Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՆԴԻՍԱՏԵՍԸ ԳՆԱՀԱՏԵՑ ԷՐԻԿԻՆ

Օգոստոս 02,2011 00:00

\"\"Հուլիսի 31-ին  հայտարարվեցին  Յուրմալայում կայացած երիտասարդ կատարողների «Նովայա վոլնա» միջազգային մրցույթի հաղթողների անունները: Հոբելյանական՝ 10-րդ մրցույթի առաջին տեղը զբաղեցրեց ամերիկացի  Ջեյդեն Ֆելդերը, ում հանձնվեց նաեւ 50000 եվրո դրամական մրցանակ: Երկրորդ տեղը, քաղաքական նկատառումներից ելնելով, շնորհվեց ուկրաինուհի Մաշա Սոբկոյին, երրորդը՝  Ռուսաստանը ներկայացնող «ՆԱՈՄԻ» խմբին, Ալլա Պուգաչովայի սահմանած հատուկ մրցանակը՝ «Ալլայի աստղը» բաժին հասավ ֆիննական Flute of Shame-ին, որը վոկալի առումով առանձնապես չէր փայլում: Ռուսական շոու-բիզնեսի պրիմադոննան  մրցանակը հանձնելիս հայտարարեց, թե տվյալ պարագայում վոկա՛լը չէ կարեւոր, այլ այն, որ համույթն իր գործը անում է սիրով ու հավատով:
Այս տարի մրցույթին մասնակցում էր 16 կատարող՝ 14 երկրից, Հայաստանն էլ ներկայացնում էր շնորհալի երգիչ Էրիկ Կարապետյանը, ում շնորհվեց «Հանդիսատեսի համակրանք» մրցանակը, որը դրամական չէր: Բայց որ Էրիկը սիրվեց հանդիսատեսի կողմից, դա զգացվում էր բրավորների տարափից: Մրցութային երկրորդ օրը Էրիկը նույնիսկ մի պահ միավորներով հայտնվեց առաջին հորիզոնականում, սակայն հետագայում զիջեց իր տեղը, քանի որ առաջին օրվա հուզմունքը նրան  փոքր-ինչ խանգարեց ավելի բարձր միավորներ վաստակել՝ ընդհանուր հաշվով: Ամեն դեպքում, նա պատվով ներկայացրեց Հայաստանը. ուղիղ հեռարձակման ժամանակ երեւում էր, թե ինչպես է հայ երգչին հիացած ծափահարում Իգոր Նիկոլաեւը կամ ռուսական շոու-բիզնեսի ամենակարեւոր Իգորը՝ Կրուտոյը: Ի դեպ, «Նովայա վոլնայի» ընթացքում  ռուս աստղերի հետ նրա դուստրը՝ Վիկա Կրուտայան էլ ելույթ ունեցավ. շատ-շատերին երգչական մկրտություն տվող Կրուտոյի դուստրը ընդամենը անուշիկ «մռութիկով» աղջիկ էր եւ ոչ ավելին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել