Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵԶ ԿՐԿԻ՞ն ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՆԵՐՔԱՇԵԼ ՀԱԿԱՎՐԱՑԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՄԵՋ

Օգոստոս 03,2011 00:00

ՌԱՀՀԿ փորձագետի կարծիքով՝ դա չի կարող դրական  հետեւանքների հանգեցնել

«Վրաստանն ու Ադրբեջանը պետք է պաշտպանեն միմյանց՝ հաշվի առնելով մեր աշխարհագրական դիրքն ու ընդհանուր պատմությունը: Մենք ընդհանուր հայացքներ եւ շատ ամուր կապեր ունենք: Մեր երկու պետությունները լուրջ խնդիրներ ունեն՝ չլուծված հակամարտությունների հետ կապված, եւ Ադրբեջանի ու Վրաստանի ցանկացած ընդդիմախոս մեր երկու պետությունների թշնամին է: Մեր ուժը մեր միասնության մեջ է, եւ դա պարզապես խոսք չէ, այլ իրականություն»,- Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի այս կարծիքը հրապարակվել էր նախօրեին The Business Year-Azerbaijan ամսագրի՝ Ադրբեջանի անկախության 20-ամյակին նվիրված համարում: Ադրբեջանական լրատվամիջոցներն այս փաստը միանգամից օգտագործեցին իրենց հակահայկական տրամադրությունները մեկ անգամ եւս ի ցույց դնելու համար: Սահակաշվիլիի հայտարարությունը միանշանակ է ընկալվել նաեւ ռուսաստանաբնակ ջավախահայերի շրջանում: Մասնավորաբար, երեկ տարածած հայտարարության մեջ կազմակերպության անդամները Վրաստանի նախագահի վերոնշյալ արտահայտությունից բխեցրել են, որ Սահակաշվիլին հայ ժողովրդին համարում է իր թշնամին: «Եթե չտրվեն հրապարակային բացատրություններ կամ ժխտումներ, ապա մենք՝ Ռուսաստանի ջավախահայերս, Սահակաշվիլիի այդ արտահայտությունը կընդունենք որպես միակողմանի ցանկություն՝ տեսնել Հայաստանին որպես Վրաստանի թշնամի»,- գրում են հայտարարության հեղինակները՝ հակառակ դեպքում սպառնալով սկսել ակտիվորեն հրահրել Սամցխե-Ջավախքի շրջանի հայ ազգաբնակչությանը վրացական իշխանություններին անհնազանդություն ցուցաբերելու եւ 2012 թվականի խորհրդարանական եւ 2013 թվականի նախագահական ընտրությունները բոյկոտելու: «Վրաստանի նախագահի նման անհարիր արտահայտությունն ինքնին ժխտում է նրա կողմից հնչեցված հայ եւ վրաց ժողովուրդների դարավոր բարեկամության մասին հայտարարությունները: Ավելի ստույգ՝ լուրջ վտանգի տակ է դրել Հայաստանի եւ Վրաստանի միջեւ բարիդրացիական հարաբերությունների շարունակումը: Սահակաշվիլին պետք է հասկանա, որ հայկական պետությունների դեմ Վրաստանի կողմից ցանկացած արկածախնդրություն միանգամայն կանխատեսելի հետեւանքներ կունենա իր կողմից ղեկավարած պետության համար»,- ասված է հայտարարության մեջ:
Արդյոք Վրաստանի նախագահի հայտարարությունն ուղղվա՞ծ է հայ ժողովրդին, Հայաստանի Հանրապետությանը, ունե՞նք առիթ՝ նման կտրուկ հակաքայլերի համար. «Առավոտի» հարցերին Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Էդգար Վարդանյանը նախ՝ նկատեց, որ Վրաստանի նախագահի հայտարարությունը դիվանագիտական էթիկայի կոպիտ խախտում է: Սակայն, ըստ փորձագետի, թշնամի ասելով Սահակաշվիլին իրականում նկատի է ունեցել Ռուսաստանին եւ իր ուղերձում գործընկերոջը՝ Ադրբեջանի նախագահին, փորձել է հասկացնել, որ Ռուսաստանն իրականում շահագրգռված չէ ոչ միայն Վրաստանի, այլ նաեւ Ադրբեջանի զարգացմամբ, եւ որ հակառուսական վրաց-ադրբեջանական դաշինքի միջոցով միայն հնարավոր կլինի դիմակայել Ռուսաստանի ճնշումներին: «Հայտնի ճշմարտություն է, որ Ռուսաստանն առիթ է ման գալիս Սահակաշվիլիի վրա ճնշումներ գործադրելու: Սահակաշվիլին էլ էքսցենտրիկ բնավորության տեր մարդ լինելով՝ տալիս է այդ առիթները Ռուսաստանին, որոնցից էլ Ռուսաստանը հաճույքով օգտվում է: Ուստի պատահական չէ, որ հենց ռուսաստանաբնակ ջավախահայերն են առաջին բողոքի ձայնը բարձրացրել: Հայաստանի համար, ես կարծում եմ, դա չի կարող դրական հետեւանքների հանգեցնել, որովհետեւ այդպիսով, ըստ էության, Հայաստանը ներքաշվում է իր համար ոչ ցանկալի՝ հակավրացական ռուսական խաղերի մեջ: Ընդհանրապես, տարբեր փորձագետների կողմից բազմաթիվ անգամներ նշվել է, որ Ռուսաստանը ցանկություն ունի Ջավախքի գործոնն օգտագործել Սահակաշվիլուն պատժելու եւ Վրաստանում ռեժիմի փոփոխության հասնելու համար»,- ասում է ՌԱՀՀԿ փորձագետը: «Առավոտի» դիտարկմանը՝ չի բացառվում, որ ռուսաստանյան քաղաքական շրջանակներից է հրահրվել Ռուսաստանի ջավախահայերի նման վարքագիծը, Էդգար Վարդանյանը պատասխանեց. «Կարող ենք ենթադրել, բայց եթե չի էլ հրահրվել, ապա հաճույքով կօգտագործվի եւ կուղղորդվի»:
Միաժամանակ, քանի որ Վրաստանի նախագահի հայտարարությունից՝ նկատի ունենալով, որ Հայաստանն էլ Ադրբեջանի ընդդիմախոսն է, կարելի է ենթադրել, որ Հայաստանն էլ Վրաստանի թշնամին է, ապա փորձագետը գտնում է, որ ճիշտ կլինի, որպեսզի Հայաստանն իր դիվանագիտական խողովակների միջոցով պարզաբանում պահանջի Միխայիլ Սահակաշվիլուց:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել