Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

Հուլիս 30,2011 00:00

\"a\"

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գլուխ քսաներկուերորդ

ՀԵՏԻՈՏՆԻ ԽՈՀԵՐ

Չնայած թե՛ էն ժամանակ՝ արթմնի, եւ թե՛ հետագայում ու հիմա էլ երազներիս մեջ ինձ լավ էլ սազել ու սազում է վարորդի վիճակն ու կարգավիճակը՝ մանավանդ Գրողների միության Հասմիկի կողքին, այդուհանդերձ, ես էն ժամանակ էլ ու հիմա էլ առանձնապես չեմ երազել ու չեմ երազում ավտոմեքենա ունենալ, որովհետեւ էն ժամանակ էլ ու հետո էլ սիրել եմ ոտքով ման գալ, եւ չնայած հիմա էլ եմ ոտքով ման գալ սիրում, վերջերս ոտքերս ու մանավանդ ձախս որոշակիորեն դավաճանում են, եւ չնայած ավտոմեքենայով տեղաշարժվելու անհրաժեշտությունը գնալով ավելի ու ավելի եմ զգում, դարձյալ ու վերստին չեմ երազում ավտոմեքենա ունենալ՝ ինչպես որ բջջային հեռախոս ունենալ չեմ երազում, եւ մինչ կինս փոստային մեր բաժանմունքից կվերադառնար, ես մեկուսի ու մտովի վայելում էի հետագայում եւս բջջային հեռախոս չունենալուս տեսլականը, որովհետեւ, եթե ավտոմեքենա ունենալու անհրաժեշտությունը երբեմն-երբեմն ու ժամանակ առ ժամանակ զգացել եւ զգում եմ, բջջային հեռախոսի անհրաժեշտությունը երբեւէ չեմ զգացել եւ, հուսով եմ, երբեւէ չեմ էլ զգա, եւ չնայած ավտոմեքենայի անհրաժեշտությունը տարբեր առիթներով եւ երբեմն-երբեմն ու ժամանակ առ ժամանակ զգացել եմ, այդուհանդերձ, ես միանգամայն գոհ եմ, որ ապրել, ապրում ու ապրելու եմ Հայաստանում, որտեղ, չնայած արտասահմանյան շքեղ ավտոմեքենաների ու ջիպերի առատությանը, դեռեւս հնարավոր է ավտոմեքենա չունենալով ապրելն ու գոյատեւելը, ի տարբերություն ԱՄՆ-ի, որտեղ ավտոմեքենա չունենալով ապրելն ու գոյատեւելը ոչ միայն անհնարին է, այլեւ՝ անպատկերացնելի, ի տարբերություն Երեւանի կամ, ասենք, Մոսկվայի ու Փարիզի, որտեղ մարդիկ ոչ միայն ղեկին մերձ են ապրում ու գոյատեւում, այլեւ՝ մետրոյում, ավտոբուսներում եւ, որ ամենակարեւորն է, իրենց հարազատ քաղաքում սեփական ոտքերով քայլելիս, որովհետեւ հայրենի քաղաքում ու երկրում ոտքով քայլողներն օրվա մեջ առնվազն մի քանի ժամ զգում են հայրենի հողի ձգողականությունը, ի տարբերություն էն քաղաքացիների եւ նույնիսկ գյուղացիների, որոնք հայրենի քաղաքում կամ գյուղում մնալով ու ապրելով՝ ժամերով ու օրերով ղեկին մերձ ու իրենց անձնական օգտագործման ավտոմեքենաների մեջ են եւ, փաստորեն, ժամերով ու օրերով կտրված են հայրենի հողից, էլ չեմ խոսում Լոսի ու Գլենդելի հայերի մասին, որոնք միաժամանակ ե՛ւ Ամերիկայի, ե՛ւ հայրենի հողից են կտրված, ի տարբերություն Հայաստանի ու մանավանդ Երեւանի հետիոտն հայերի, որոնք իրենց ոտքերի տակի հողը որոշակիորեն են զգում, մանավանդ որ՝ Քըրքի ասֆալտը չափազանց մակերեսայնորեն փռվեց, եւ չնայած բջջային հեռախոսն իր տերերին չի պարտադրում կտրվել հայրենի հողից, այդուհանդերձ, ես բջջային հեռախոսից ավելի եմ խուսափում, քան՝ ավտոմեքենայից, որովհետեւ բջջային հեռախոսն իր բաժանորդներին հայրենի հողից չկտրելով հանդերձ՝ նույն էդ բաժանորդներին զանազան մեղքեր գործելու լիուլի հնարավորություններ է ընձեռում, եւ դրանցից ամենաընդունվածն ու ամենատարածվածը ստախոսությունն է, ավելի ճիշտ՝ անթաքույց ու բացահայտ ստախոսությունը, որովհետեւ ստախոսությունը բոլորիս է հատուկ եւ ոչ մեկիցս էլ առանձնապես հեռու չի, մանավանդ որ՝ շատերս շատ ու շատ դեպքերում առանց որեւէ դիտավորության՝ միանգամայն անմեղ տեղն ենք ստում, ընդ որում՝ հիմնականում առանց հետին մտքի ու հիմնականում բարի նպատակով, ու ինքս էլ եմ էն մարդկանցից՝ ովքեր համարյա ամեն օր են բարի նպատակով ստեր փչում, ընդ որում՝ ուղիղ դիմացինի աչքերին նայելով, եւ ամենակարեւորն էն է, որ երբեւէ չի պատահել, որ դիմացինս իմ անմեղ ու անշառ ստից նեղանա կամ վիրավորվի. ավելին. իմ էդ հանապազօրյա փչոցները դիմացինիս լավ էլ ոգեւորում ու թեւավորում են, եւ դա էլ է միանգամայն բնական ու միանգամայն տրամաբանական, որովհետեւ երբ փողոցում միանգամայն պատահաբար հանդիպում ես քառասունհինգ ու հիսուն տարի առաջ հետդ դպրոցում սովորած ու արդեն ստաժավոր տատիկ դառած աղջկերքից մեկին եւ ուղիղ աչքերին նայելով ասում ես՝ «էս հեչ չես փոխվել. լրիվ նույնն ես մնացել», դույն համադասարանցիդ էդ փչոցիցդ ոչ միայն չի նեղանում ու չի վիրավորվում, այլեւ սրտանց ու երջանիկ ժպտում էլ է՝ ողջ ատամնաշարն ի ցույց դնելով, ու ես իր ատամնաշարին նայելով՝ հաճելիորեն համոզվում եմ, որ իմ պրոտեզն իր պրոտեզից անհամեմատ հաջող ու բնականին շատ ավելի է մոտ, որովհետեւ էս մինուճար կյանքում ոչ բոլորին է բախտ վիճակվել ատամնաբույժ ու ատամնատեխնիկ հորաքրոջորդի ունենալ, եւ չնայած էս պրոտեզիս մեծ դժվարությամբ վարժվեցի, հիմա արդեն ազատ ու անկաշկանդ խոսում եւ ազատ ու անկաշկանդ ստում էլ եմ՝ դպրոցում ու մանավանդ ինստիտուտում հետս սովորած աղջկերքին հանդիպելիս, որովհետեւ ինստիտուտում հետս սովորած աղջկերքի հետ ինձ անհամեմատ ազատ ու անկաշկանդ եմ զգում, քան՝ դպրոցական դասընկերուհիներիս հետ, եւ դա էլ ի՛ր օբյեկտիվ պատճառներն ունի, ու էդ պատճառներից գլխավորն էն է, որ ես Մանկավարժականի բանասիրականում ամբողջ չորս տարի եմ սովորել, մինչդեռ միեւնույն դպրոցում ամենից շատ երեք տարի եմ սովորել, եւ դա Վահան Տերյանի անվան դպրոցն է, որտեղ առաջինից երրորդ դասարան սովորեցի Գեւորի, Գագոյի, Դերոյի, Սաքուլի ու մյուսների հետ, մինչդեռ Տիմոշենկոյի, Գորկու, Նալբանդյանի դպրոցներում ու Շիլաչու ցերեկօթիկում երկու տարուց էլ պակաս եմ սովորել, եւ հիմնականում էդ է պատճառը, որ Մանկավարժականում հետս սովորած աղջկերքին ավելի ազատ ու անկաշկանդ եմ վերաբերվում, եւ չնայած Տերյանի դպրոցում ամբողջ երեք տարի սովորեցի, էդ դպրոցում հետս սովորած աղջկերքին համարյա չեմ հիշում, եւ հիմնականում տղերքին եմ հիշում՝ երեւի էն պատճառով, որ տարրական դասարաններում սեռապես հասունացած չէի եւ հիմնականում տղերքի հետ էի ընկերություն անում, եւ չնայած երբեւէ աղջկերքի հետ ընկերություն արած չկամ՝ ներառյալ Մանկավարժականի չորս տարիներս, այդուհանդերձ, ինստիտուտի էդ չորս տարիների ընթացքում սեռապես հասունացած լինելով՝ համակուրսեցի աղջկերքի հետ առանձնակի հաճույքով էի առնչվում ու շփվում, ընդ որում՝ նրանցից երկուսի հետ չափազանց մոտիկից ու չափազանց հանգամանալից առնչվեցի ու շփվեցի, եւ, բացի այդ, երեք տարի մեր կուրսի ավագը հանդիսանալով՝ կուրսում ահագին սիրված եւ ահագին ընդունված էի, եւ, դրանից էլ բացի, ես Մանկավարժականի տարածքի ու Կրիվոյի տղա լինելով՝ մանավանդ հանրակացարանում ապրող եւ հատկապես ինստիտուտին մերձ հանրակացարանում բնակվող համակուրսեցիներիս ու մանավանդ իգական սեռի համակուրսեցիներիս համար ահագին հենարան ու թիկունք էի, ու նաեւ էդ էր պատճառը, որ մեր կուրսի հատկապես իգական սեռի ներկայացուցիչներից էի սիրված ու ընդունված, ու էդ է պատճառը, որ իրենք ինձ չեն մոռանում ու ես էլ՝ իրենց, եւ իրար հանդիպելիս երկուստեք ուրախանում ենք, եւ իրենցից մեկնումեկին փողոցում հանդիպելիս ստելով ասում եմ՝ «այ ախչի, էս ո՜նց ես ջահելացել ու սիրունացել» եւ ծիծաղելով ավելացնում եմ՝ «կսմթի՝ աչքս չկպնի», եւ իմ համակուրսեցի տատիկները ծիծաղելով ու կարմրելով՝ իրենց ամենափափուկ տեղը կսմթում են եւ ինձ առանձնապես չեն հակաճառում, որովհետեւ բարի ու անշառ սուտը բոլորին է հաճելի, եւ երբ սուտդ դիմացինիդ հաճույք է պատճառում, սկսում ես ավելի ու ավելի հաճախ ստել, եթե, իհարկե, դիմացինիդ հաճույք պատճառելու ցանկություն ու հավես ես ունենում, եւ եթե ուրիշներին հաճույք պատճառելու հակումներ ունես, էդ ուրիշներին հաճույք պատճառելու համար ավելի ճոխ ու ավելի շքեղ ստեր ես բստրում՝ առանց դույզն-ինչ մտածելու, որ ստախոսությունը մարդկային մեղքերի շարքում է դասվում, բայց նույն Քրիստոնեությունը մեզ նաեւ հուշում է, որ դիմացինի հանդեպ անենք էն՝ ինչը կուզեինք, որ դիմացինը մեր հանդեպ աներ, եւ քանի որ հաճելի սուտը երկուստեք՝ ե՛ւ ասողին, ե՛ւ մանավանդ լսողին է հաճելի, մենք մեր ստախոսությունն անդադար եւ, որ ամենակարեւորն է, առանց խղճի խայթի ենք շարունակում, բայց բարի ու անշառ ստախոսությանն էսքան կողմ ու կողմնակից լինելով՝ չափազանց դեմ եմ չար ու շառոտ ստախոսությանը, որովհետեւ մարդկանց շարքերում կան նաեւ էնպիսիք, որոնք ստախոսությունը միայն ու միայն ի չարս՝ դիմացինի տրամադրությունը գցելու ու փչացնելու նպատակով են օգտագործում. դրանք էն մարդիկ են, որոնք փողոցում որեւէ ծանոթի հանդիպելով՝ ձեռքները տանում են բերաններին ու ասում՝ «վա՜յ, էս ո՜նց ես նիհարել. հո հիվանդ չես» կամ մի ուրիշ դեպքում՝ «էս խի՞ ես ըսենց չաղացել. կարող ա՞ հիվանդ ես» կամ՝ «էս ո՜նց ես փոխվել. հազիվ ճանաչեցի» եւ այլն եւ այդպես շարունակ, եւ չնայած աշխարհում առաջինը հայերս ենք Քրիստոնեությունը պետական կրոն հռչակել, մեր շարքերում Քրիստոնեության Ոսկե կանոնը լիքը էսպես խախտողներ կան, որոնք դիմացինին ասում են էն ամենը՝ ինչը չէին ուզենա, որ դիմացինն իրենց ասեր. այսինքն, ցավոք սրտի, հասարակությունն ընդհանրապես եւ հայ հասարակությունը մասնավորապես ոչ միայն բարի ու անշառ ստախոսներից է բաղկացած, այլեւ՝ միանգամայն շառոտներից, բայց, էս ամենով հանդերձ, ստախոսների մի տեսակ էլ կա, որ միանգամայն անկապ՝ ոչ բարի ու ոչ էլ չար նպատակով է ստում. այսինքն, սրանց դրդիչները ոչ թե բարությունն ու չարությունն են, այլ՝ բուն ստախոսությունը, եւ, ինչքան էլ տարօրինակ է, ստախոսների ու ստախոսության էս տեսակը մեզանում միշտ էլ տարածում ունեցել է եւ հիմա՝ մեր օրերում առավել լայն տարածում ունի. ավելի ճիշտ՝ ստախոսության էս անկապ ու ծիծաղելի տեսակը մեր օրերում ոչ թե շատացել է, այլ առավել ցցուն ու տեսանելի է դարձել, ընդ որում՝ տեսանելի է դարձել հիմնականում բջջային հեռախոսների պատճառով, ավելի ճիշտ՝ շնորհիվ. շնորհիվ, որովհետեւ ստախոսության ու ստի բացահայտումից հասարակությունը միայն ու միայն շահում է, ու էս ասածս անկապ ու հատկապես շառոտ ստախոսությանն է վերաբերում, այլ ոչ թե՝ բարի ու սրտացավ ստախոսությանը, որովհետեւ բարի ու սրտացավ ստախոսության բացահայտումից հասարակությունն ու մանավանդ կոնկրետ մարդիկ ավելի տուժում են, քան շահում, եւ ավելի հաճախ արվեստագետներն ու գրողներն են տուժում՝ լրագրողներն էլ ներառյալ. այսինքն, ինչքան բարի ու սրտացավ սուտը չբացահայտվի ու ճշմարտության տեղ անցնի, էնքան մարդկանց, գրողների, արվեստագետների եւ նույնիսկ լրագրողների օգտին է, եւ քանի որ ինքս գրող ու բանաստեղծ լինելով՝ մանավանդ Սովետի օրոք Գրողների միությունում, հրատարակչություններում ու խմբագրություններում ահագին ժամանակ եմ մսխել, բոլորիցդ շատ եմ տեսել՝ ինչպես են գրողներն ու մանավանդ բանաստեղծներն իրար գովում, ընդ որում՝ առանց իրար կարդալու, եւ նմանապես լրագրողներն են հաճախ էդ կերպ իրար գովում, եւ քանի որ գրող ու ժամանակին նաեւ բանաստեղծ լինելով՝ մյուսներիցդ շատ եմ տեսել՝ ինչպես են գրողներն ու մանավանդ բանաստեղծներն առանց իրար կարդալու իրար գովում, կարող եմ ձեզ հավաստիացնել, որ էդ տեսակ գովասանքների արժանացողներն էդ տեսակ գովասանական ստերից առանձնապես չեն նեղվում. ավելին. լուսահոգի դրամատուրգ Շահինյան Ազատն էդ սուտ գովեստներից չափազանց էր ոգեւորվում, եւ երբ իր ներկայացումները չտեսած մարդիկ իր պիեսները գովում էին, շատ էր ոգեւորվում ու ոգեւորված ասում էր՝ «իսկական հավատացյալն էն մարդն ա, որն առանց տենալու ա հավատում» եւ լրջանալով ավելացնում էր՝ «եթե քեզ սուտ են գովում, էդ նշանակում ա, որ քեզ հաշվի են առնում, այսինքն՝ էնքան էլ կորած մարդ չես», եւ բարի ու անշառ ստախոսության էս թեման շարունակելով ու էս թեմայի մեջ ավելի խորանալով՝ պարտավոր եմ իրազեկելով ձեզ տեղեկացնել, որ ասածս էս բարի ու անշառ ստախոսությունը քծնանքի հետ որեւէ կապ ու առնչություն չունի, եւ եթե նույնիսկ որոշ չափով ունի էլ, էդ մասին լիարժեք տեղեկություն ու տեղեկատվություն չունենք եւ չէինք էլ կարող ունենալ, որովհետեւ քծնանքի լիարժեք ու կատարյալ դրսեւորումները ոչ թե անձամբ տեսնում ու լսում ենք, այլ հիմնականում ենթադրում ենք, եւ դա միանգամայն բնական է, որովհետեւ իսկական արհեստավարժ քծնողների քծնանքն, ըստ ամենայնի, ստեղծագործական առումով կատարելության ու գագաթնակետին է հասնում հատկապես առանձնության պահերին՝ երբ քծնանքի հասցեատերն ու մանավանդ քծնողն ավելորդ վկաներ չեն ունենում, եւ չնայած քծնանքի էդ կատարյալ ու կատարսիսային դրսեւորումները սովորաբար առանց ավելորդ վկաների են կատարվում ու տեղի ունենում, այդուհանդերձ, հնարավոր է գոնե մոտավորապես պատկերացնել քծնանքի էդ գերադրական աստիճաններն ու տեսարանները, որովհետեւ ինքներս արհեստավարժ ու բնատուր քծնող չլինելով՝ երբեմն-երբեմն, այնուամենայնիվ, ստիպված ենք եղել որոշ դոզայով քծնել դիմացինին, մանավանդ եթե՝ դիմացինը բարձրաստիճան է եղել, եւ գործդ էլ որոշակիորեն նրանից է կախված եղել, բայց քծնանքը համատարած ու վտանգավոր բնույթ է կրում, երբ բարձրաստիճանը նաեւ ստեղծագործող է, ընդ որում՝ բավական հավակնոտ ու որոշակի շնորհքի տեր ստեղծագործող, եւ քծնանքի մասին էս դատողություններս շարունակելով՝ պարտավոր եմ նշել նաեւ, որ շատերը շատ հաճախ իրենց կամքին հակառակ են քծնում, եւ էս դեպքում արդեն չեմ կարող չհիշել էն ժամանակները՝ երբ մեր Գրողների միության նախագահը բարձրաստիճան ստեղծագործող Վարդգես Պետրոսյանն էր, եւ չնայած Սովետի օրոք Գրողների միության նախագահի պաշտոնը միութենական մյուս հանրապետություններում էլ էր լուրջ ու բարձր պաշտոն համարվում, հատկապես Հայաստանում ու հատկապես անցյալ դարի 70-80 թվականներին էր էդ պաշտոնը չափազանց լուրջ ու չափազանց բարձր, որովհետեւ անցյալ դարի յոթանասունականների կեսերից մինչեւ ութսունականների վերջերն էդ առանց էն էլ բարձր պաշտոնն զբաղեցնում էր Կենտկոմի առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանի մերձավորագույն ընկեր՝ որոշակի տաղանդի տեր գրող ու հրապարակախոս Վարդգես Համազասպովիչ Պետրոսյանը, ու նշածս հանգամանքների շնորհիվ էդ տարիներին մեր հանրապետությունում գրողների եւ նույնիսկ բանաստեղծներիս հանդեպ որոշակի հարգանք գոյություն ուներ, եւ հատկապես ու առանձնապես էն գրողներին էին հարգում՝ ովքեր Վարդգես Համազասպովիչի համակրանքն ու հանդուրժողականությունն էին վայելում, եւ գրեթե բոլոր գրողներիս ճակատագիրն ու մանավանդ գրողական ճակատագիրն անձամբ Համազասպովիչից էին կախված, բայց, չնայած էդ հանգամանքին, ինքն էդ հանգամանքի վրա առանձնապես կենտրոնացած չէր ու էդ հանգամանքի վրա կենտրոնացած չլինելով՝ հիմնականում Կարեն Սերոբիչի հետ ընկերություն անելով ու գրողներին ղեկավարելով էր զբաղված, ընդ որում՝ էնքան էր զբաղված, որ քծնողներին քծնելու ժամանակ ու հնարավորություն համարյա չէր տալիս, եւ չնայած, ըստ ամենայնի, շատերի պես ինքն էլ էր քծնանք հանդուրժող անձնավորություն, այդուհանդերձ, ի տարբերություն շատերի, իր քծնողներին ներքուստ եւ նույնիսկ արտաքուստ արհամարհում ու երբեմն-երբեմն նույնիսկ ստորացնում էլ էր, որովհետեւ քծնողներին մշտապես իրեն մոտիկ թողնելով՝ ինքն էլ էր զգում քծնողների ու չքծնողների էական տարբերությունը, քանի որ, այնուամենայնիվ, մարդ ճանաչող էր, եւ մարդ ճանաչող ու մարդ հանդիսանալով՝ շուտով մարդկայնորեն հոգնեց էդ, ուրեմն, արհեստավարժ ու բնատուր քծնողների քծնանքից, եւ չնայած սրանք միանգամայն համոզիչ ու միանգամայն սրտանց էին քծնում, հիմնականում Համազասպովիչի կաբինետում՝ առանց ավելորդ վկաների էին քծնում՝ չհասկանալով, որ իրենց քծնանքով Վարդգես Պետրոսյանի առանց էդ էլ քչություն անող ժամանակն են խլում, եւ եղավ մի պահ, որ Վարդգես Համազասպովիչն սկսեց իր թանկագին ժամանակը չխլողներիս ավելի լավ վերաբերվել, քան՝ իր թանկագին ժամանակը պերմանենտ խլողներին, եւ, իմ ու իմ որոշ գրչընկերների բախտից, Վարդգես Պետրոսյանի՝ քծնողներից ու բանավոր քծնանքներից հոգնելը մեկին մեկ համընկավ իմ ու իմ որոշ գրչընկերների գրական առաջին քայլերին, բայց Համազասպովիչն արհեստավարժ ու բնատուր քծնողներից հոգնելով՝ առանձնապես հանգիստ չթողեց նրանց. ավելին. Համազասպովիչն իր մինուճար ժամանակը կարեւորելով ու արժեւորելով՝ արհեստավարժ ու բնատուր քծնողներից արդեն բացառապես գրավոր քծնանքն էր ակնկալելով պահանջում, մանավանդ որ, ժամանակ չունենալով հանդերձ, մշտապես հասցնում էր հոդվածներ, պատմվածքներ, վիպակներ եւ նույնիսկ վեպեր գրել, եւ արհեստավարժներից ու բնատուրներից արդեն պահանջվում էր քծնանքի իրենց զարմանազան դրսեւորումները գրախոսականների տեսքով ներկայացնել հանրապետական նշանակության գրական ու ոչ գրական թերթերին ու ամսագրերին, ու էդ կերպ Վարդգես Պետրոսյանը, փաստորեն, ազատվեց միանգամայն անտեղի ու ինքնանպատակ քծնողներից, եւ հիմնականում մնացին նրանք՝ ովքեր ի վիճակի էին ի կատար ածել Պետրոսյանի էդ միանգամայն նոր պահանջը, եւ էդ պահանջն ի կատար էր ածվում հիմնականում գրաքննադատների մտոք ու ձեռամբ, եւ եղավ մի պահ, երբ միեւնույն գրաքննադատը Համազասպովիչի միեւնույն գրքի մասին միանգամայն տարբեր հոդվածներ երկնելով՝ մամլո միանգամայն տարբեր օրգաններում էր դրանք տպագրում, բայց շուտով Վարդգես Պետրոսյանն էդ աննախադեպ երեւույթի վերջն էլ տվեց՝ վերջնականապես համոզվելով, որ ընթերցողների գլխին կարկուտի պես տեղացող գրականագիտական ու շարունակական էդ բարբաջանքներն առանձնապես լուրջ չէին ընդունվում նույն էդ կարկտահար ընթերցողների կողմից, բայց, դրանից էլ բացի, Վարդգես Համազասպովիչը երեւի արդեն վերջնականապես էր հոգնել բոլորեքյան էդ, ուրեմն, բանավոր ու գրավոր քծնանքներից, որովհետեւ, ըստ ամենայնի, քծնանքից չեն հոգնում էն բարձրաստիճանները, որոնք իրենք էլ իրենցից բարձրներին են առավոտից իրիկուն քծնում. այսինքն, ուրիշների քծնանքի անհրաժեշտությունն զգում են հիմնականում նրանք՝ ում քծնանքի անհրաժեշտությունն էլ ուրիշներն են զգում, մինչդեռ Վարդգես Պետրոսյանից մանավանդ յոթանասունականների երկրորդ եւ ութսունականների առաջին կեսերին որեւէ մեկը չէր հանդգնի քծնանք պահանջել կամ ակնկալել, եւ չնայած իրենից բարձր պաշտոնյաներ հանրապետությունում լիքը կային, ազդեցիկության իմաստով ինքը մրցակից չուներ՝ բացի, իհարկե, Կարեն Սերոբիչից. այսինքն, յոթանասունականների երկրորդ եւ ութսունականների առաջին կեսերին՝ շուրջ տասը տարի Վարդգես Պետրոսյանը հանրապետությունում դե ֆակտո երկրորդ դեմքն էր Կարեն Սերոբիչից հետո, եւ եթե հաշվի առնենք, որ ինքը Դեմիրճյանի շատ մոտ ընկերն էր, պիտի ենթադրենք, որ Սերոբիչն անձամբ Վարդգես Պետրոսյանից քծնանք չպիտի պահանջեր ու ակնկալեր. այսինքն, փաստորեն, Վարդգես Պետրոսյանն էդ թվերին Հայաստանում միակն էր՝ ումից որեւէ մեկը քծնանք չէր պահանջում ու ակնկալում, ու էս առումով ինքը՝ Կարեն Սերոբիչն անգամ չէր կարող Վարդգես Համազասպովիչի հետ համեմատվել՝ էն իմաստով, որ Կարեն Սերոբիչը Մոսկվայում ու Կրեմլում լիքը վերադասներ ուներ, որոնք, բնականաբար, մեր Առաջինի քծնանքն էին ակնկալում եւ նույնիսկ պահանջում էլ էին, բայց, այդուհանդերձ, էդ թվերին մեզանում ու այլուր շատերն էն կարծիքին էին, որ Դեմիրճյանը միութենական հանրապետությունների առաջին քարտուղարներից միակն էր՝ ով նույնիսկ Բրեժնեւին չէր քծնում ու հետը չէր պաչպչվում, ու Կարեն Սերոբիչի էդ չպաչպչվելը մի օր բոլորս մեր իսկ աչքերով ու «Վրեմյայով» տեսանք. էդ օրը Սովետական Հայաստանը հերթական փոխանցիկ դրոշն ստացավ, եւ Դեմիրճյանն էդ փոխանցիկը Լեոնիդ Իլյիչից ստանալով՝ ընդամենը Լեոնիդ Իլյիչի ձեռքը սեղմեց, եւ էդ դեպքից հետո վրացիք ու նույնիսկ ադրբեջանցիք էին կարծիք հայտնում առ այն, որ, ի տարբերություն իրենց Շեւարդնաձեի ու իրենց Ալիեւի, մեր Դեմիրճյանը քծնող շողոքորթ չի, եւ չնայած անձամբ իմ կարծիքով էլ էր էդ էդպես, այդուհանդերձ, մեր Դեմիրճյանը մեր հանրապետությունում հատկապես էդ թվերին լիքը չսիրողներ ուներ, ու էդ չսիրողները Սերոբիչին բամբասելով ու սիրողներին բացատրելով համոզում էին, որ, ի տարբերություն Դեմիրճյանի, Ալիեւն ու Շեւարդնաձեն պոլիտբյուրոյի անդամ են, ու իրանց հասնում ա, որ Բրեժնեւն իրանց պաչպչի, իսկ ինչ վերաբերում ա Դեմիրճյանին ու մյուս ոչ անդամ առաջիններին, Բրեժնեւն էդ բոլորին պիտի իրենից որոշակի դիստանցիայի վրա պահեր, եւ, հիշում եմ, ամիսներով ու նույնիսկ տարիներով էդ հարցը հասարակության բուռն քննարկումների առարկան էր, եւ էդ օրերին ու հետագայում էլ էդ հարցն ամենից ավելի արծարծվում էր Գեւորգ Արմենակովիչ Հայրյանին իրիկունները Կասկադի շրջակայքում շրջապատող նախկին պաշտոնյաների կողմից:

Շարունակությունը՝ հաջորդ շաբաթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել