Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՆԻ ՈՒ ՆՈՐԻ ԱՐԱՆՔՈՒՄ

Հուլիս 30,2011 00:00

ՀՀ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը երեկ Լոռու մարզպետարանի աշխատակազմին ու մարզի համայնքների ղեկավարներին ներկայացրեց նորանշանակ մարզպետ Արթուր Նալբանդյանին: Ներկա էր նաեւ նախկին մարզպետ Արամ Քոչարյանը:

Փոխվարչապետն ասաց, որ նոր մարզպետը ակտիվ է, գործունյա ու հույս հայտնեց, որ բոլոր ձեռքբերումները, որոնք արձանագրվում են Լոռու մարզի համայնքներում, կշարունակվեն՝ արդյունավետ համագործակցության շնորհիվ: Արամ Քոչարյանին Արմեն Գեւորգյանը շնորհակալություն հայտնեց երկար տարիների համատեղ աշխատանքի համար, որի ժամանակ տարաձայնություններ են եղել, բայց որի արդյունքում շատ խնդիրներ են լուծվել:

Նորանշանակ մարզպետի խոսքը հակիրճ էր. ամեն ինչ կանեն մարզում ծառացած խնդիրների լուծումները օր առաջ գտնելու համար:

Նախկին մարզպետը նկատեց, որ նոր մարզպետը նույն քաղաքական թիմից է, ասել կուզի՝ առողջ սերնդափոխություն է կատարվում: «Արթուր Նալբանդյանը մեր լավագույն համայնքներից մեկի ներկայացուցիչն է, մյուս համայնքի ղեկավարներն էլ իրենց շոյված ու հպարտ պիտի զգան, որ իրենց ընտանիքի միջից ընտրվեց ապագա մարզպետը»,- ասաց Արամ Քոչարյանը:

Լուրերը, թե Արամ Քոչարյանը քաղաքական ինտրիգների ու վարչապետի հետ լուրջ տարաձայնությունների արդյունքում է հեռացել, ըստ Արամ Քոչարյանի, չեն համապատասխանում իրականությանը: Ինքը հեռացել է իր դիմումի համաձայն, քանի որ գերծանրաբեռնվածությունն առողջական խնդիրների պատճառ է դարձել:

Արամ Քոչարյանը նախատեսում է մի երկու ամիս հանգստանալ, հետո՝ մտածել աշխատանքի մասին: Չի բացառում, որ քաղաքականության մեջ կլինի, բայց առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցել չի ցանկանում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել