէին համաձայնվում: Վիճակը գնալով անտանելի էր դառնում: Մարդիկ հոգնել էին, սոված էին, բացի դա էլ՝ գնացքի երկար չշարժվելու արդյունքում գնացքի մեջ օդափոխությունը չէր աշխատում, հոսանք չկար, սանհանգույցներն էին ահավոր վիճակում եւ այլն… Լարվածությունն ավելանում էր, քանի որ մեզ անընդհատ ասում էին՝ մի ժամից կշարժվենք, բայց չէինք շարժվում: Երբ 12-ը դարձավ, բոլորի համբերությունը հատեց, գնացքի ղեկավարի վրա էին բոլորը գոռում, մինչեւ նա զանգեց Երեւան՝ իր հերթափոխի պետին, բայց նա էլ ոչ մի հարց չլուծեց: Որքան պնդում էինք՝ մեզ կամ տրանսպորտով հասցրեք Թբիլիսի, կամ այստեղ մի տեղ տեղավորեք, պայմաններ ստեղծեք, ոչինչ չէին անում: Քանի որ գնացքում անտանելի տոթ էր, եւ հնարավոր չէր ներս մտնել, մարդիկ ստիպված ներքնակները հանեցին դուրս, երեխաները հենց փողոցում ասֆալտի վրա պառկեցին, քնեցին: Դրա՞ համար պիտի շնորհակալ լինենք ՀԿԵ-ից: Ես ՀԿԵ-ի մամուլի պատասխանատուին ասում եմ, որ դիմելու ենք դատարան, որպեսզի դրամական փոխհատուցում ստանանք այս անտանելի սպասարկման համար, ասում է՝ դիմեք, մեկ է՝ չեք կարող ապացուցել, մենք բոլոր կենսապայմաններն ապահովել ենք: Դա բացարձակ սուտ է, հայտարարում եմ»,- ասում է Լ. Դոյդոյանը:
Երբ արդեն հույսները կտրել են, թե որեւէ մեկն ընդհանրապես բանի տեղ կդնի իրենց, քանի որ Երեւանում ՀԿԵ-ի պատասխանատուները քնած էին, իսկ Վրաստանը որեւէ պատասխանատվություն չէր ցանկանում կրել ՀԿԵ-ի ուղեւորների համար, ի վերջո, գիշերը ժամը 3-ին գնացքը շարժվեց, բայց ընդամենը մինչեւ Մցխեթ: «Ժամը 5-ի մոտ հասանք վթարի վայրին ավելի մոտ մի տեղ, եւս մի երեք-չորս ժամ այդտեղ ենք սպասել՝ մինչեւ առավոտյան ժամը 9-ը: Այ, այդտեղ էր, որ ինչ-որ մեկը բարեհաճեց ինչ-որ փոքրիկ բուտերբրոդներ եւ «կոկա-կոլա» բաժանել, բայց՝ միայն երեխաներին: Այն կուպեում, որտեղ երեխա չկար, բուտերբրոդ էլ չէին տալիս: Առավոտյան 9-ին շարժվեցինք, հասանք Թբիլիսի, այնտեղ տեսանք ՀԿԵ ներկայացուցչին, որը, իբրեւ թե, մեզնից ավելի էր բարկացած: Բանն այն է, որ նույնքան ժամանակ էլ Երեւանից Բաթում մեկնող գնացքն է Թբիլիսում կանգնել: Հա, իմիջիայլոց, երբ դեռ Գորիում մենք առաջարկում էինք ավտոբուսներով մեր գնացքի ուղեւորներին հասցնել Թբիլիսի, իսկ Երեւանից եկող գնացքի ուղեւորներին հասցնել Գորի, եւ փոխանակվենք, գնանք, չէին համաձայնում եւ ասում էին՝ «այդ մյուս գնացքում մաքուր անկողին որտեղի՞ց գտնենք», կամ՝ «եթե հանկարծ այդ ավտոբուսներին մի բան պատահի՝ ո՞վ է պատասխան տալու»: Սակայն իրականում նրանք ոչինչ չէին ձեռնարկում մի պատճառով՝ որպեսզի փող չծախսեին իրենց ուղեւորների վրա: Թբիլիսիում, երբ սննդի մասին խոսեցինք, ՀԿԵ-ի պատասխանատուն ասաց՝ այստեղ չենք կարող, բայց ձեզ խոստանում եմ, որ հենց հասնեք Այրում, ձեզ անպայման սննդով կապահովեն: Այնինչ, երբ հասանք Այրում, հասկացանք, որ դա ուղղակի սուտ էր, քանի որ Այրումը մաքսակետ է, եւ այդտեղ թույլ չեն տալիս ինչ-որ բան գնացք մտնի կամ դուրս գա, միայն սահմանապահներն են մտնում, որ անձնագրերը ստուգեն: Բնականաբար, ոչ մի ուտելիք էլ չկար, սակայն, քանի որ արդեն Հայաստան էինք մտել, մարդիկ ավելի հանգիստ էին, եւ բոլոր խնդիրները կարծես մոռացան: Երեւանում գնացքը 14 ժամ ուշացումով դիմավորեց ՀԿԵ փոխտնօրենը, եւ մի քանի անգամ ներողություն խնդրեց, բայց մենք ասացինք, որ հետեւողական ենք լինելու: Ճիշտ է, իրենց հույսն այն է, որ հենց հասնենք, թողնելու ենք ամեն ինչ՝ գնանք մեր տները եւ մոռանանք, բայց այդպես չի լինի»,- ասաց Լիանա Դոյդոյանը եւ ցույց տվեց ավելի քան երկու հարյուր ուղեւորի ստորագրություններով տրցակը: