Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆՋՈՒՐ ՎԱՐԴԱՎԱՌ

Օգոստոս 02,2011 00:00

Մեռելոցին, վաղ առավոտյան Վանաձորի Խնձորուտ թաղամասի բնակչները շաբաթօրյակ էին կազմակերպել՝ բակերից հավաքում էին պլաստմասսայե տարաները:
Վարդավառի տոնը թաղամասի բնակիչներին կտրել էր բան ու գործից: Իմանալով, որ թաղամասում ջրամատակարարումը միայն առավոտյան ժամերին է, երեխաները «պահեստներից» հանել էին բոլոր պլաստմասսայե շշերն ու ջրով լցրել, իսկ տանտիկինները մեծ տարաներով էին ջուր վերցրել եւ շարել պատշգամբներում: «Էս մի օրն է, որ երեխաները լիաթոք ուրախանում են, էս մեծ տակառի միջի ջուրն արդեն դատարկվել է, դույլ-դույլ
տվել եմ երեխաներին»,- ասում է տիկին Հրանուշը:
Կեսօրին՝ երբ արդեն ջուրը կտրվել էր, ծնողները երեխաներին բարձր հարկերից թելերով կապած շշեր էին մատակարարում: «Ջրոցին» թեժացավ քիչ անց, մեծահասակները չդիմացան ու բարձրահարկ շենքերից ջրում էին բոլորին. էլ ով կհամարձակվեր դուրս գալ տնից: «Ես հատուկ եմ դուրս եկել, որ մի լավ ջրվեմ, հավատում եմ, որ էսօրվա ջրվածն օրհնություն է»,- ասում է 23-ամյա Հերմինեն: Արտոնյալ վիճակում գտնվող վերջին՝ 5-րդ հարկի բնակիչների «արտոնյալությունը» կարճ տեւեց: Երիտասարդները հենց 5-րդցիներից ջուր խնդրելու պատրվակով բարձրացել էին տանիք ու ջրել նրանց: Եվ այսպես՝ ջրել-ջրվելով, ջուր տալ ու վերցնելով՝ մինչ երեկո: Ջրոցին վարակիչ էր, ամեն պահի մի նոր ջրող կամ մի ողջ շենք ու բակ էր միանում Վարդավառին:
Երեկոյան, երբ Վանաձորի սառը օդը զգացնել էր տալիս, թաղամասի երեխաները հոգնել ու տներն էին գնացել, մի խումբ բնակիչներ, Խնձորուտ թաղամասի Հայրենական մեծ պատերազմի զոհվածների հուշարձանից, որտեղ ասեղ գցելու տեղ չկար (թաղամասի միակ աղբյուրն է, որտեղ ջուր է գալիս) ջուր էին կրում՝ կենցաղային հոգսերի համար: «Ինչքան շոր ունենք, լրիվ թաց է, ցեխոտ, գոնե մի հատ ողողեմ, նոր փռեմ, համ էլ տանը խմելու ջուր էլ չի մնացել»,- ասում է խնձորուտցի Գայանեն:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել