Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԶՆ ՈՒ ԶԵՎՍԸ

Հուլիս 30,2011 00:00

\"\"Վերջերս Արդարադատության խորհրդի եզրակացության եւ հանրապետության նախագահի հրամանագրի հիման վրա դադարեցվեցին դատավոր Սամվել Մնացականյանի լիազորությունները, այն բանի համար, որ նա մեղադրյալ Ա. Խաչատրյանի նկատմամբ իր կողմից կիրառված խափանման միջոց կալանքը փոխարինել էր դրան այլընտրանքային խափանման միջոց գրավով, որը, ըստ ԱԽ-ի որոշման, պատճառաբանված չէ: Հիշեցնեմ, որ մեղադրյալ Ա. Խաչատրյանը կարճ ժամանակ անց արդարացվել էր, իսկ քրեական գործը՝ կարճվել:

Խնդրի վերաբերյալ մամուլում բազմաթիվ հրապարակումներ եղան, այդ թվում՝ մեր կողմից (տես՝ «Առավոտ», 07.07. 2011թ.՝ «Անկախ դատարան՝ կուրատորությամբ» հոդվածը), եւ երեւույթի հասարակական ընկալումն այն է, որ դատավորը գրավ կիրառելու որոշումը կայացրել էր առանց վճռաբեկից «դաբրոյի», ավելին, վճռաբեկի հրահանգին հակառակ, ու դրա համար էլ նրա լիազորությունները դադարեցվել են:

Բայց անդրադառնանք խնդրի պաշտոնական կողմին, որն արտահայտված է ԱԽ եզրակացության մեջ եւ ըստ դրա՝ դատավորի լիազորությունները դադարեցվել են որոշումը չպատճառաբանելու համար: ԱԽ-ն իր որոշման հիմքում դրել էր նաեւ Սահմանադրական դատարանի որոշումից հատված, որի համաձայն՝ դատական ակտերը պետք է լինեն պատճառաբանված:

Թեմայի վերաբերյալ հրապարակման հետգրությունում գրվել էր, որ առաջիկայում կներկայացվեն վճռաբեկ դատարանի իրականում չպատճառաբանված որոշումներ եւ կտեսնենք՝ կարգապահական վարույթ կհարուցվի՞ ու նման չպատճառաբանված որոշումներ կայացրած դատավորների լիազորությունները կդադարեցվեն, թե՞ այստեղ էլ՝ ինչ կարելի է Զեւսին, չի կարելի եզին:

Ասեմ, որ վճռաբեկ դատարանի կողմից Սահմանադրական դատարանի որոշումների չկատարման ու չպատճառաբանված որոշումների մասին անդրադարձ է եղել նաեւ «Առավոտի» (17.06.2011թ.) «Պղտոր ջուր» հրապարակման մեջ, սակայն այժմ անդրադառնալու ենք կոնկրետ գործերի:

Խոստացված չպատճառաբանված որոշումներից առաջինը Լիլյա Ղափլանյանի գործով վճռաբեկի կողմից վերջերս կայացրած որոշումն է: Լիլյա Ղափլանյանը՝ ունենալով բազմանդամ ու մեծացող ընտանիք եւ 2003թ. հուլիսի կեսերին տեղեկանալով, որ վաճառվում է Երեւանի Ներքին Շենգավիթ 8-րդ փողոցի 10/1 տունը, ամուսնու հետ վաճառել են իրենց բնակարանը եւ հանդիպել վաճառողների՝ Մարիա Մելքոնյանի ու նրա որդի Սլավիկ Հակոբջանյանի հետ: Վերջիններս հայտնել են, որ տունը սեփականության իրավունքով պատկանում է ընտանիքի հանգուցյալ հորը եւ պետք է ժառանգությունը ընդունեն՝ նոր վաճառեն: Մի քանի օրվա ընթացքում ձեւակերպել են ժառանգությունը, Մարիա Մելքոնյանի, Սլավիկ Հակոբջանյանի, ինչպես նաեւ Դոնի-Ռոստովի նոտար Սկիբինի կողմից տրված լիազորագրի հիման վրա երկար տարիներ ՌԴ-ում բնակվող մյուս որդի Գագիկ Հակոբջանյանի անվամբ, կադաստրում գրանցվել են որպես համասեփականատեր, որից մի քանի օր անց, 2003թ. օգոստոսի սկզբներին տունը վաճառել են Լիլյա Ղափլանյանին: Պայմանագիրը ՌԴ-ում բնակվող Գագիկ Հակոբջանյանի անունից նույն նոտար Սկիբինի տված մեկ այլ լիազորագրի հիման վրա ստորագրել է Սլավիկ Հակոբջանյանը:

Լիլյա Ղափլանյանն իր ընտանիքով վերանորոգել են նոր ձեռք բերված սեփական տունը եւ սկսել են բնակվել այդտեղ:

Դրանից 3 տարի անց հայտնվել են արդեն հանգուցյալ Գ. Հակոբջանյանի որդի Ա.Հ.-ն եւ այրի Ա.Զ.-ն, հայցով դիմել են դատարան՝ ընդդեմ Լիլյա Ղափլանյանի եւ Սլավիկ Հակոբջանյանի, խնդրելով իրենց ճանաչել Գ. Հակոբջանյանի ժառանգությունն ընդունած ժառանգներ եւ տան 1/3 մասի սեփականատեր: Տան առուվաճառքի պայմանագրի վիճարկման հիմքում դրվել էր նոտար Սկիբինի գրությունն այն մասին, որ Գագիկ Հակոբջանյանի անունից Սլավիկ Հակոբջանյանին լիազորագիր չի տրվել:

Առաջին ատյանի դատարանի վճռով հայցը բավարարվել է, վերաքննիչ դատարանի վճռով՝ մերժվել, իսկ վճռաբեկ դատարանը գտնելով, որ տան 1/3 բաժնեմասը մտել է Գ. Հակոբջանյանի ժառանգական զանգվածի մեջ եւ նա Ս. Հակոբջանյանին լիազորագիր չի տվել տունը վաճառելու համար, վերաքննիչ դատարանի վճիռը բեկանել եւ փոփոխել է՝ 1/3 մասով անվավեր ճանաչելով տան առուվաճառքի պայմանագիրը եւ այդ մասի նկատմամբ որպես ժառանգներ ճանաչելով հայցվորների սեփականության իրավունքը:

Տան համասեփականատերեր Լիլյա Ղափլանյանն ու նրա ամուսինը՝ տեղյակ լինելով, որ Գագիկ Հակոբջանյանի անունից ժառանգություն ընդունելու լիազորագրում որպես նոտար նույնպես նշված է Սկիբինը, տրամաբանական եզրահանգման են եկել, որ միգուցե այդ լիազորագիրն էլ իրականում նոտարի կողմից տրված չէ եւ իրենք էլ են փաստաբանի միջոցով դիմել ու նոտարից ստացել պաշտոնական գրություն այն մասին, որ նման լիազորագիր եւս նրա կողմից չի վավերացվել: Դա նշանակում է, որ Գ. Հակոբջանյանը ժառանգությունն ընդունած չի էլ եղել, քանի որ Ս. Հակոբջանյանը լիազորագիր չի ունեցել նրա անունից ժառանգություն ընդունելու համար:

Այսպիսով, Գ. Հակոբջանյանի կողմից ո՛չ ժառանգություն ընդունելու լիազորագիր է տրվել եւ ո՛չ էլ տունն օտարելու: Հետեւաբար, տունն այն անձանց է սեփականության իրավունքով պատկանել, ովքեր ժառանգությունն իրականում ընդունել են՝ Սլավիկ Հակոբջանյանին ու Մարիա Մելքոնյանին, որոնք էլ այն օտարել են: Հետեւաբար, Գ. Հակոբջանյանի ժառանգների հայցով չէր կարող գործարքն անվավեր ճանաչվել, քանի որ տունը (տան բաժինը) Գ. Հակոբջանյանը ժառանգությամբ չի ընդունել, նրա սեփականությունը չի դարձել եւ նրա ժառանգական զանգվածի մեջ չի մտել:

Այս ամենը պարզելով՝ հայց ներկայացվեց վարչական դատարան, որի վճռով անվավեր ճանաչվեց նոտարական գրասենյակի կողմից Գագիկ Հակոբջանյանին տրված ժառանգության իրավունքի վկայագիրն ու դրա հիման վրա կադաստրում կատարված իրավունքների պետական գրանցումը:

Վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց, ինչպես նաեւ հարկադիր կատարողի որոշմամբ նոտարի կողմից Գագիկ Հակոբջանյանի անվամբ տրված ժառանգության իրավունքի վկայագիրն ու կադաստրում կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչվելուց հետո, Լիլյա Ղափլանյանը դիմել եւ կադաստրից ստացել է այդ մասին տեղեկանք ու որպես նոր երեւան եկած հանգամանք՝ վճռաբեկ բողոք բերել վճռաբեկի նախկին որոշման դեմ: Բողոքում հստակորեն պատճառաբանվել է. ՀՀ վարչական դատարանի 26.02.2010թ. վճռով անվավեր է ճանաչվել Երեւան քաղաքի Ներքին Շենգավիթ 8 փողոցի 10/1 տան նկատմամբ Գագիկ Հակոբջանյանի սեփականության հիմք հանդիսացող ժառանգության իրավունքի վկայագիրը, ինչպես նաեւ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության հարկադիր կատարող Գ. Սախոյանի 16.12.2010թ. որոշման հիման վրա անվավեր է ճանաչվել սեփականության իրավունքի պետական գրանցումը, ինչի վերաբերյալ առկա է ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿԱ Էրեբունի ՏՍ-ի 10.02.2011թ. տեղեկանքը, հետեւաբար առկա է նոր երեւան եկած հանգամանք, քանի որ, եթե Գագիկ Հակոբջանյանը նշված տան բաժնի սեփականատեր չի եղել, ապա այդ բաժինը նրա ժառանգական զանգվածի մեջ չի մտել, այն դեպքում, երբ վճռաբեկ դատարանի որոշման մեջ ուղղակի նշված է. «Երեւան քաղաքի Ներքին Շենգավիթ 8 փողոցի 10/1 տան՝ Գագիկ Հակոբջանյանին պատկանող բաժինն ընդգրկված է եղել ժառանգական զանգվածում», որ «հայցվորները ժառանգության մի մասն ընդունելով, ընդունել են նաեւ վեճի առարկա բնակարանի՝ Գագիկ Հակոբջանյանին սեփականության իրավունքով պատկանող բաժինը»:

Ասեմ, որ մեջբերվածը 4 էջանոց վճռաբեկ բողոքի 2 էջ կազմող հիմնավորումների մի հատվածն է միայն եւ դրանում ընդգծված է, թե ինչու այն էական նշանակություն ունի գործի համար: Բողոքում նաեւ հղում է կատարվել Քաղդատօրի 204.32 հոդվածի 4-րդ կետին, որը բողոքի միակ իրավական հիմքն է եւ որի համաձայն՝ նոր երեւան եկած հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե վերացվել է այն վարչական որոշումը, որը հիմք է ծառայել տվյալ վճռի կայացման համար: Վճռաբեկի որոշման կայացման համար հիմք էին հանդիսացել նոտարի կողմից տրված ժառանգության իրավունքի վկայականն ու կադաստրում Գ. Հակոբջանյանի անվամբ սեփականության իրավունքի գրանցումը, որոնք վարչական ակտեր են եւ որոնք վարչական դատարանի վճռով վերացվել էին, ինչն էական նշանակություն ունի գործի համար եւ ակնհայտորեն առկա էր նոր երեւան եկած հանգամանքը: Նման հիմնավորումներով ու պատճառաբանությամբ վճռաբեկ բողոքը վճռաբեկի դատավորներ Ե. Խունդկարյանի (պալատի նախագահ), Մ. Դրմեյանի (զեկուցող դատավոր) եւ մյուս 8 դատավորների կողմից 11.05.2011թ. որոշմամբ վերադարձվել է ընդամենը հետեւյալ նշումով. «Վճռաբեկ բողոքում չեն հիմնավորել նշված որոշմամբ հաստատված հանգամանքների նոր երեւան եկած լինելու եւ սույն գործի համար էական նշանակություն ունենալու փաստը»: Բողոքն ընդհանրապես չէր բերվել հաստատված հանգամանքների հիմքով (Քաղդատօրի 204.32 հոդվածի 1-3-րդ կետեր), այլ բերվել էին դատական ակտի հիմքում դրված վարչական որոշումները (ժառանգության իրավունքի վկայագիրն ու սեփականության իրավունքի պետական գրանցումը) անվավեր ճանաչված լինելու հիմքով (Քաղդատօրի 204.32 հոդվածի 4-րդ կետ), որը բողոքի միակ հիմքն էր, իսկ վճռաբեկը չի նշում այդ մասին, ընդհանրապես վճռաբեկի որոշման մեջ «ժուլիկություն» է արված եւ նշված չէ վճռաբեկ բողոքի միակ իրավական հիմքը՝ Քաղդատօրի 204.32 հոդվածի 4-րդ կետը, դրան որեւէ անդրադարձ չկա: Այդ դեպքում, առանց բողոքում նշված իրավական նորմին հղում կատարելու եւ կիրառելու, առանց այդ նորմը մեկնաբանելու՝ վճռաբեկն ինչպե՞ս է գտել, որ դրանում նշված նոր երեւան եկած հանգամանքն առկա չէ: Ակնհայտ է, չէ՞, որ հերթական ձուկը որսալու համար է վճռաբեկի կողմից ջուրը պղտորվել. բողոքի փաստերի ու իրավական հիմքերի խեղաթյուրմամբ:

Հ. Գ. Հանրապետության նախագահի կողմից օրերս արդեն որերորդ անգամ քննադատվեց դատական համակարգը, փաստելով հանրության անվստահությունը դրա նկատմամբ, բայց դե, խոսք կա, չէ՞, գայլի գլխին լոլո (քարոզ) են կարդում, ասում է՝ շուտ արա, ոչխարը սարն անցավ:

Ինչեւէ, սույն հոդվածի հրապարակմանը զուգահեռ, դիմում է ներկայացվելու ԱԽ նախագահին, որպեսզի վերը նշված դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցվի: Տեսնենք «Զեւսը» կարժանանա՞ «եզի» ճակատագրին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել