Լրահոս
Օրվա լրահոսը

Երկաթուղայինի վաստակը գնահատվում է

Օգոստոս 02,2011 00:00

\"\"Այս կիրակի՝ օգոստոսի 7-ին, Երկաթուղայինների տոնն է: Մեր երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող ընկերության՝ «Հարավկովկասյան երկաթուղու» աշխատակիցները ԱՊՀ եւ եվրոպական երկրների շուրջ 10 մլն երկաթուղայինների հետ այդ օրը նշելու են տոնական աշխույժ մթնոլորտում, ստանալու են պարգեւատրումներ, նվերներ ու կոչումներ՝ ինչպես ընկերության գլխավոր տնօրեն Շեւկետ Շայդուլլինից, այնպես էլ կոնցեսիոն կառավարչից՝ «Ռուսական երկաթուղիներից»: Այս մեկ շաբաթվա ընթացքում երկաթուղայինների եւ ողջ ազգաբնակչության համար անակնկալներ են լինելու:
Մեզ բոլորիս համար կարեւոր իրադարձություններից մեկը, թերեւս, «Ալմաստ» կայարանի բացումն է, որը 2006-ից մինչ օրս չէր շահագործվում: Ինչպես մեզ հետ զրույցում տեղեկացրեց «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գլխավոր ինժեներ Սերգեյ Հարությունյանը. «Դա «Երեւան» կայարանին այլընտրանքային կայարան է, որը երկար տարիներ չէր օգտագործվել: Կարծում եմ՝ «Ալմաստ» կայարանն անհրաժեշտ հարթակ է՝ ուղեւորափոխադրումներ իրականացնելու համար»: Նշենք, որ այդ կայարանից մեր քաղաքացիները ամեն օր կարող են էլեկտրագնացքով հասնել Սեւան, ընդ որում՝ ոչ միայն ավելի հարմարավետ տարբերակով, քան ավտոտրանսպորտի դեպքում է, այլեւ՝ ավելի մատչելի: Երեւան-Սեւան տոմսն արժե 500-700 դրամ: Իսկ հանգստյան օրերին՝ կա ուղղություն Երեւան-Սեւան-Շորժա, որը չունի մրցակից: Մինչ օրս երթուղայիններով մենք գնում էինք Սեւան, այնտեղից նոր Շորժա, իսկ հիմա հնարավորություն կա Շորժա հասնել առանց ավելորդ քաշքշուկների ու դժվարությունների»:
Ինչ վերաբերում է Երեւան-Բաթումիի հետ կապված անցյալ տարվա որոշ խնդիրներին, այս տարի տոմսերի կրկնակի վաճառքը կամ հերթերի գոյացումները բացառվում են: Ընկերությունը ներդրել է միջազգային գնացքների տոմսերի վաճառքի «Օրիոն» ավտոմատացված համակարգ եւ հաշվի առնելով ուղեւորների ցուցաբերած հետաքրքրությունը, ընդգրկել է նաեւ տրանզիտային ճանապարհորդությունների մի ամբողջական փաթեթ, առաջարկվում է հանգիստ՝ Սեւ ծովի այլ հանգստավայրերում եւս: Հանգիստն առավել հետաքրքիր կազմակերպելու համար Երեւան-Բաթումի գնացքի ուղեւորները կարող են ծովով մեկնել Սոչի եւ Օդեսա: Պարոն Հարությունյանի խոսքերով՝ «Ժամանակի եւ առաջարկվող ծառայությունների առումով Երեւան-Բաթումի մեր ուղղությունը շատ մրցունակ է: Մենք երկաթուղու ենթակառուցվածքների բարելավման շնորհիվ հասել ենք նրան, որ անցյալ տարվա համեմատ կրճատվել է նաեւ ճանապարհի տեւողությունը. եթե առաջ Բաթումի հասնում էին 18 ժամում, հիմա այն կրճատվել է մինչեւ 16 ժամ 37 րոպե»: Մեր հարցին՝ տոմսի արժեքը անցյալ տարվա համեմատ փոփոխվե՞լ է, պարոն Հարությունյանը պատասխանեց. «Մենք չենք թանկացրել, բայց արժեքը բարձրացել է՝ փոխարժեքի՝ շվեյցարական ֆրանկի տատանման պատճառով»:
Տոնական միջոցառումների շրջանակներում եւս մի ուշագրավ իրադարձություն է սպասվում: Էրեբունի համայնքի Ազատամարտիկների այգում շուտով տեղադրվելու է մի հուշարձան՝ նվիրված 1941 թվականի, Ղարաբաղյան շարժման եւ ընդհանրապես բոլոր պատերազմների ժամանակ զոհված երկաթուղայինների հիշատակին: Հատկանշական է հատկապես այն, որ այդ հուշարձանը կառուցվել է ոչ թե ընկերության եկամուտների հաշվին, այլ՝ բացառապես հենց մեր երկաթուղայինների աշխատավարձից, այսինքն՝ դա անկեղծ սրտով արված նվեր է՝ ընկերների հիշատակին: Իսկ երկաթուղայինների միջին աշխատավարձը ներկայումս 138.8 հազար դրամ է, որը տարեցտարի բարձրանում է: Սերգեյ Հարությունյանը վստահեցրեց, որ, բացի հուշարձանը տեղադրելուց, «Հարավկովկասյան երկաթուղու» ջանքերով կբարեկարգվի նաեւ այգին, որը ներկայումս խիստ անմխիթար վիճակում է:
Անշուշտ, երբ մի ընկերություն կառավարման է հանձնվում մասնավոր սեկտորին, հանրության եւ լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է լինում այդ ընկերության ամեն մի քայլը, կատարած ներդրումները, ֆինանսական հաշվետվությունները: Պարոն Հարությունյանը վստահեցրեց, որ միջպետական պայմանագրով ֆիքսված ներդրումները կատարվում են ճիշտ ժամանակացույցի համապատասխան. «Ոչ մի շեղում պայմանագրից չի լինում»: Ավելին, ընկերությունը, որը կարող էր կարճ ժամանակահատվածում միջոցներ ուղղել շարժակազմի, գրավիչ վագոնների եւ բիզնես նախագծերի վրա, դրա փոխարեն ավելի մեծ ուշադրություն է դարձնում ենթակառուցվածքային նախագծերի վրա: Բոլորին է հայտնի, որ երկաթուղային ենթակառուցվածքները զարգացնում են բնակչության շարժունակությունը, հետագայում նաեւ զարգացնելով ողջ երկրի ենթակառուցվածքները, իսկ մեր հանրապետությունում հենց նման ենթակառուցվածքային նախագծերի խիստ անհրաժեշտություն կա: Մենք խոսում ենք հայ-թուրքական սահմանի հնարավոր բացման մասին, բայց չենք մտածում, որ պետք է լուրջ պատրաստվել՝ ենթակառուցվածքների առումով, իսկ «Հարավկովկասյան երկաթուղին» լուրջ քայլեր է ձեռնարկում այդ ուղղությամբ:
Բացի այդ, ընկերությունը սկսել է բարեկարգել ադմինիստրատիվ եւ արտադրական շենք-շինությունները: Ըստ ընկերության գլխավոր ինժեների՝ «Բավականին մեծ աշխատանք է կատարվել եւ հիմա մենք փորձում ենք ներդնել նաեւ ժամանակակից տեխնոլոգիաներ: «Հարավկովկասյան երկաթուղու» միջոցներով ներկայումս նաեւ Ամասիայի շրջանում դպրոց ենք կառուցում, որտեղ պիտի ուսանի մոտ 50-60 աշակերտ»:
Ընկերության նախաձեռնությամբ՝ այս օրերին հայ առաջադեմ ուսանողներից կազմված մի խումբ, շինարարական ջոկատ ստեղծելով, աշխատում է Սոչիում. նրանք ստանում են բարձր աշխատավարձ եւ աշխատանքը համատեղում Սոչիում անմոռանալի հանգստի հետ: Որոշ ուսանողների ընկերությունը նաեւ ուղարկել է Ռոստով, Սանկտ Պետերբուրգ՝ սովորելու եւ լավ մասնագետ դառնալու:
Նշենք նաեւ, որ «Հարավկովկասյան երկաթուղին» մեր երկրի այն բացառիկ հիմնարկներից է, որտեղ պահպանվել են նախկին լավագույն ավանդույթները: Հաշվի առնելով, որ հայերը մինչեւ դանակը ոսկորին չհասնի՝ բժշկի չեն գնա, ընկերությունը հոգ է տանում, որ ժամանակ առ ժամանակ երկաթուղայինները հետազոտվեն եւ առաջին բուժօգնություն ստանան: Իսկ երկաթուղայինների երեխաները դեռ օգտվում են ամռանը ճամբար գնալու բացառիկ հնարավորությունից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել