Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆՕԹԵՎԱՆԸ՝ ԴՂՅԱԿԱՏԵ՞Ր

Օգոստոս 02,2011 00:00

\"\"Կադաստրի պետական կոմիտեն այս հարցում իրեն մեղավոր չի ճանաչում

Վերջերս Ախուրյանի դաշնակցական գյուղապետ Արծրուն Իգիթյանը քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանի՝ իր համայնք կատարած այցի ժամանակ դժգոհեց, որ ոչ մի կերպ չի կարողանում հստակեցնել անօթեւանների հերթացուցակը, քանի որ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն չի կարող լիարժեք տեղեկատվություն տրամադրել նրանց սեփականության մասին: Բանն այն է, որ շահառուին պետական միջոցներով բնակարան հատկացնելու համար քաղաքաշինության նախարարությունը հարցում է կատարում կադաստրին՝ ճշտելու, թե նա հանրապետության որեւէ տեղանքում ունի՞ սեփականություն, թե՝ ոչ: Ու քանի որ, ըստ գյուղապետի, կադաստրում չկան տվյալ անձի անձնագրային տվյալներն ու հայրանունը, հետեւաբար եւ անուն-ազգանունների համընկնման դեպքում պետական այս կառույցը տեղեկություններ է տրամադրում, որ նա սեփականատեր է հանրապետության այս կամ այն բնակավայրում: Իսկ սա ինքնըստինքյան քաշքշուկների մեջ է գցում անօթեւանին, որը ստիպված է հասնել Երեւան, Հրազդան կամ Աբովյան ու համապատասխան ապացույցներ ներկայացնել առ այն, որ, ասենք, Պետրոս Պետրոսյան անուն-ազգանունով մարդը ինքը չէ, պարզապես անուն-ազգանունն է համընկել եւ բացի իր փտած տնակից, տվյալ տեղանքներում սեփականություն չունի: Գյուղապետի դժգոհությամբ, սա ավելորդ ծախսերի մեջ է գցում առանց այն էլ ընչազուրկ անօթեւաններին, որոնց մեջ քիչ չեն 65-75 տարեկան միայնակ ծերերը, որոնք ի վիճակի չեն անգամ տեղաշարժվել:
Նույն խնդիրը բնականաբար առաջացել է նաեւ Գյումրիում, եղել են դեպքեր, երբ ընտանիքի անդամներից որեւէ մեկի անուն-ազգանունը համընկել է, ասենք, Գավառում, Դիլիջանում ու Վանաձորում սեփականություն ունեցող անձանց անուն-ազգանվան հետ, ու ամբողջ ընտանիքը հայտնվել է բնակարանից զրկվելու վտանգի առաջ: Ստացվում է, որ 22 տարի շարունակ սրտատրոփ բնակարանի սպասող անձը միաժամանակ մի քանի դղյակներ ունի հանրապետության տարբեր վայրերում: Ի վերջո, ինչպե՞ս է լուծվելու այս խնդիրը, եւ կա՞, արդյոք, այստեղ Կադաստրի պետական կոմիտեի մեղքը:
ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Արայիկ Հարությունյանի պարզաբանմամբ, պետք չէ մեղքը բարդել կադաստրի վրա, քանի որ այս կառույցը ժողովրդի թշնամին չէ եւ ամենեւին նպատակ չունի անօթեւանին զրկել բնակարանից. իրենք տրամադրում են այն տեղեկատվությունը, որն առկա է իրենց տվյալների բազայում: «Վերջին շրջանում մեղքը բարդում են կադաստրի վրա, բայց ասեմ, որ այստեղ մեղավոր ու անմեղ գտնելու խնդիրը չէ, մեր հիմնական նպատակը քաղաքացիներին օգնելն է, որոնք անօթեւան են մնացել, բնական է՝ 20-23 տարի մարդիկ բնակարանի խնդիր ունեն եւ ինչ-որ տեղեկանքի պատճառով ընկնում են տարբեր դրությունների մեջ: Ես չեմ ուզում արդարացնել կադաստրին, խնդիրը դա չէ, ես ուզում եմ ճշմարտությունն ասել: Մենք ունենք այն, ինչ որ ունենք. կադաստրը տեղեկություններ է տրամադրում գրանցված իրավունքների եւ սահմանափակումների վերաբերյալ: Եթե, օրինակ, Պողոսյան Պողոսի անունով հարցում է կատարվում կադաստր, կադաստրը իր տարածքային ստորաբաժանումների միջոցով հավաքում է տեղեկությունը եւ ճշտում է, թե Պողոսյան Պողոսը հանրապետությունում ինչ գույք ունի: Կարող է Պողոսյան Պողոս անուն-ազգանունովը Երեւանում ունենա մի մեծ սեփական տուն, կարող է Վանաձորում ունենա գործարան, իսկ Գյումրիում այդ նույն անուն-ազգանունով մարդը վագոնում ապրի: Շատ դեպքերում անձնագրերում քաղաքացիների հայրանունները չեն տպվում, ժամանակին սոցիալական քարտեր չկային, մինչեւ նոր գրանցման համակարգին անցնելը կային սեփականության վկայագրեր, որտեղ գրվում էր մեկ անձի անունը եւ գրվում էր ընտանիքը՝ 7 անձով: Էդ տվյալները՝ 7 անձը համասեփականատե՞ր է, պիտի իմանայինք ՏԻՄ-ի արխիվներից, շատ բարդ եւ աշխատատար է դա»,- ասաց իրավաբանական վարչության պետը:
Ըստ նրա, այս հարցը պիտի լուծի բնակբաշխման հանձնաժողովը՝ համագործակցելով ՏԻՄ-ի ու համատիրությունների հետ եւ պետք է ճշտի, թե կոնկրետ ում մասին է խոսքը: «Բնական է, մեր արխիվային գործերից հանում ենք տվյալ ինֆորմացիան, բայց Պողոսյան Պողոս 10 հատ կա: Բայց գրում են, թե կադաստրը չարաշահումներ է անում, միլիոններ է վերցնում, կադաստրի մեղքը ո՞րն է, որ բազայում ունենք էդ տեղեկատվությունը: Ասեմ, որ այս հարցը կոմիտեի նախագահի անմիջական ուշադրության կենտրոնում է. ամեն ինչ անում ենք քաղաքաշինության նախարարության հարցումներին օպերատիվ, ճիշտ ժամանակին պատասխանելու համար»,- ասաց Արայիկ Հարությունյանը՝ վստահեցնելով, որ քաղաքաշինության նախարարության հարցումները բացառապես տրամադրվում են անվճար: Ըստ պաշտոնյայի, նոր տարվանից կադաստրում կատարվող բարեփոխումների շրջանում ստեղծվելու է նոր էլեկտրոնային բազա, որը համագործակցելու է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության նոր տեղեկավերլուծական կենտրոնի եւ ՀՀ ոստիկանության, պետական ռեգիստրի տեղեկատվական համակարգի հետ, այսպիսով՝ վերոհիշյալ կառույցների տեղեկատվությունը հավաքվելու է կադաստրում:
Իսկ մինչ այդ, ըստ պաշտոնյայի, բնակբաշխման հանձնաժողովը պիտի անհատական մոտեցում ցուցաբերի, ոչ միայն սերտորեն համագործակցի ՏԻՄ-ի, ոստիկանության ու կադաստրի հետ, այլեւ անհրաժեշտության դեպքում տներն ընկնի ու ճշգրտումներ կատարի: Ի դեպ, Արայիկ Հարությունյանը եւս բնակբաշխման հանձնաժողովի անդամ է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել