Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՊԱՀԱՆՋՎՈՒՄ Է ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Հուլիս 30,2011 00:00

Այս նյութում բացակայում են բոլոր պաշտոնական  աղբյուրների պատասխանները

\"\"«Հիմա մոծակները քի՞չ են՝ մի հատ էլ որոշել են ձկնաբուծական ֆերմա՞ աշխատացնել: Էդ կենդանիները սաղ-սաղ մեզ կուտեն»,- ասում է Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայի բանավանի բնակիչներից մեկը: Նրա մտահոգության առարկան բանավանի շենքերին շատ մոտ, բայց Արարատ գյուղի վարչական տարածքում նոր կառուցված ձկնաբուծական ձեռնարկությունն է, որին բնակիչները տարակուսանքով են վերաբերվում: «Ասում են՝ դրա տերերը որոշել էին ձուկ աճեցնել, բայց փորել են՝ ջուրը աղի է եղել, ձկներն էլ սատկել են: Հիմա էլ որոշել են, որ ծախսած փողը իզուր տեղը ջուրը չընկնի, առողջարան սարքեն»,- ասում է բանավանի մեկ ուրիշ բնակիչ: «Առավոտի» զրուցակիցները նախընտրում էին խոսել առանց ներկայանալու ու այսպես հիմնավորում իրենց պահվածքը. «Փոքր տարածք է, մի հողի մարդ ենք, սաղս իրար ճանաչում ենք, ամոթ չի՝ իմանան ես էս մասին բան եմ ասել»:

Բնակիչներից մեկը գիտի՝ ձկնաբուծական ձեռնարկությունը, ավելի ճիշտ՝ փորված լիճը հիմա լողավազան է ծառայում, տարածքի տղաները գնում են, այնտեղ լողում, զվարճանում: «Դրա տիրոջ քյարը ո՞րն ա»,- զարմանում է նա: Իրեն ավելի տեղեկացված համարող մեկը ասում է, որ դժվար թե լիճը առողջարան լինի՝ «էն էլ էդ տափաստանի մեջ»: «Կողի գյուղերից են ջուր բերելու: Բայց հիմա սեփականատերը երկրում չի: Ախր ի՞նչ եք ուզում իմանալ»,- հարցնում է տեղյակը: Նա սեփականատիրոջը ճանաչում է, բայց խուսափում է նրա մասին որեւէ բան ասել: Մի կերպ նրանից անունն ենք կորզում՝ Միշա, բայց չի ասում, թե սա սեփականատիրոջ փաստաթղթայի՞ն անունն է, թե՝ կարճ, մտերմական: Իսկ ընդհանրապես բանավանի բնակիչներին անչափ հետաքրքրում է՝ իրականում ի՞նչ է կառուցվում, ինչի՞ է «ծառայելու»: Նրանցից շատերը մտածում են՝ աշխատատեղ է լինելու, որոշներն էլ մտահոգվում են՝ ապագայում բնապահպանական խնդիրներ չառաջանան, «առանց այն էլ բնապահպանական խոցելի տարածքում ենք»: Նրանցից ոչ ոք չգիտի էլ, որ ձեռնարկության սեփականատերը՝ ձեռնարկությունը կառուցելուց առաջ պետք է հանրային քննարկում կազմակերպեր եւ շրջակայքում ապրող բնակիչներից տարածքը շահագործելու «թույլտվություն ստանար»: Իրենց իրավունքին առաջին անգամ ծանոթացողները վրդովվում են. «Դաժե հիմա, որ սաղ սարքել են, չգիտենք ինչ ա: Ո՞վ ա մեր իրավունքը հաշվի առնում, որ…»:

«Կանաչների միություն» հ/կ-ի ղեկավար, բնապահպան Հակոբ Սանասարյանը մտածում է, որ կենդանիներին այսօր ավելի մեծ տեղ են տալիս, քան մարդկանց եւ քննադատում ձեռնարկությունների կառուցումը՝ առանց բնակիչների տեղեկացման, հանրային քննարկման: Նա դժվարանում է ասել, թե բնապահպանական տեսակետից որեւէ վնաս կարո՞ղ է հասցնել Արարատ գյուղի տարածքում կառուցված ձկնաբուծական ձեռնարկությունը: Մեզնից տեղեկանալով, որ ջրում ձկները սատկում են, պարոն Սանասարյանն ասաց, որ հնարավոր է ջուրը վնասակար նյութեր պարունակի: «Պետք է նախօրոք այդտեղի ջուրը լաբորատոր ուսումնասիրություն անցներ, պարզեին՝ որքանով է համապատասխան ձկնաբուծության համար»,- ասում է նա ու երբ մեզնից լսում, որ նույն ջրում հիմա երեխաները լողում են՝ զարմանում. «Մի՞թե չեն մտածում՝ եթե ջրում ձուկը սատկում է, կարող է մարդիկ էլ վնասվեն: Ես չգիտեմ՝ որքան է այդ լճակը մոտ այնտեղ գործող Ոսկու կորզման ֆաբրիկային, բայց եթե մի 3 կմ, ապա միգուցե այնտեղի պոչամբարներից արտանետվող վնասակար նյութերից կարող է պարունակել, դրա հետեւանքով էլ ձկները սատկած լինեն»:

Ձեռնարկության, նրա սեփականատիրոջ մասին տեղեկատվությունները փորձեցինք պարզել Արարատ գյուղի գյուղապետարանից: Լիճը, ինչպես ասվեց, այս գյուղի վարչական տարածքում է: Գյուղապետարանի գործավարուհին տեղեկանալով, որ «Առավոտ» օրաթերթից են գյուղապետին «անհանգստացնում», մեղավոր ձայնով ասաց. «Հենց նոր դուրս եկավ, ամբողջ օրը այստեղ էր, աշխատում էր»: Այդ օրը գյուղապետ Գրիշա Մելքոնյանը չվերադարձավ գյուղապետարան, իսկ ես զանգել էի ժամը մոտ 3-ին: Հաջորդ օրը նորից զանգեցի Արարատ գյուղ, ու գյուղապետարանի նույն գործավարուհին, այս անգամ ձայնին կարեւորություն տալով բացատրեց, որ ինչ-որ արտակարգ դրություն է, գյուղից տղաներ են տանում, ինքն էլ է գնացել: Ու էլի հորդոր՝ զանգել վաղը: Հաջորդ օրն էլ զանգեցի: Այս անգամ գյուղապետարանի աշխատակցուհին շատ կտրուկ էր. «Գյուղապետը տեղում չէ»,- ասաց նա: Ե՞րբ կգա՝ չգիտի: Խնդրեցի փոխանցել իմ համարը եւ ասել Գրիշա Մելքոնյանին, որ «Առավոտ» օրաթերթից մի լրագրող էր զանգել եւ ուզում էր հետը խոսել: Բայց Արարատի գյուղապետին այդպես էլ չհետաքրքրեց, թե հատկապես ի՞նչն էր ինձ ստիպել երեք օր անընդմեջ զանգել Արարատի գյուղապետարան, որի հեռախոսահամարը անգամ տեղեկատուներում չկա:

«Առավոտը» նոր կառուցված ձեռնարկության մասին տեղեկություններ փորձեց ստանալ ՀՀ տարածքային կառավարման նախարարությունից: Հասարակայնության հետ կապերի բաժնից ասացին, որ ձեռնարկության լիցենզավորման, սեփականության գրանցման եւ մնացած տեղեկությունների համար պետք է դիմել բնապահպանության նախարարություն: Այս նախարարության նույն՝ հասարակայնության հետ կապերի վարչությունից ասացին, որ խոսեմ Ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետ Ալֆրեդ Ներսիսյանի կամ ջրօգտագործման թույլտվությունների բաժնի պետ Գրիշա Մուրադյանի հետ: Առաջինն աշխատավայրից դուրս էր եկել եւ այդ օրը չէր վերադառնալու, իսկ երկրորդն ասաց՝ 10 րոպե հետո զանգեմ: Զանգերիս այդպես էլ ոչ ոք չպատասխանեց ու այդպես էլ չիմացանք՝ հիմա Արարատ գյուղի ու Ոսկու կորզման ֆաբրիկայի բանավանի մատույցներում ձո՞ւկ են բուծելու, թե՞ մարդ բուժելու:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել