Լրահոս
Օրվա լրահոսը

«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆՆ» ՈՒ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐԱ՞Պ ԵՆ ՄՆԱՑԵԼ

Օգոստոս 02,2011 00:00

\"\"Նախկին ԳԽ պատգամավոր Աշոտ Բլեյանը գտնում է, որ արտահերթ ընտրությունների պահանջում հայաստանյան քաղաքական ուժերը պետք է անողոք գտնվեն:

Նախկինում ակտիվ քաղաքական գործիչ, ներկայումս ակտիվ հանրային գործիչ Աշոտ Բլեյանը թերեւս միակն էր, ով հայաստանյան ներքաղաքական կյանքի անգամ ամենալարված պահերին հանդուրժողականության, միմյանց ընդառաջ գնալու, հանուն հանրային շահի, հանուն մարդու, հայաստանցու, նրա իրավունքների եւ ազատությունների իրացման՝ բոլոր մակարդակներում գործընկերային հարաբերություններ պահպանելու անհրաժեշտության մասին էր խոսում: Թե իշխանությունների եւ ՀԱԿ-ի՝ երկխոսելու որոշման վրա ինչքանո՞վ ազդեցություն ունեցան Աշոտ Բլեյանի կոչերը՝ դժվար է ասել, բայց երկխոսությունն այլեւս իրողություն է: Երկխոսության երկու ռաունդների արդյունքում Աշոտ Բլեյանի սպասելիքները հավակնո՞ւմ են իրականություն դառնալու՝ երեկ պատասխանելով «Առավոտի» հարցին՝ վերջինս ասաց. «Շատ լավ է, որ սա հասկացվում է, եւ ՀԱԿ-ն ու իշխանությունները, կարծում եմ, նկատելի քայլեր են անում: Դրա այլընտրանքն առճակատումն է: Մենք դա տեսել ենք»: Ու այս ամենով հանդերձ՝ մեր զրուցակիցը չի հասկանում այն «ամենատարբեր քաղաքական ուժերին», որոնք իրենց գործը դարձրել են Կոնգրեսի եւ իշխանության երկխոսության վերլուծությունը. «ՀԱԿ-ը հանդես է գալիս իր անունից՝ որպես քաղաքական ուժ, եւ իրավասու է որոշումներ ընդունելու, քայլեր ձեռնարկելու: Կարող են ՀԱԿ-ի անդամները՝ եւ ղեկավար մարմիններում, եւ շարքային, ՀԱԿ-ին հարողները ունենալ տեսակետ, քննարկել, խոսել, պահանջներ ներկայացնել, բայց որ դա անում են այլ քաղաքական ուժերը՝ ես վատ եմ հասկանում: Դուք չեք ուզում՝ չեք երկխոսում, ուզում եք՝ երկխոսում եք: Կոնգրեսն իր անունից է հանդես գալիս, ոչ թե «Ժառանգության» կամ ՀՅԴ-ի: Կհաջողի՝ կհաջողի, չի հաջողի՝ չի հաջողի, կշարունակվի՝ կշարունակվի, կընդհատվի՝ կընդհատվի… ի՞նչ է, որ այլ քաղաքական ուժերը դա դարձրել են իրենց գլխավոր անելիքը: Ի՞նչ է, պարա՞պ են մնացել, գործ չունե՞ն»:
Անդրադառնալով ՀԱԿ-իշխանություն երկխոսության օրակարգին էլ՝ Բլեյանը նկատեց, որ իշխանական կոալիցիայի կողմից առաջարկված՝ ընտրությունների պատշաճ անցկացման նպատակով քաղաքակիրթ մրցակցություն ապահովող կանոնների ձեւավորման հարցը մի բան է ենթադրում. «Դա կամ պետք է արվի արտահերթ ընտրությունների շրջանակում, կամ հերթական: Դե՝ կերեւա, էլի, եւս մեկ-երկու հանդիպում՝ պարզ կդառնա: Ես, որպես շահառու, որպես հայաստանցի, միայն մի բան գիտեմ՝ չի կարելի այս հնարավորությունը չօգտագործել»: Ի դեպ, աշխատանքի բերումով չորս օրում Հայաստանից Արցախ՝ գյուղից գյուղ շրջագայության ժամանակ մեր զրուցակիցն էլ ավելի է ամրապնդվել իր համոզմունքներում. «Խայտառակ վիճակ է, մենք մոռացել ենք գյուղացուն, մարդուն, քաղաքացուն. բայց սահմանի վրա էլի շարունակում են երիտասարդներ զոհվել, կրակի համաճարակը այրում է Հայաստանը, հայաստանցին չի ուզում իր հողում ապրել, կարեւոր չի, թե քանի հազարն է գնում, կարեւորն այն է, որ մեծամասնության մոտ գնալու ցանկությունն է, իսկ գնացող մարդը չի մշակում, չի վարում, չի ստեղծագործում, ներդրում չի անում այս հեռանկարի մեջ: Մեր իրականությունն անհավես իրականություն է, այստեղից էլ՝ ծուլությունն ու անգյալությունը, օրվա հացով ապրելու, օրը յոլա տանելու, սերիալներով զբաղվելու անհրաժեշտությունը: Այսպիսի Հայաստանը, այս իրավիճակը փոխելու պատասխանատու իշխանությունը եւ պատրաստակամություն, վճռականություն ունեցող ընդդիմությունը չեն կարող, չէ՞, այդ լրջությունը չհասկանալ: Մեզ աննախադեպ համախմբում է պետք՝ բոլոր ուժերի եւ միջոցների»:
«Առավոտի» հարցին՝ միգուցե այն, որ այլ քաղաքական ուժերն ընդվզեցին, ըմբոստացան, նաեւ այն, որ Հայաստանում իսկապես խնդիրները շատ ու բարդ են, պահանջում է երկխոսության ա՞յլ, ավելի լայն ֆորմատ, մեր զրուցակիցն արձագանքեց. «Թող ներգրավվեն, թող իրենք առաջարկեն: Ես դեմ չեմ, որ ֆորմատը պիտի ընդարձակվի, բայց գուցե դա երկրորդ փուլի հարց է, գուցե կգա այդ ժամանակը: Մյուս քաղաքական ուժերն էլ՝ փոքր, թե մեծ, թող կենտրոնանան եւ ոչ ուրիշի չարածի կամ վատ արածի վրա»: Ի դեպ, եթե «Ժառանգության» եւ ՀՅԴ-ի քննադատությունն ուղղված լիներ իշխանությանը, Բլեյանն ասում է, որ ինքը դա կհասկանար՝ ընդդիմություն եմ, քննադատում եմ իշխանությանը՝ բոլոր մակարդակներով, բայց երբ մեկ այլ ընդդիմադիր ուժ քննադատությունը դարձնում է «գլխավոր եւ, ցավոք, միակ գործը»՝ Բլեյանը չի հասկանում ու չի ընդունում: Ինչեւէ, դա այդ ուժերի խնդիրը համարելով՝ ինքն իր կողմից հաջողություն է մաղթում կոալիցիային ու Կոնգրեսին, ուզում է, որ նրանք հայաստանցու աչքերով նայեն առաջացած խնդիրներին, ու եթե այդ ամենի արդյունքում հայաստանցու մոտ հավատ կառաջանա իր ուժի, իրավական երկրի նկատմամբ, եւ դեպի դա տանող ճանապարհը կլինեն արտահերթ ընտրությունները՝ «Իհարկե, պետք է անել: Եթե դա առճակատումից խուսափելու, համախմբվելու համար մի բան է՝ ի՞նչ կա որ: Ասում են՝ մի քանի ամսից ընտրություն է: Իսկ քաղաքական ուժերին այդ մի քանի ամի՞սն է պետք: Ընտրության միշտ պետք է պատրաստ լինել եւ առավել եւս՝ հիմա, երբ խնդիրներն օրհասական են, ուրեմն ընտրությունները շատ լավ հրապարակ են քաղաքական ուժերի համար սեփական տեսակետները ներկայացնելու եւ քվե ստանալու»: Համենայնդեպս, Բլեյանի համոզմամբ, արտահերթ ընտրությունների հասնելու համար պետք է քաղաքական ուժերը հետեւողական ջանքեր գործադրեն, ոչ թե հայտնի հումորի նման՝ երբ մեկը հայտնվում է փոսի մեջ, մի քանի անգամ փորձում է դուրս գալ՝ չի ստացվում՝ ինքն իրեն որոշում է. «Մի հատ էլ եմ փորձում, ստացվեց՝ ստացվեց, չէ՝ թողնում եմ գնամ տուն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել