Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Դատարանը արդարացրել է

Հուլիս 30,2011 00:00

Կադաստրից տուժած իջեւանցին մահացել է

Օրերս 56 տարեկան հասակում վախճանվել է Իջեւան քաղաքի բնակիչ Մեխակ Պողոսյանը: Պողոսյանը տնից զրկվել էր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Իջեւանի տարածքային ստորաբաժանման ղեկավար՝ 50-ամյա Կոլյա Խաչատրյանի գործողությունների հետեւանքով:

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Իջեւանի տարածքային ստորաբաժանման ղեկավար Կոլյա Խաչատրյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին կետով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը):

2010 թվականի նոյեմբերի 30-ին Կոլյա Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել էր քաղաքից չհեռանալու ստորագրությունը: Խնդիրն այն է, որ Կոլյա Խաչատրյանը Նինա եւ Լամարա Խոջումյաններին հատկացրել է անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական՝ 108.8 քմ բնակելի մակերեսով եւ 913 քմ հողամասով, այդ վկայականում ընդգրկվել է նաեւ դեռեւս 1959 թվականից որպես առանձին գույքային միավոր գրանցված, կադաստրային քարտեզում արտացոլված, Իջեւան քաղաքի բնակիչ Մեխակ Պողոսյանին պատկանող Մյասնիկյան փողոցի թիվ 18 տունը: Ըստ մեղադրանքի՝ օրենսդրության պահանջների չպահպանման հետեւանքով Իջեւան քաղաքի բնակիչ Մեխակ Պողոսյանին սեփականության իրավունքից զրկմամբ պատճառել է 6,8 միլիոն դրամի նյութական վնաս: Համաձայն մեղադրական եզրակացության՝ Կոլյա Խաչատրյանը նման վկայական տալով՝ խախտել է «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 15-րդ, 21-րդ, 22-րդ, 41-րդ եւ 43-րդ հոդվածների պահանջները, այլ իրավական ակտեր, Իջեւան քաղաքի Մյասնիկյան փողոցի թիվ 14 տան բնակելի մասերի, ինքնակամ կառուցված մասերի եւ հողամասի համար չի ապահովել ուրվագծերի ճշգրտությունը, չի համեմատել գույքի փաստացի վիճակը կադաստրային գործում առկա կամ դիմումով ներկայացված փաստաթղթերի տվյալների հետ, պարտադիր գրառումներ չի կատարել անշարժ գույքի որակական, քանակական տվյալների փոփոխության կամ համապատասխանության վերաբերյալ:

ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածով Կոլյա Խաչատրյանին սպառնում էր տուգանք՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկում՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով կամ կալանք՝ երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկում՝ առավելագույնը չորս տարի ժամկետով: 2011թ. մարտի 3-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Ռաֆիկ Մելքոնյանն արդարացրեց Կոլյա Խաչատրյանին: Տավուշի մարզի դատախազությունը բողոքարկեց այդ դատավճիռը: Սակայն քրեական գործերով ՀՀ վերաքննիչ դատարանը մերժեց դատախազության վերաքննիչ բողոքը: Դատախազությունը վճռաբեկ դատարան էր դիմել, սակայն վճռաբեկ դատարանը բողոքը չի ընդունել, Կոլյա Խաչատրյանի արդարացման դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ: Ծանր հիվանդ Մեխակ Պողոսյանն այդ վճռով զրկվեց իր տնից, ինչն էլ արագացրեց հիվանդ մարդու մահը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել