Փաստահավաք խմբի նախկին անդամ Անդրանիկ Քոչարյանի կարծիքով, 2008-ի մարտի 1-ի քննության շրջանակում անհրաժեշտ է փորձաքննության ենթարկել պաշտպանության նախարարության զենքերը: Այդ մասին Քոչարյանն ասել է «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում: Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը հայտարարել էր, թե Մյասնիկյանի արձանի շրջակայքից հայտնաբերված պարկուճներից ավելի քան 300-ն արձակվել է «քննությամբ չպարզված եւ ոստիկանությունում չգտնվող զենքերից», եւ հավելել, որ այդ պարկուճները ապօրինի պահվող զենքերից են արձակվել: «Ինքը խոսում է միայն ոստիկանական զենքերի մասին, բայց պարզ երեւում է, որ այդ օրվա դեպքերում ներգրավված մյուս կառույցների զենքերը փորձաքննության ենթարկված չեն»,- հայտարարել է Անդրանիկ Քոչարյանը: Նա կարծիք է հայտնել, թե նախաքննական մարմինը խուսափում է բանակին առնչվող թեմայից: