Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԴԵԲԵԴԻ ՀՈՎՏԻ ԳՈՒՅՆԵՐԸ

Հուլիս 30,2011 00:00

\"\"Ավարտվեց «Հայկական ներկապնակ» փառատոնային ծրագրի «Լոռվա ձորում. Դեբեդի հովտի գույները» խորագիրը կրող նկարչական փառատոնը, որին մասնակցում էր 25 նկարիչ։

Նկարչական փառատոնի կենտրոնը Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի Կողբ գյուղից ոչ հեռու գտնվող Զիկատար անտառամասում է, որտեղից արվեստագետները մեկնում են Դեբեդի հովտի տարբեր բնակավայրեր՝ բացօթյա նկարչության։ «Դեբեդի հովտի գույներին նկարիչները սկսեցին անդրադառնալ այնտեղից, որտեղից սկիզբ է առնում Դեբեդը՝ Փամբակից եւ Ձորագետից,- մեր զրույցի ժամանակ ասաց «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգո Երիցյանը,- այնուհետեւ փառատոնի մասնակիցները իջան Դեբեդի հոսանքով դեպի հաջորդ բնակավայրերը՝ Թումանյան, Ալավերդի, Սանահին, Հաղպատ, Ախթալա, Ճոճկան, Արճիս, Այրում, Լճակաձոր, Պտղավան, Դեղձավան, Բագրատաշեն, Շնող, Թեղուտ, ձգտեցին բաց չթողնել Դեբեդի հովտի եւ ոչ մի գույն, երանգ։ 5 օրվա ընթացքում նկարիչներն ավելի քան 150 կտավ ստեղծեցին՝ փորձելով գտնել այն բնութագրականը, որն ունի Դեբեդն իր հովտով ու այստեղ ապրող մարդկանցով»։

Հրաշալի բնաշխարհը ներշնչման հզոր աղբյուր է արվեստագետների համար։ Այս բնության ամեն մի կտորը կարող է նկարի նյութ դառնալ։ Զիկատարում՝ ընդարձակ սրահներից մեկում, կողք կողքի են շարվում դեռեւս ներկերը չչորացած կտավները՝ տարբեր պատկերներով՝ եկեղեցիներ, պատմաճարտարապետական հուշարձաններ, գյուղական բնակավայրեր եւ, իհարկե, Դեբեդն իր ափերով ու միջավայրով։ Աշնանն այս ամենը կտեղափոխվի ՀՀ նկարիչների միության ցուցասրահ, ուր կներկայացվի «Լոռվա ձորում. Դեբեդի հովտի գույները» խորագիրը կրող ցուցահանդեսը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել