Լրահոս
Օրվա լրահոսը

«ՊԱՏՄԱԿԱՆ ՄԱՔՍԻՄՈՒՄԸ»

Օգոստոս 02,2011 00:00

«Հայաստանում ռուսական բազայի ժամկետի երկարաձգման մասին որոշումը կայացվել է, քանի որ Ռուսաստանը հետաքրքրված է, որ տարածաշրջանում պահպանվի խաղաղությունն ու կայունությունը»,- ըստ «Ազատություն» ռ/կ-ի՝ The Business Year հանդեսի՝ Ադրբեջանի անկախության 20-ամյակին նվիրված համարում հրապարակված հարցազրույցում ասել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը՝ հավելելով, որ այդ բազան նպատակ ունի հենց ապահովել այդ խաղաղությունն ու կայունությունը եւ նաեւ նպատակ ունի նվազեցնել այն բարդությունները, որ այսօր առկա են: Անդրադառնալով Ղարաբաղի խնդրին էլ՝ Մեդվեդեւն ասել է, որ իր մասնակցությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումները հասել են արդեն պատմական մաքսիմումի, եւ այդ հանդիպումների ժամանակ տեղի են ունեցել կարեւոր քննարկումներ, որոնց ժամանակ կողմերը արձանագրել են մի շարք բարդություններ: Ռուսաստանի նախագահը հավելել է, որ չի ամաչում այդ ուղղությամբ իր կատարած աշխատանքից: Ըստ Մեդվեդեւի, բանակցությունները շարունակվելու են, եւ հանդիպումների հաճախականությունը՝ թե նախարարների, թե նախագահների մակարդակներով չպետք է նվազի: Մեդվեդեւը նաեւ համարում է, որ այդ բանակցություններին ակտիվ մասնակցությունը Ռուսաստանի պարտքն է իր հարեւան երկրների՝ Հայաստանի եւ Ադրբեջանի նկատմամբ: Ընդգծելով, որ Ռուսաստանը, անշուշտ, իր պատմական հետաքրքրություններն ունի այս տարածաշրջանում, Դմիտրի Մեդվեդեւը նաեւ հույս է հայտնել, որ առաջիկայում հանդիպումները կշարունակվեն: Ռուսաստանի նախագահը հավելել է, որ Ռուսաստանը քայլեր կձեռնարկի անհրաժեշտ արդյունքներին հասնելու համար, սակայն չի նշել, թե հատկապես ինչ քայլերի մասին է խոսքը: Ռուսաստանի նախագահը անդրադարձել է նաեւ ռուս-ադրբեջանական ռազմական հարաբերություններին՝ ընդգծելով, որ դրանք ակտիվորեն զարգանում են բոլոր ուղղություններով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել