Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Պրոֆեսիոնալ եւ հայատառ մամուլի անկում

Հուլիս 30,2011 00:00

«Օրեր» համաեվրոպական ամսագրի խմբագիր  Հակոբ Ասատրյանի դիտարկումները

Չեխիայի մայրաքաղաք Պրահայում «Կովկաս-Արեւելյան Եվրոպա» լրատվական կենտրոնի նախաձեռնությամբ 1999 թվականից լույս է տեսնում «Օրեր» համաեվրոպական հայալեզու ամսագիրը. հիմնադիրը եւ գլխավոր խմբագիրը «Կովկաս-Արեւելյան Եվրոպա» լրատվական կենտրոնի տնօրեն Հակոբ Ասատրյանն է:

Այս օրերին ամսագրի խմբագիրը Հայաստանում է: Առիթը ամսագրի՝ հայկական մամուլին նվիրված հատուկ համարի ներկայացումն էր Երեւանում:

Երեկ Հ. Ասատրյանը լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց ամսագրի հատուկ համարն ու խոսեց հայկական մամուլի արդի խնդիրների մասին:

Ըստ խմբագրի, «Օրեր» ամսագիրը անկախ մամուլ է եւ որեւէ կուսակցության եւ իշխանավորի չի պատկանում. «Օրերը» երբեք չի սահմանափակվել Չեխիայում ապրող հայության խնդիրներով: Փորձում ենք ամբողջ Եվրոպայի հայության քաղաքական, մշակութային, հասարակական, մարզական միջոցառումներին անդրադառնալ, ինչպես նաեւ Հայաստան-Եվրոպա հարաբերություններին:

Քանի որ այս տարի Հայաստանը նշում է իր անկախության 20-ամյակը, որոշեցինք թեմատիկ համարներ թողարկել: Մեկ համար նվիրեցինք սփյուռքահայ գրականության ճանաչված եւ չճանաչված դեմքերին, մեկ այլ համար՝ արվեստին: Բայց ամենակարեւորը բոլորիս համար հայ մամուլին եւ խոսքի ազատությանը նվիրված համարն էր: Համարը պատրաստելիս բոլորիս համար վեր հանվեցին հայ մամուլում առկա խնդիրները, անցած 20 տարիների ընթացքում ունեցած ձեռքբերումներն ու բացթողումները, խոսքի ազատության մակարդակը: Պարզվում է՝ Հայաստանում տպագիր մամուլը քիչ թե շատ ազատ է՝ ի տարբերություն հեռուստատեսության, որտեղ ազատ խոսք բացարձակ չկա: Խոսքի ազատությունը պահպանվում է հիմնականում կայքէջերում: Ակտիվ մրցակցություն է գնում կայքէջերի եւ տպագիր մամուլի՝ օրաթերթերի միջեւ»:

Հ. Ասատրյանը պնդում է, որ վստահության անկման պատճառը պրոֆեսիոնալ լրագրողների պակասն է. «Վերջին տարիներին պրոֆեսիոնալ լրագրության մակարդակի անկում կա: Լրագրողները պատրաստված չեն: Զարմանում ես, թե ինչ հարցեր են տալիս հարցազրույց անցկացնելիս, օրինակ՝ լրագրողը հայտնի ռեժիսորին կարող է հարցնել՝ ինչպե՞ս է ձեր շունը… Իրական օրինակ եմ բերում, լսել եմ «Ոսկե ծիրանի» ասուլիսների ժամանակ»:

Խմբագիրը դժգոհեց, որ թե հայաստանյան եւ թե սփյուռքյան մամուլում հրապարակախոսական, քարոզչական հոդվածները, հաղորդումները բացակայում են. «Կա արբանյակով հեռարձակվող 5 հեռուստաընկերություն, բայց արբանյակի վրա անգամ մեկ րոպեանոց, թեկուզ՝ օտար լեզվով, Հայաստանը ներկայացնող որեւէ հաղորդում, քաղաքական անցուդարձի, մշակույթի, պատմության կամ հայության հետ կապված քարոզչական հաղորդաշար չկա: Միայն անճաշակ սերիալներ են ու գովազդ»: Բանախոսը գտնում է, որ Հայաստանի եւ Սփյուռքի լրատվամիջոցների միջեւ կապը թույլ է. «Անձնական կապերի միջոցով են միայն որոշ թերթեր եւ կայքէջեր միմյանց հետ համագործակցում: Մի տեսակ երկրորդական, երրորդական հայացք է նկատվում հայաստանյան լրատվամիջոցների կողմից սփյուռքյան խնդիրներին: Առնվազն քո խնդրով պետք է գնաս տվյալ լրատվամիջոցի խմբագրի մոտ, որ լուսաբանեն»:

Մամուլի արդի խնդիրների շարքում Հ. Ասատրյանը ընդգծեց նաեւ Սփյուռքում հայատառ մամուլի անկումը. «Օրինակ՝ Ֆրանսիայում բոլոր հայկական լրատվամիջոցները ֆրանսերեն են: Եվ ֆրանսահայ համայնքը պարտավոր է ֆրանսերեն կարդալ հայերի կամ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների մասին: Եվրոպական սփյուռքում 2 միլիոն հայ է բնակվում, եւ նրանց ծառայում է ընդամենը մի քանի հայատառ պարբերական: Այս պատճառով էլ Սփյուռքի հայատառ մամուլի վիճակը շատ ծանր է. գոյապայքարի մեջ ենք: Հայատառ տպագիր մամուլի վիճակն ավելի ծանրացրին հայկական լրատվական կայքէջերը, որոնք անվճար հասանելի են բոլորին: Այս իմաստով շատերն ուղղակի այլեւս չեն ցանկանում բաժանորդագրվել: Ուրիշ բան է, երբ տանը ստանում ես թերթ, եւ քո երեխան կարող է վերցնել-թերթել եւ փորձել մեկ հոդված գոնե հայերեն կարդալ, մեկ այլ բան է, որ բարձիթողի երեխան կայքէջ բացի: Այս իմաստով հայերենը մղվում է երրորդ-չորրորդ պլան: Այնպես որ՝ բացի տեղեկատվություն տրամադրելուց, հայատառ մամուլը հայերենի պահպանման նպատակ ունի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել