Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ-Ն ԱՐԵՑ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ

Օգոստոս 02,2011 00:00

\"\"Նա եռամյա իր գործունեությամբ նպաստեց Հայաստանում քաղաքացիական հասարակության ձեւավորմանը

Երեք տարի առաջ, օգոստոսի 1-ին, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը Մատենադարանի մոտ հրավիրված Համաժողովրդական շարժման հանրահավաքի իր ելույթում արձանագրեց, թե՝  «քաղբանտարկյալների ազատ արձակումն ու «Մարտի 1»-ի ոճրագործության իրական պատասխանատուների բացահայտումը շարունակում են մնալ հասարակությանը հուզող գլխավոր խնդիրները: Սակայն իրենց սրությամբ ու կարեւորությամբ հանդերձ՝ այդ խնդիրները մեզ չպետք է շեղեն Համաժողովրդական շարժման բուն նպատակներից, որոնք են՝ սահմանադրական կարգի վերականգնումը, լիակատար ժողովրդավարության հաստատումը, իրավական պետության կերտումը եւ տնտեսական զարգացման պայմանների ստեղծումը»: Նա շեշտեց, որ դրանց իրագործման ուղղությամբ որպես «ցանկացած հանգուցալուծման ելակետ» պետք է ընդունվի «երկրին ու ժողովրդին չվնասելու սկզբունքը»: Այս ելակետից է, որ իր գործունեության արդեն 3 տարիների ընթացքում հղում է անում ՀԱԿ-ը: Կոնգրեսի ձեւավորումը նա դիտեց որպես «ժողովրդի ինքնակազմակերպման եւ ինքնակառավարման գործնական մեխանիզմ» եւ «նշանակալի պատմական իրադարձություն»: Երեք տարի առաջ ՀԱԿ ձեւավորման մասին  համատեղ հռչակագիրը ստորագրեցին 18 քաղաքական եւ հասարակական ուժեր, որոնք 2008թ. նախագահական ընտրություններում պաշտպանել էին Տեր-Պետրոսյանի թեկնածությունը: Բացառություն էին, թերեւս, «Նոր  ժամանակներ» եւ «Ժառանգություն» կուսակցությունները, որոնք այդպես էլ ՀԱԿ-ում չընդգրկվեցին: ՀԱԿ-ի հռչակագրում  այդ պահի համար բարդ ներքաղաքական իրավիճակից թելադրված ընթացիկ խնդիրներ էին հայտարարվել «անխտիր բոլոր քաղբանտարկյալների անհապաղ ազատ արձակումը, խոսքի, մամուլի, հավաքների ազատության ապահովումը, միջազգային փորձագետների նշանակալի մասնակցությամբ «Մարտի 1»-ի ոճրագործության իրապես անկախ հետաքննության իրականացումը, առնվազն առաջին պայմանի կատարման դեպքում՝ երկրի ժողովրդավարական զարգացմանն ուղղված բարեփոխումների շուրջ իշխանությունների հետ երկխոսության ծավալումը, արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների անցկացումը»:
Եռամյա՝ երբեմն շատ ակտիվ, երբեմն որոշակիորեն պասիվ իր քաղաքականությամբ ՀԱԿ-ը հասավ վերը նշված առաջին պայմանի բավարարմանը, որին հաջորդելու էր եւ հաջորդեց խոստացված երկխոսությունը գործող իշխանությունների հետ: Թե ՀԱԿ-ին կհաջողվի՞ հասնել նաեւ արտահերթ նախագահական եւ ԱԺ ընտրությունների անցկացմանը՝ դժվար է ասել. կարծիքներն այս իմաստով երբեմն տրամագծորեն տարբեր են: Բայց մինչ այդ հարկ է նաեւ արձանագրել ընդամենը վերջին մի քանի ամիսների ընթացքում ոչ միայն հասարակության կողմից ՀԱԿ-ի նկատմամբ թերահավատության աճի եւ վստահության կորստի, այլեւ ՀԱԿ-ից առանձին, հասարակությանը քաջ հայտնի գործիչների հեռանալու, նաեւ Կոնգրեսի ձեւավորման հռչակագիրը ստորագրած առանձին ուժերի՝ «Հայ կամավորականների համախմբում»-ի, Պահպանողական կուսակցության մասնակցությունը սառեցված լինելու փաստերը: Այդուհանդերձ, հասարակության մի շատ որոշակի հատված առաջվա նման հավատում ու վստահում է Կոնգրեսին: Փաստ է նաեւ, որ Կոնգրեսը բացառիկ դեր ունեցավ Հայաստանում քաղաքացիական հասարակության ձեւավորման գործում, որտեղ ՀՀ քաղաքացին պատրաստ է պայքարել իր իրավունքների համար:
Երեկ «Առավոտի» հետ զրույցում «Ղարաբաղ» կոմիտեի հիմնադիր անդամ Սամսոն Ղազարյանը, գնահատելով ՀԱԿ-ի դերը հայաստանյան քաղաքական դաշտում, շատ լակոնիկ ձեւակերպմամբ այն գնահատեց որպես հեռանկարային. «Ես վստահ եմ, որ Կոնգրեսը Հայաստանում քաղաքացիական հասարակության ձեւավորման գործում մեծ դեր ունեցավ եւ դեռ լուրջ դերակատարում է ունենալու՝ ըստ էության, նոր քաղաքական եւ քաղաքացիական դաշտ է ձեւավորվելու: Հենց այդ առումով էլ ՀԱԿ-ի գործունեությունը հեռանկարային է»:
ՀԱԿ-ի եռամյա գործունեության առանցքային դերը Կոնգրեսի անդամ Գեորգի Ավետիսյանը համարեց  քաղաքացիական հասարակության ձեւավորումը: «Անհերքելի փաստ է, որ ստեղծվել է քաղաքացիական հասարակություն, որը մինչ այդ չկար: Դա ՀԱԿ-ի ձեռքբերումներից ամենակարեւորն է»,- ասաց Գ. Ավետիսյանը: Խոսելով ՀԱԿ-ից ունեցած իր ակնկալիքների մասին՝ կոնգրեսականն ասաց, թե  ինքը ակնկալում է իր համար կարեւոր 5 խնդիրների լուծում. «Երբ Կոնգրեսը գա  իշխանության, իսկ ես դրանում չեմ կասկածում,  նա  պիտի լուծի 5 խնդիր. նախ՝ պատժի այն մարդկանց, ովքեր այս ընթացքում հանցագործություններ են կատարել՝ Ռոբերտ Քոչարյանից սկսած, վերջացրած ընտրական  հանձնաժողովներում կեղծիքներ կատարողներով, երկրորդ՝ հաջորդ ընտրությունները պետք է կազմակերպի ազատ, արդար եւ ժողովրդավարական, երրորդ՝ պետք է վերացնի մենաշնորհներն ու հովանավորչությունը, որը բարդ խնդիր է, չորրորդ՝ լուծի հարեւանների հետ ունեցած խնդիրները, այդ թվում՝ ԼՂ հիմնախնդիրն ու հայ-թուրքական հարաբերությունները, հինգերորդ՝ ձեւավորի իշխանություն, որը կմտնի պատմության մեջ եւ չի կրկնի նախորդ իշխանության սխալները, որոնք եղել են թե՛  90-ականներին, թե՛ դրանից հետո: Եթե այդ ամենը չլինի, ինչը ես բացառում եմ, ապա ես ինքս կդառնամ այդ իշխանության ընդդիմադիր»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել