Այսօրվանից մինչեւ օգոստոսի 20-ը Արմավիրի մարզի Քարակերտ, Դալարիկ, Լեռնագոգ եւ Շենիկ գյուղերում կգործի Հայաստանի մանուկների հիմնադրամի (COAF) կազմակերպած ամառային ճամբարը՝ այս, ինչպես նաեւ հարեւան Արտենի, Մյասնիկյան եւ Արգինա գյուղերի դպրոցահասակ երեխաների համար: Սա արդեն չորրորդ ամառային ճամբարն է, նախաձեռնությունը սկսվել է 2007 թվականին: Ամեն տարի այս նպատակի համար ծախսվում է մոտ 20 հազար դոլար:
Հայաստանի մանուկների հիմնադրամի գործադիր տնօրեն Սերոբ Խաչատրյանի խոսքով, նախաձեռնությունը ծնվեց այն մտահոգությունից, երբ պարզ դարձավ, որ դպրոցական ավելի քան երկամսյա ամառային արձակուրդների ժամանակ ոչ բոլոր երեխաներն են հանգստի հնարավորություն ունենում, ոչ բոլոր ընտանիքներն ունեն գյուղից դուրս հանգստի մեկնելու հնարավորություն: «Հսկայական թվով երեխաներ ունենում են ժամանցի կազմակերպման խնդիր եւ մոտ երկու ամիս երեխաները զրկված էին ուրախ ու ակտիվ ժամանցի հնարավորությունից, ազատ եւ արդյունավետ ժամանցից»,- ասաց Սերոբ Խաչատրյանը: Ըստ նրա, որոշվել է ամառային ճամբարներ կազմակերպել հենց տեղերում՝ առավել մեծ թվով երեխաներ ընդգրկելու համար: Ամեն տարի ճամբարներին մասնակցում է 500-550 երեխա, ջոկատավարները նույն գյուղերի դպրոցների ուսուցիչներն են, ովքեր ճամբարային օրերի համար պետք է ներկայացնեն խաղերի, շփման, հաղորդակցման հետաքրքիր ձեւերի ծրագիր: Հայաստանի մանուկների հիմնադրամը անհրաժեշտության դեպքում ապահովում է դրսից մասնագետի ներկայություն, օրինակ՝ բասկետբոլի մարզիչ կամ պարի ուսուցիչ: Ճամբարներում աշխատում են նաեւ կամավորական ուսանողներ: «Դպրոցը միայն քիմիայի կամ ֆիզիկայի համար չէ: Ցավոք, Հայաստանում շատերն են այդպես մտածում: Բայց դպրոցը ավելին է: Ճամբարներով փորձում ենք հասկացնել եւ ապացուցել՝ դպրոցը միայն սովորելու տեղ չէ, դպրոցում կարելի է խաղեր խաղալ, շփվել ու հաղորդակցվել այլոց հետ: Մեր ճամբարում երեխաները նաեւ սննդով են ապահովվում: Ճամբարը գործում է առավոտից մինչեւ ժամը 13:00: Բացի տեղերում խաղերից ու ակտիվ հանգստից, երեխաների համար նաեւ էքսկուրսիաներ ենք կազմակերպում: Այս տարի բերելու ենք Երեւանի «Գաֆեսճեան» արվեստի կենտրոն»,- ասաց պարոն Խաչատրյանը:
Հայաստանի մանուկների հիմնադրամի կրթական ծրագրերի ղեկավար Նարա Մարտիրոսյանն էլ հավելեց, որ որոշվեց ճամբարային հանգստի կազմակերպման առաջարկ ներկայացնել ուսուցիչներին, որ նրանց կազմած նախագծերի հիման վրա բոլոր չորս ճամբարների համար միասնական ուղեցույց-մոդել մշակվի: Ջոկատավար-ուսուցիչները, սակայն, կաշկանդված չեն եւ կարող են ծրագրերում որոշակի փոփոխություններ մտցնել: Ըստ արդեն հաստատված ծրագրի, ճամբարում կլինեն ձեռքի օր՝ երբ երեխաները ձեռքի աշխատանքի ու մարդու ձեռքի հզորության մասին կտեղեկանան, հեքիաթի օր՝ երեխաները իրենց սիրած հեքիաթի կերպարը կներկայացնեն, բնապահպանության օր, երգուպարի օր եւ այսպես 10 օր շարունակ: Քարակերտի ճամբարում նաեւ տիկնիկային թատրոնի օր կլինի:
Դալարիկցի Սիրանուշ Ղազարյանը երկու ճամբարի մասնակցել է: Մեզ հետ զրույցում ասաց, որ ճամբարը նոր ընկերներ ձեռք բերելու հնարավորություն է ու հավելեց՝ «ցավոք, մեր գյուղում հանգստանալ՝ չի նշանակում գնալ որեւէ ծովափ: Գյուղում հանգստի կազմակերպման տեղ չկա ու սա շատ հարմար տարբերակ է»:
Դալարիկցի Գայանե Տոնոյանն էլ ասաց, որ ճամբարին մասնակցելիս երբեք չի մտածել, թե անտեղի ժամանակ է վատնում: Նրա համար ճամբարում հետաքրքիր է ու նաեւ «ճամբարը չի խլում իմ ողջ ժամանակը, դրանից հետո հասցնում եմ տանը մայրիկիս օգնել»: