Լրահոս
Օրվա լրահոսը

Մրցանակակիրը կհաստատվի Եվրոպայում

Օգոստոս 02,2011 00:00

\"\"Չայկովսկու անվան 14-րդ միջազգային մրցույթի «Թավջութակ» անվանակարգի հաղթող Նարեկ Հախնազարյանը Երեւանում է: Ինչպես երեկ «Հայելի» ակումբում կայացած ասուլիսում նա նշեց, երեւանցիներից մի փոքր հիասթափված է, քանի որ իրեն փողոցում ճանաչում են ոչ թե որպես հեղինակավոր մրցույթի հաղթող, այլ Ռուսաստանի պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբի ղեկավար Մարկ Գորընշտեյնի հետ ունեցած սկանդալի հերոս: Նարեկը հայտարարեց, որ կայացած սկանդալի մասին չի ցանկանում խոսել, եւ որ եթե որեւէ լրագրող հարցազրույցը սկսի այդ սկանդալի մասին հարցերով, նա իսկույն կդադարեցնի:
Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի դիրիժոր եւ գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանի խոսքով՝ Չայկովսկու անվան մրցույթը աշխարհի լավագույն մրցույթն է, մասնավորապես թավջութակի ասպարեզում գրեթե ամենակարեւորը. «Մեր մշակույթի համար այս իրադարձությունը իսկական գլուխ գովելու առիթ է: Այսինքն՝ այնպես չի, որ Հայաստանի ֆուտբոլի հավաքականը Ռուսաստանին պարտվեց ընդամենը 2:1 հաշվով, ու ուրախացանք, որ մի գոլ ենք խփել ռուսներին: Նարեկը հաղթել է բոլոր կետերով: Նույն մրցույթում հաղթել է նաեւ մեր մեկ այլ հայրենակից՝ Կարինե Գեորգյանը, ով, սակայն, Հայաստանը չի ներկայացրել… Ինչ վերաբերում է Նարեկին, նա հաղթեց, որովհետեւ բախտ է ունեցել սովորել Զավեն Սարգսյանի մոտ, ապա ուսումը շարունակել Մոսկվայում, Բոստոնում: Այսինքն՝ առիթ է ունեցել շփվելու լավագույն երաժիշտների հետ, ընդհուպ մինչեւ վարպետության դասընթացներ աշխարհահռչակ թավջութակահար Մստիսլավ Ռոստրոպովիչի մոտ: Նարեկի ձեռք բերած հաջողությունը մոտակա 60 տարում չենք ունենա: Եթե ունենանք, գուցե դա կրկին Նարեկը լինի՝ երկու տարի հետո մեկ ուրիշ հսկայական մրցանակով»: Ինչպես նշեցինք, Ն. Հախնազարյանը աշակերտել է Մ. Ռոստրոպովիչին: Վերջինիս հետ ունեցած հարաբերությունների մասին երիտասարդ երաժիշտը պատմեց. «Ջերմ-հայրական հարաբերություններ են եղել: Նա ինձ շատ է օգնել, ես միակ թավջութակահարն եմ եղել, որ իր ֆոնդի հաշվին ճամփորդել եմ: Երբ նա Ռուսաստանում էր լինում, զանգում եւ ցանկություն էր հայտնում անպայման լսել ինձ»:
Մրցույթից հետո երիտասարդ երաժիշտը բազմաթիվ հրավերներ եւ առաջարկներ է ստացել: Ինչպես նշեց Է. Թոփչյանը, Նարեկի ետեւից արդեն 2-3 գործակալություններ «որսի» են դուրս եկել. «Կան մրցույթներ, որոնք դու հաղթում ես, եւ այն քեզ քիչ բան է տալիս: Նարեկի դեպքում կարեւոր դահլիճներում մեծ արտիստների հետ արդեն նախատեսված համերգներ կան, գործակալությունների պայմանագրեր, որոնց մասին այժմ մտածում ենք»: Ն. Հախնազարյանը խոստովանեց, որ չի ցանկանում մնալ Երեւանում: Նա գտնում է, որ Հայաստանը չի կարող երաժիշտներին ապահովել այն ամենով, ինչ նրանց տալիս են այլ երկրները. «Կխաբեմ, եթե հիմա մեծ-մեծ գոչեմ, թե երբեք չեմ լքի իմ հայրենիքը, այստեղ պետք է շարունակեմ իմ կարիերան… Չեմ պլանավորում մնալ Հայաստանում, բայց կգամ վարպետության դասեր կանցկացնեմ մարզերում, համերգներ կտամ: Պատրաստվում եմ տեղափոխվել Եվրոպա»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել