Իսկ դա չընդունելու այլընտրանքը արտահերթ ընտրություններն են
Երեկ Ազատության հրապարակում տեղի ունեցավ Հայ ազգային կոնգրեսի ամռան վերջին հանրահավաքը: Ու թեեւ նախորդ օրը՝ օգոստոսի 1-ին, ՀԱԿ-ը նշեց իր ձեւավորման 3-րդ տարեդարձը, ու կար ակնկալիք, որ երեկվա հանրահավաքը բազմամարդ է լինելու՝ նկատի ունենալով ե՛ւ տոնական տրամադրությունը, ե՛ւ ՀԱԿ-իշխանություն երկխոսության ընթացքի նկատմամբ հավանական հետաքրքրությունը, այդուհանդերձ, երեկվա հանրահավաքը երբեւէ ամենասակավամարդն էր ու ամենաանդեմը, նկատելի էր նաեւ մասնակիցների ոգեւորության պակասը, թեեւ ՀԱԿ ներկայացուցիչներն իրենց ելույթներում փորձեցին ներկաներին ոգեւորող եւ իշխանությունների հասցեին կտրուկ հայտարարություններ անել՝ նորից հիշեցնելով արաբական հեղափոխությունների օրինակներն ու շեշտելով արտահերթ ընտրությունների անխուսափելիությունը: Իսկ հանրահավաքը վարում էր ՀԱԿ կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ, ՀԺ օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը:
Ու թեեւ Ազատության հրապարակի մուտքն արդեն 5 ամիս՝ մարտի 17-ից ի վեր, բաց է Կոնգրեսի առաջ, այդուհանդերձ, Փաշինյանն էլի մի հերթական անգամ ընդգծելով Կոնգրեսի ձեռքբերումների ցանկը՝ հայտարարեց, թե «Ազատության հրապարակը ազատ է քաղաքացիների համար: Դա ՀԱԿ-ի գործունեության արգասիքն է»: Նա խոսեց նաեւ «Մարտի 1»-ի էջը իշխանությունների կողմից փակելու փորձերի մասին՝ շեշտելով, որ ռեժիմը այդ փակված համարված էջը ՀԱԿ-ի ճնշման տակ նորից «բացեց»: Փաշինյանը ՀԱԿ-ի գործունեության արդյունքը համարեց այն, որ այսօր իշխանությունները «հանել են բրոնեժիլետները, կամուֆլյաժները, հագել են կոստյում եւ գալստուկ եւ երկխոսում են ՀԱԿ-ի հետ: Դա ՀԱԿ-ի գործունեության արգասիքն է»:
Երեկ առաջին անգամ հանրահավաքում ելույթ ունեցավ ԵԽԽՎ-ում ՀԱԿ ոչ պաշտոնական ներկայացուցիչ, ՀԱԿ-ի՝ ԱՄՆ կառույցների համակարգող Արման Գրիգորյանը: Նա ասաց, թե ավելի քան կանխատեսելի էր, որ նաեւ իշխանությունների հետ երկխոսության համատեքստում Կոնգրեսը քննադատության թիրախ էր դառնալու, ու արձանագրեց այդ համատեքստում ՀԱԿ-ին ուղղված մեղադրանքներից մեկը՝ «անմաքուր գործարքի մեջ մտնելը»՝ շեշտելով, թե դրան տրամագծորեն հակառակ մեղադրանքն էլ պակաս վտանգավոր չէ: Խոսքը այն մասին է, թե Կոնգրեսի նախընտրած երկխոսության մարտավարությունը հիմնված է ինչ-որ ուտոպիստական հույսի վրա, քանի որ ընտրություններ կեղծած ու ժողովրդի վրա կրակելու ընդունակությունն ապացուցած իշխանությունը երկխոսությամբ իշխանությունը ժողովրդին չի վերադարձնի, որ արտահերթ ընտրությունների նրանք չեն համաձայնելու, իսկ եթե համաձայնեն, ապա այդ ընտրությունները նախորդներից ոչնչով չեն տարբերվելու: Համաձայնելով, որ այդ մեղադրանքը զուրկ չէ տրամաբանությունից, Ա. Գրիգորյանը հենց դրանով էլ այդ մեղադրանքն ամենավտանգավորը համարեց: Նա դա փորձեց հերքել՝ պատմական էքսկուրս կատարելով եւ հիշեցնելով ոչ միայն արաբական երկրներում, այլեւ Հարավային Ամերիկայում, Արեւելյան Եվրոպայում, նաեւ 90-ին Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունների օրինակները: Դրանց ամփոփ հետեւությունն այս էր՝ այն երկրները, որտեղ ռեժիմները դիմադրում են ժողովրդական պահանջներին եւ բռնությունների են դիմում՝ ավելի արագ են փլուզվում, իսկ այնտեղ, որտեղ համաձայնում են երկխոսել ընդդիմության եւ ժողովրդի հետ՝ երաշխիքներ ստանալ, առավել անցնցում են դարձնում իշխանափոխության գործընթացը: Գրիգորյանը հավաքվածներին կոչ արեց ականջ չդնել իրենց հուսահատեցնողներին, ոչ էլ արկածախնդրության հրահրողներին՝ հավելելով, թե ամեն ինչ ընթանում է ճիշտ հունով:
Հանրահավաքի մասնակիցներին ուղղված ոգեւորիչ ելույթներն ամփոփեց Կոնգրեսի առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը. «Անառարկելի է, որ ներկա պահին Հայաստանի ներքաղաքական կյանքի ամենանշանակալից իրադարձությունը ՀԱԿ-ի եւ իշխանության միջեւ սկսված ֆորմալ երկխոսությունն է։ Անկախ այն բանից, թե որոշ քաղաքական ուժեր, լրագրողներ ու վերլուծաբաններ ինչպես են գնահատում այդ գործընթացը, ակնհայտ է, որ ժողովրդի մեծամասնությունը կողմ է խնդիրների խաղաղ, անցնցում կարգավորմանը, մանավանդ, երբ դա տեղի է ունենում ոչ թե փակ դռների ետեւում, այլ բաց, թափանցիկ բանակցությունների միջոցով։
ՀԱԿ-ը բոլորովին չի կասկածում իր ընտրած ճանապարհի ճշմարտացիությանը եւ վստահ է, որ տեւական հակամարտությունից հետո երկխոսության մեջ մտնելով իշխանության հետ՝ հիմք է դնում մի նոր քաղաքական ավանդույթի, որը դառնալու է Հայոց պետականության մնայուն արժեքներից ու ազգային համերաշխության ապահովման ամենաարդյունավետ մեխանիզմներից մեկը։ Եթե առայժմ ոմանք անկեղծաբար չեն հասկանում երկխոսության միջոցով ներքաղաքական ճգնաժամերի հաղթահարման կարեւորությունը, իսկ ոմանք էլ խանդի հողի վրա կամ այլ դրդապատճառներով չարամտորեն նսեմացնում են դրա արժեքը, նրանք եւս վաղ թե ուշ կհամոզվեն, որ այդ մեխանիզմը կոչված է սպասարկելու ոչ թե առանձին ուժերի, այլ պետության, ազգի եւ անձամբ իրենց շահերը։
Եվս մի անհրաժեշտ դիտարկում, որով եւ ուզում եմ ավարտել ելույթիս նախաբանը։ Բնականաբար, երկխոսությունը տեղի է ունենում Հայաստանի երկու գլխավոր քաղաքական ուժերի՝ կոալիցիոն իշխանության եւ ՀԱԿ-ի միջեւ, որոնցից առաջինը տիրապետում է երկրի ուժային, տնտեսական, ֆինանսական, վարչական եւ քարոզչական ռեսուրսներին, իսկ երկրորդը վայելում է ժողովրդական լայն զանգվածների աջակցությունը։ Ուստի՝ քաղաքական գործընթացների վրա ազդեցություն չունեցող, հետեւաբար՝ քաղաքական գործոն չհանդիսացող տարրերը երկխոսությունից դուրս մնալու համար, իրենցից բացի, թող ոչ ոքի չմեղադրեն եւ վերջապես գիտակցեն, որ քաղաքական գործոն դառնում են ոչ թե խոսքով, այլ գործով։ Այդ տարրերին բարեկամաբար կհորդորեի զերծ մնալ երկխոսությանը խանգարելուց, որովհետեւ դրանով նրանք ոչ թե մեզ, այլ երկրին ու ժողովրդին են վնասում, ինչը կարող է պատճառ դառնալ նրանց վերջնական մարգինալացման։
Չէի ցանկանա եւս մեկ անգամ անդրադառնալ դավադրության, գործարքի կամ ներքին պայմանավորվածությունների մասին շարունակվող խոսակցություններին, որովհետեւ բանակցություններն ուղիղ եթերով հեռարձակելու մեր պահանջի առկայությամբ եւ պատվիրակությունների բազմակուսակցական հանգամանքով դրանք արդեն վերածվում են խեղկատակության՝ ողորմելի վիճակի մեջ դնելով դրանց հեղինակներին։ Եթե ավելացնենք նաեւ այն, որ գործարքի մեջ մեզ մեղադրողները զլանում են նշել, թե իշխանության բազմաթիվ զիջումների դիմաց ի՞նչ է վերջիվերջո զիջել Կոնգրեսը, ապա խեղկատակությունը կատարյալ կդառնա, որովհետեւ գործարքը չի կարող միակողմանի լինել»։ Տեր-Պետրոսյանն ասաց նաեւ, թե ՀԱԿ-ը իշխանության հետ բանակցություններին մասնակցում է երկրում կուտակված ծանրագույն խնդիրների լուծման կոնկրետ առաջարկով։ «Եթե իշխանական պատվիրակությունն ունի այդ տիպի խնդիրներին, ինչպես օրինակ, ժողովրդի սոցիալական վիճակի բարելավմանը, տնտեսության առողջացմանը, կոռուպցիայի վերացմանը, արտագաղթի կանխմանը, մարտի 1-ի սպանությունների բացահայտմանը, դատարանների անկախության ապահովմանը վերաբերող այլ լուծումներ, մենք պատրաստ ենք քննարկել դրանք։ Դժբախտաբար, մինչ օրս կայացած հանդիպումների ընթացքում այդ պատվիրակությունը մեզ որեւէ այդպիսի լուծում չի ներկայացրել, ինչը նշանակում է, որ իշխանությունը վերոհիշյալ խնդիրները լուծելու ո՛չ մտադրություն, ո՛չ էլ կարողություն ունի։ Հետեւաբար, այլընտրանքի բացակայության պատճառով այդ խնդիրների լուծման միակ հնարավորությունը մնում է արտահերթ ընտրությունների միջոցով նոր իշխանության ձեւավորումը»։
Վերջում Տեր-Պետրոսյանը հայտարարեց, թե հաջորդ հանրահավաքը կկայանա սեպտեմբերի 9-ին՝ «եթե, իհարկե, մինչ այդ հրատապ արձագանք պահանջող որեւէ արտակարգ իրադարձություն չպատահի»։