Լրահոս
Օրվա լրահոսը

Ըմբոստանալու առիթ չկա՞

Օգոստոս 02,2011 00:00

\"\"Արդյոք Պենտագոնի պաշտոնյան ճի՞շտ է վարվել, երբ անդրադարձել է ղարաբաղյան հիմնահարցին

Անցած շաբաթվա վերջին ամերիկյան Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովում հրավիրված «ԱՄՆ-ի քաղաքականությունն ու ԵԱՀԿ-ն» խորագրով լսումների ժամանակ ԱՄՆ պաշտպանության նախարարի միջազգային անվտանգության հարցերով տեղակալ Ալեքսանդր Վերշբոուն (նկարում) անդրադառնալով ղարաբաղյան բանակցություններին՝ դրանց ընթացքը որակել էր «վտանգավոր» եւ հայտարարել էր, որ խաղաղարար ջանքերում «հետընթաց քայլ է» արձանագրվել: «Հունիսի 24-ին Կազանում կայացած բանակցություններում բեկում ապահովելու փորձերը հաջողությամբ չպսակվեցին, իսկ լարվածությունը կողմերի շփման գծում աճում է: Հայաստանն ու Ադրբեջանը նախկինի պես ի վիճակի չեն ավարտին հասցնել հակամարտության կարգավորման բազային սկզբունքների համաձայնեցման գործընթացը, եւ մենք մնում ենք ապակառուցողական ու վտանգավոր փակուղային իրավիճակում»,- ասել էր նա: Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյայի այս արձագանքը Հայաստանում թեեւ ընդունվեց իբրեւ իրականությանը համապատասխանող փաստի արձանագրում, սակայն բուռն հակազդեցության առիթ տվեց: Մասնավորաբար, շատ քաղաքական մեկնաբաններ եւ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ խորհուրդներ տվեցին Պենտագոնի պաշտոնյաներին՝ իրենց գործերով զբաղվելու փոխարեն ԼՂՀ-ի կարգավորման գործընթացի վերաբերյալ վերլուծություններ չանել եւ նման հայտարարություններով չխրախուսել Ադրբեջանի ռազմատենչությունը: «Զարմանում եմ, որ Պենտագոնը արձագանքել է ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին, քանի որ ԼՂ հիմնախնդիրը չի մտնում Պենտագոնի գործառույթների մեջ: Պենտագոնը թող զբաղվի ԱՄՆ բանակով, Իրաքով, Աֆղանստանով, լիքը խնդիրներ ունի»,- հայտարարել էր քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը՝ հավելելով, որ եթե ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ հայտարարություն է անում Պենտագոնը, դա նշանակում է, որ Պենտագոնը փորձ է անում ճնշումներ գործադրել կողմերի վրա, ստիպել Ադրբեջանին քայլեր անել:
Մեկ այլ վերլուծաբան՝ Ռուբեն Մեհրաբյանը, երեկ «Առավոտի» հարցին ի պատասխան՝ ասաց, որ Պենտագոնի պաշտոնյայի արձագանքում կոռեկտության կամ ոչ կոռեկտության հարց չկա. «Ի վերջո, այս տարածաշրջանն ուղղակիորեն, թե անուղղակիորեն կապված է Եվրոպայի էներգետիկ անվտանգության հետ, եւ տարածաշրջանում առկա չկարգավորված հակամարտությունները սպառնում են ԱՄՆ-ին, նրա դաշնակիցներին, եւ փոխնախարար Վերշբոուի հայտարարությունները լիովին տեղավորվում են այն ընկալումների մեջ, որոնք կարելի էր պատկերացնել»: Մեհրաբյանը համամիտ է, որ ԼՂՀ հարցի կարգավորման գործընթացում իրավիճակը պատային է. «Այն, ինչը որ փորձում են անել ռուսները տարածաշրջանում եւ մասնավորաբար՝ ԼՂՀ հարցի կարգավորման գործընթացում, միայն իրենց շահերն առաջ տանելով, ստատուս-քվոն փոփոխել միայն այն պարագայում, երբ իրենք չեն կորցնի. ես կարծում եմ՝ փակուղային իրավիճակ ստեղծող հիմնական գործոնը սա է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել